3- 5 տարեկան երեխաներին պետք է որոշակի տեղեկություններ հաղորդել փողի մասին: Այս կարծիքին է հոգեբան Աննա Վարդանյանը: Բոլոր ծնողների անհանգստությանը, թե արդյոք իրենց փոքրիկներին պետք է հնարավորինս հեռու պահել փողի իշխանությունից, հոգեբանը տալիս է սպառիչ պատասխաններ: «Երեխաները, իրերի հետ շփվելով, ուսումնասիրություններ կատարելով են ճանաչում աշխարհը, բնական է, որ տարիքի հետ զուգահեռ հետաքրքրվում են ֆինանսական ոլորտի մասին: Այդ հարցում առաջին քայլերը կատարվում են սովորաբար 3- 5 տարեկան երեխաների շրջանում, իսկ նրանց հիասթափեցնել չի կարելի, անհրաժեշտ է, որ ծնողը աջակցի երեխային»,-ասում է նա:
Հոգեբանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ երեխան անձամբ գաղափար կազմի առևտրական ոլորտի մասին, խրախուսելի է, օրինակ՝ խանութում կամ երթուղայինում փոքրիկը անձամբ գումարը փոխանցի վաճառողին կամ վարորդին:
Սովորաբար փոքրիկները ծնողներին խնդրում են գնել այս կամ այն առարկան, նույնիսկ երբ այդ իրերի անհրաժեշտությունը չեն զգում, սակայն մերժում չեն հանդուրժում: Քչերն են գիտակցում, թե ինչ գնով են ծնողները վճարում դրանց դիմաց: Պատահում է նաև, որ փոքրիկն ինքն է գումար պահանջում ծնողից՝ միայնակ գնումներ անելու նպատակով: Այդ դեպքում հարց է առաջանում, տա՞լ նրան այդ գումարը, թե` ոչ. «Սովորաբար երեխային կարելի է ծախսելու գումար տալ 6 տարեկանից սկսած, սակայն այն պետք է լինի արդարացված, ծնողը պետք է բացատրի, թե որն է վարձատրության նպատակը»,-ասում է նա: Հավելում է՝ երեխային չի կարելի հարցուփորձ անել, թե ինչպես, ինչքան ժամանակում է ծախսել գումարը կամ ետ վերցնել այն նրանից:
Գրեթե բոլորն էլ երեխա ժամանակ ունեցել են դրամարկղեր: Հոգեբանը դա խրախուսելի միջոց է համարում. այդպես փոքրիկը կսովորի խնայողություններ անել և իր սեփական գումարով ինչ-որ մի բան գնել՝ կամաց-կամաց հասկանալով փողի էությունը:
Երբեմն ծնողները վարձատրում են իրենց երեխաներին դպրոցում բարձր առաջադիմության կամ լավ վարքի դիմաց: 26-ամյա տիկին Ռիտան ասում է. «Հիմա երեխաներին միայն փողով ու տեխնիկայով կարող ես սիրաշահել, իսկ մեր ժամանակ կոնֆետը լրիվ բավարար էր: Արմանչիկիս հեծանիվ գնեցի, որպեսզի հաճախի դասերի, առաջին դասարանում է սովորում, սկզբում չէր ուզում դասի գնալ, իսկ յուրաքանչյուր բարձր թվանշանի համար 500 դրամ եմ տալիս»,-ասում է նա:
Հոգեբանը, սակայն, սխալ է համարում պատժի կամ խրախուսանքի ձևով երեխային գումար տալը. «Քաղցրավենիք տալը նորմալ է համարվում, բայց երեխային չպետք է վերածել «ագահի»,-ասում է նա:
Աննա Վարդանյանի խոսքով՝ երեխաներին տրվող գումարը կարող է աճել նրանց տարիքին զուգահեռ: Ծնողը պետք է անկեղծ լինի երեխայի հետ՝ հաշվի առնելով նրա տարիքն ու անհատականությունը, թե ինչպես երեխան կընկալի փողի էությունը, ինչն է էժան, ինչը ոչ և այլն. «Սովորաբար այն երեխաները, որոնց ծնողները չեն թողնում, ինչ-որ բանի պակաս զգան և հեռու են պահում առօրյա հոգսերից, մեծանալուն պես չեն կարողանում համակերպվել իրականությանը և սթրեսային կյանքով են ապրում, իսկ այն փոքրիկներն , ովքեր մանկուց ծանոթ են լինում իրերին այնպես, ինչպես որ իրականում կան, ավելի ինքնուրույն են լինում»:
Նազենի Բաղդասարյան