«Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո, շարժման պայքարը թուլացա՞վ, թե ավելի ուժեղացավ կերեւա ապրիլի 9-ին»,- վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանի պայքարի ընտրած մեթոդները՝ հացադուլը, նամակները ուղղված Սերժ Սարգսյանին…. քաղաքական տարբեր գործիչներ քննադատում են եւ համարում չափազանց մեղմ հաջողության հասնելու համար՝ պնդելով, որ իշխանությունը նվաճվում է:
Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, հացադուլից դուրս գալու որոշումը արդյոք վկայում է այն մասին, որ «Ժառանգությունը» եւս եկել է այդ համոզմանը, որ հաջողությունների հասնելու համար պետք չեն մեղմ մեթոդներ:
Ի պատասխան, պարոն Մարտիրոսյանը հարցրեց. «Եթե հղում անեք, ովքեր են նվաճելու մասին խոսք ասում, կփորձեմ մեկնաբանել… այսինքն քաղաքական ուժեր, որոնք հեռավորությունից խորհուրդներ են տալիս: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները, որոնք այսօր ելել են պայքարի Ազատության հրապարակում, մեր հայրենիքի տարբեր ազատության հրապարակներում, իրենք են, որ առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պետք է որոշեն՝ պայքարի ինչ ուղի են ընտրում: Մնացած խորհրդատուները, որպես գործընկերներ կարող են խորհուրդ տալ, բայց կարծում եմ՝ որոշողը այդ երկու սուբյեկտները պետք է լինեն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ինչպես են իշխանություններին համոզելու կամ ստիպելու հաշվի նստել իրենց ներկայացրած առաջարկների հետ եւ բավարարել դրանք, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Մենք շատ ժամանակ չունենք այդ ամենը տեսնելու համար, միասին կտեսեննք: Պարզ է, բայց միասին կտեսնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ