«Դուք կարող եք բացել իմ ասածը եւ այնտեղ կգտնեք շատ հստակ մի բան, որ այս ստադուլը , որ վերջին շաբաթը դարձավ ծոմ, անժամկետ է, եւ ես ինքս կորոշեմ հանգրվանի ավարտը: Ես երբեւէ չեմ կապել այս հանգրվանի ավարտը ապրիլ 9-ի հետ… Չարակամ է, սխալ է եւ հերյուրանք է, որ հիմա դուք ձեր հարցով կրկնում եք այն պնդումները, որի հղումը դուք եք անում, որպես ձեր հարցի հիմք, որ ես երբեւէ կապել եմ այս հանգրվանը ապրիլի 9-ի հետ: Անժամկետ էր, կարող է գնալ ապրիլի 9-ից այն կողմ, եւ ինձ համար շատ դյուրին է, հիմա ես կգնամ շատ երկար: Բայց ես որոշեցի, նաեւ իմ խոսքի տերը լինելով, իմ որոշմամբ, նաեւ Սուրբ զատկվա առթիվ ավարտել այս հանգրվանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ դադարեցրեց հացադուլը՝ չսպասելով մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանին ինքնաբացարկ ներկայացնելու իր տված վերջնաժամկետին:
Հիշեցնենք, որ պարոն Հովհաննիսյանը մարտի 10-ի հանրահավաքում, երբ հայտարարեց հացադուլ՝ ասել էր. «Մինչեւ սիրո, տղամարդկության, մարդկայնության եւ իմաստության պահը ես հայտարարում եմ մեր հրապարակում ոչ թե իմ հացադուլը, այլ իմ կեղծիքադուլը, վախադուլը եւ ստադուլը: Եվ քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի համար, մեր ժողովրդի, իր թոռնիկների ապագայի համար, մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու… Մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջով եւ արդար քվեով պիտի ինքնաբացարկ տա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ