Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի՝ ծառայակցին մարտական հենակետում գնդակահարելու համար

Ապրիլ 01,2013 12:38

Մարտի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») Հրազդան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Իգնատ Ենգիբարյանին դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Դատարանն ապացուցված է համարել այն, որ Ի. Ենգիբարյանը հանդիսանալով ժամկետային զինծառայող, զորամասի հրաձգային գումարտակի հրաձիգ, կոչումով շարքային, 2012 թ. փետրվարի 23-ին որպես դիտորդ նշանակված լինելով «Հակոբասար» մարտական հենակետի կրակակետում, համածառայող Ալբերտ Ադիբեկյանի կողմից իր նկատմամբ դրսեւորված նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու նպատակով լիցքավորել է իր հաստիքային «ԱԿՄ» ինքնաձիգը, դրա ապահովիչը դրել մենահատ կրակի ռեժիմում, աննկատ մոտեցել հարեւանությամբ գտնվող կրակակետին եւ մոտ 4 մ հեռավորությունից մեկ փամփուշտ կրակել այդ կրակակետի քարաշեն պատի մոտ,իր նկատմամբ թիկունքով կանգնած Ա. Ադիբեկյանի գլխի շրջանում:

Դատաքննության ընթացքում Ենգիբարյանը չի ընդունել իր մեղքը, ասելով, որ իր եւ Ադիբեկյանի հարաբերությունները նորմալ են եղել, վերջինս իր հետ կատակներ է արել, սակայն ինքը դրանցից չի վիրավորվել:

Սակայն դատարանը հետազոտելով քրեական գործի ապացույցները՝ հանգել է հետեւության,որ Ենգիբարյանն այդ կերպ փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից:

Ենգիբարյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ ինքը եւ Ադիբեկյանը միասին են զորակոչվել, Ադիբեկյանը որոշակի հեղինակություն է ունեցել զինվորների շրջանում. զինվորների մի մասը Ադիբեկյանին հարգել է, մյուս մասը` նրանից վախեցել: Ճաշարանի վերակարգի ժամանակ Ադիբեկյանը նշանակվել է ճաշարանի հերթապահի օգնական եւ Ենգիբարյանին հանձնարարել ամենադժվար աշխատանքները՝ սպասք լվանալ եւ բանջարեղեն մաքրել: Ադիբեկյանը զինվորների ներկայությամբ վիրավորանքներ է հասցրել Ենգիբարյանին,մի անգամ էլ շարք կանգնելուց ուշանալու համար՝ նրան ապտակել: Ադիբեկյանը ծաղրել է Ենգիբարյանին՝ նրան կոչելով՝ Ինգուլիկ կամ Ստեփան: Մարտական հենակետում Ադիբեկյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ենգիբարյանին,հանձնարարել իր համար սուրճ եփել, վերջինս էլ առանց հակաճառելու կատարել է նրա հանձնարարությունները:

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մարտի 12-ին դատավճիռ է կայացրել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Վահե Սիմոնյանի նկատմամբ: Վերջինս հանդիսանալով ժամկետային զինծառայող, 2012թ. փետրվարի 23-ին, ժամը 07.45-ի սահմաններում «Հակոբասար» մարտական հենակետում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ քնից արթնացնելու կապակցությամբ հայհոյել ու բռնություն է գործադրել, ոտքով հարվածել է նույն հենակետում ծառայության նշանակված ժամկետային զինծառայող Իգնատ Ենգիբարյանին:

Դատարանը Վահե Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով ( «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում») դատապարտել է մեկ ամսով կալանքի, եւ որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ այդ պատիժը ժամանակավորապես չկիրառել եւ սահմանել մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930