Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը «պլան է կատարում» և շարունակում խոշտանգումները

Ապրիլ 01,2013 12:23

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն (ՆՀԿ) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) ներկայացրել են միջանկյալ այլընտրանքային զեկույց, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2010 թ. մայիսին կատարված և Հայաստանի Համընդհանուր պարբերական վերանայման զեկույցին վերաբերող հանձնարարականների շրջանակներում։

Զեկույցում ներկայացված է Հայաստանի իրավական համակարգը և պետական մարմինների կիրառման պրակտիկան։ Զեկույցում մասնավորապես նշված է. «Ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման պրակտիկան չի նվազում: Իրենց հերթին, տուժողները չեն հայտնում ոստիկանության կողմից կիրառվող խոշտանգումների մասին ` վախենալով վրեժխնդրությունից, իսկ խոշտանգողները մնում են անպատիժ»:

Aravot.am-ի հետ զրուցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ իրենց ուսումնասիրություններն էլ են նույն երևույթի մասին վկայում: Խոսելով պատճառների մասին՝ նա ասաց. «Հիմնական պատճառը նրանում է, որ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերով հաղոդումները պատշաճ քննության չեն արժանանում ՀՔԾ-ի կողմից, դատարանները նույնպես իրավական գնահատական չեն տալիս այդ վատ վերաբերմունքի դեպքերին: Մյուսը կառուցվածքային խնդիր է: Գոյություն ունի ոստիկանության ներքին անվտանգության ծառայություն, որը ծառայողական քննություն է իրականացնում ոստիկանների գործողությունների նկատմամբ՝ քաղաքացիների դիմումների ուղղությամբ: Դա ոստիկանության ստորաբաժանում է, ինչը նշանակում է, որ անկախ բողոքարկման մեխանիզմ գոյություն չունի: Այս հարցում դատախազությունն էլ կարևոր դերակատարություն ունի, որը նմանատիպ գործերի նկատմամբ քննություն է իրականացնում և պաշտաճ ուշադրություն չի դարձնում»:

Հետաքրքրվեցինք՝ իրավիճակի բարելավմանը չի նպաստում անգամ այն, որ հասարակության շրջանում ոստիկանության նկատմամբ սեր սերմանելու արշա՞վ է սկսվել: Նույնիսկ տեսահոլովակներ են նկարահանվում: Ա. Սաքունցը այս առիթով հիշեց ոստիկանության օպերլիազոր Սամվել Տոնոյանի և Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գործերը, երբ ոստիկանը ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորման համար ոչ թե պատժվում, այլ խրախուսվում է պաշտոնի բարձրացմամբ: Այնուհետև նկատեց. «Ոստիկանության իրական ու հրապարակայնացվող գործողությունների միջև մեծ խզումը փաստ է, և այդ տեսանկյունից գովազդային հոլովակներն ավելի շատ ոչ թե գովազդային են,այլ բոլորովին այլ բովանդակություն ունեն: Ուստի դա չի կարող վստահություն բարձրացնել, ընդհակառակը, համակարգի նկատմամբ անվստահությունն ավելի է խորանում: Իհարկե, համակարգում որոշ կոսմետիկ փոփոխություններ կան: Օրինակ՝ հասարակական կարգի պահպանության մեջ ընդգրկվում են կանայք, որը առաջին հայացքից կարևոր է: Բայց երբ պիկետներ, կամ երթեր են կազմակերպվում, որտեղ մեծ մասը աղջիկներ են, ուղեկցող ոստիկանների թվում գոնե մեկ աղջիկ էլ չկա, և ուժի անհամաչափ ցուցադրություն է տեղի ունենում: Այս դեպքերում ոստիկանությունն իր գործողություններում ուժը ցուցադրելու տեսանկյունից է մոտենում, և գովազդային հոլովակներն էական ազդեցություն ունենալ չեն կարող»:

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը ևս դրական տեղաշարժ չի տեսնում: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Դա երևի թե գալիս է անպատժելիությունից: Երևի թե իշխանությանը ձեռնտու է, որ լինի այդ վիճակը, որ ոստիկանությունը լինի գործիք իշխանության ձեռքում՝ որոշներին պատժելու համար: Մյուս կողմից էլ ոստիկանությունից պահանջում են թվերով զեկույցներ: Թե իրականության տակ ինչ կա, որևէ մեկին դա չի հետաքրքրում: Արդյունքում մեղադրանք է առաջադրվում մարդկանց, որոնք հանցագործության հետ որևէ առնչություն չունեն: Սովետական տոկոսներով պլան կատարելու քաղաքականություն են վարում, ինչպես նաև քաղաքական պատվեր կատարում, դրա վառ օրինակն են Արշալույս Հակոբյանի, Արման Վեզիրյանի, մարտի 1-ի գործերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930