Aravot.am-ը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանից հետաքրքրվեց՝ ապրիլի 1-ն ընդհանրապես տոն ընկալո՞ւմ է, թե՞ ոչ, եւ խնդրեց հիշել ամենաթարմ անեկդոտը, որ լսել է, կամ պատմությունը, որ կատարվել է:
«Աստղագետների մոտ հաճախ են զվարճալի պատմություններ լինում: Ահա մեկը` մեր շատ հայտնի ֆրանսահայ աստղագետ Հակոբ Թերզանի (լուսանկարում) հետ կապված: Նա Ֆրանսիայի նշանավոր աստղագետներից է և բազմաթիվ հայտնագործություններ է կատարել Վերին Պրովանսի աստղադիտարանի` Ֆրանսիայի ամենամեծ, աստղադիտակներով:
Երբ Հակոբ Թերզանը նոր էր Թուրքիայից տեղափոխվել Ֆրանսիա, ֆրանսերեն մի փոքր ակցենտով էր խոսում: Աշխատանքի էր ընդունվել Լիոնի աստղադիտարանում և դիտումների համար առաջին անգամ պետք է մեկներ Լիոնից քիչ դեպի հարավ-արևմուտք գտնվող Վերին Պրովանսի աստղադիտարանը: Ժամանելով աստղադիտարան, ներկայանում է գրասենյակ` քարտուղարուհուն ասելով, որ ինքը Թերզանն է, գիտաշխատող՝ Լիոնից: Ֆրանսերենում «գիտաշխատող» (chercheur) և «որսորդ» (chasseur) բառերը նման են հնչում, մանավանդ եթե մի փոքր սխալ արտասանես: Իսկ ֆրանսերեն առյուծ «լիոն» է հնչում, ինչպես և Լիոն քաղաքը: Ապշած քարտուղարուհին հասկանում է թե` «ես առյուծների որսորդ Տարզանն եմ»: Քիչ է մնում ոստիկանություն կանչեն և Թերզանին վտարեն աստղադիտարանից, մտածելով, որ իրենց ծաղրում է կամ էլ մի բան այն չէ այս մարդու հետ: Ի վերջո, հայտնվում է ինչ-որ մեկը, ով ճանաչում է Թերզանին, և միջադեպը հարթվում է»,-հիշեց պարոն Միքայելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ