Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սխալվում ես, կար ժամանակ, որ Գորիսում 3 հոգի էին գալիս»

Ապրիլ 01,2013 13:46

«Ես քեզ տելեվիզորով տեսնում եմ՝ ուրախանում եմ»,- քիչ առաջ Գորիսում այսպես դիմավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին մի բնակիչ: Գորիսեցիներից մեկն էլ հրավիրեց «Ժառանգության» առաջնորդին իրենց տուն: Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ բակ, շրջեց տարածքով, շնորհակալություն հայտնեց եւ գորիսեցու բակում պատասխանեց լրագրողների հարցերին:

Նշենք, որ Գորիսում հանդիպում չկայացավ: Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի պես շրջեց փողոցներում, բարեւեց,  կոչ արեց չվախենալ եւ վստահեցրեց, որ ինքը գորիսեցիների հետ է:

«Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում լրագրողի հարցին, թե ի՞նչ փոփոխություն եք զգում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոգու փոփոխություն»: Դիտարկմանը, որ այս անգամ կարծես թե ավելի քիչ գորիսեցիներ են հավաքվել, քան նախորդ անգամ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց. «Ոչ, սխալվում ես: Գորիսում քիչ են հավաքվում, բայց մարդիկ մայթերում են կանգնած, շրջագծերում: Գորիսը վախով ապրող քաղաքներից մեկն է: Հիմա դուրս է գալիս վախից: Սա մեծ փոփոխություն է, որովհետեւ կար ժամանակ, որ Գորիսում 3 հոգի էին գալիս»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին Սերժ Սարգսյանի հետ նամակագրությունից: Հարցին՝ փակուղային չէ՞ վիճակը՝ նա պատասխանեց. «Ես չէի ասի, որ փակուղային է»:

Նա նաեւ հորդորեց, որ ով քաջ է, ով ունի դույզն-ինչ տղամարդկություն, պետք է ամբիոններից չկեղծի:

Խոսելով այս ընթացքում քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի պահվածքից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ՀՅԴ-ն, որը շարժման առաջին օրերից միացել է, կթարմացնի եւ կվերահաստատի իր դիրքորոշումը ժողովրդի կողքին լինելու մասին. «ՀԱԿ-ի առաջնորդը՝ առաջին նախագահը շատ հստակ ասել է ժողովրդի կողքին լինելու մասին, Վարդան Օսկանյանը մի փոքր այլ՝ ավելի քաղաքացիական տեսակետ է ներկայացնում ընդհանուր կուսակցության հետ համեմատած: Բոլոր դեպքերում ես ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ էլ հավատաքննիչ եմ: Ամեն մեկը կարող է միանալ իր ցանկացած եղանակով»:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, Սյունիքը, ի հեճուկս ճնշումների, չնայած շատերը համարում էին, որ Զանգեզուրը իրենց սեփականությունն է, փետրվարի 18-ին ասացին՝ ոչ. «Ընդգծված է Գորիսի վախը: Ինչպես նաեւ Գեղարքունիքը, որտեղ թիկունքով են ինձ բարեւում, բայց ես կարծում եմ, որ ժողովրդի մեջ քաղաքացիական, ազգային կամք կա»: Նա վստահ է, որ գործող իշխանությունները եւ գործող մարզպետը այդ տարածքներում վախ են սփռել:

Րաֆֆի Հովհաննիսյանը Գորիսում վստահեցրեց, որ իրենք 1 անգամ եւ քարոզարշավների համար չէ, որ գալիս է. «Մենք գալու ենք միշտ, որովհետեւ մեզ է պատկանում այս մարզը եւ այս հանրապետությունը: Կհասնենք այն բանին, որ Սյունիքը հետ կվերցնի առաջատարի իր դերակատարումը ոչ միայն պատերազմում, այլ խաղաղության կերտմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930