Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ-ի ֆինանսների նոր նախարարին

Ապրիլ 01,2013 12:45

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը անցած շաբաթ նամակով դիմել է Միացյալ Նահանգների ֆինանսների նորանշանակ նախարար Ջեյքոբ Լյուին` վերստին բարձրաձայնելով այն հարցը, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ նոր պայմանագիր կնքել:

Այս ոլորտը կարգավորվում է 1973 թվականին Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ կնքված մի պայմանագրով եւ չի նորացվել, չնայած ԽՍՀՄ-ը արդեն վաղուց գոյութուն չունի:

«Ներկայումս հստակության բացակայությունը բերում է անորոշության, հնարավոր  ծախսերի եւ նոր ռիսկերի, եւ խոչընդոտ է հանդիսանում ամերիկյան ներդրողների համար», – գրել է Խաչիկյանը:

The California Courier թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանը կարծում է, որ հարցը շուտով դրական լուծում կստանա, սակայն ոչ այն պատճառով, որ ֆինանսների նոր նախարար է նշանակվել:

«Իմ կարծիքով, Ամերիկայի կառավարությունը պետք է դրական պատասխան տա այս հարցին` ոչ թե որովհետեւ նոր նախարար է նշանակվել, որովհետեւ նոր նախարարը չի փոխում Ամերիկայի քաղաքականությունը, բայց պիտի փոխեն այս պայմանագիրը, որովհետեւ ժամանակը հասունացել է, եւ սա դրական քայլ կլինի Ամերիկայի կողմից Հայաստանի վերաբերյալ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սասունյանը` շարունակելով. – «Որովհետեւ կան շատ քաղաքական հարցեր, Ամերիկյան կառվարությունը դրական չի պատասխանում, օրինակ, ցեղասպանության վերաբերյալ, Արցախի վերաբերյալ, սահմանների վերաբերյալ եւ այլն, բայց այլ` ավելի մեղմ հարցերի մեջ ուզում են դրական պատասխանել, որ ամեն ինչում ոչ չասեն մեզ»:

«Սա անվնաս մի բան է, տնտեսական հարց է, որ բարելավում է, քաջալերում է  հարաբերությունները Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ», – կարծում է Հարութ Սասունյանը:

Տաթեւիկ ԼԱԶԱՐՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930