Նա հորդորում է նորից կարդալ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ հացադուլի մասին
Ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը, սոցցանցերում եւ մամուլում բուռն քննարկվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքից ետ է կանգնում. հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 9-ը հացադուլը շարունակելու է, բայց դադարեցնում է:
Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից: Նրա պարզաբանմամբ՝ «Նախ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր ստադուլ, կեղծիքադուլ: Հացադուլ բառն ինքը չի օգտագործել: Եվ հետո, նա երբեք չի ասել, որ շարունակելու է հացադուլը մինչեւ ապրիլի 9-ը: Հաց չուտելը երբեք չի կապել կոնկրետ ապրիլի 9-ի հետ: Նա երբ հայտարարում էր ստադուլը, կեղծիքադուլը, որեւէ ժամկետ չէր ասում: Ովքեր ասում են, որ նա հայտարարել է, թե մինչեւ ապրիլի 9-ը պետք է հացադուլ անի, վստահեցնում եմ՝ ինքը այդպիսի բան չի ասել: Թող ուշադիր կարդան, նայեն նրա հայտարարությունը: Միայն այս վերջին շաբաթվա համար ինքը հայտարարել էր ծոմ՝ որպես Զատիկի վերջին շաբաթը, իսկ Ավագ շաբաթից հետո՝ կիրակի օրը ինքը դուրս է գալու ծոմից»:
Հովսեփ Խուրշուդյանը նաեւ ասաց, որ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, թե՛ ժողովուրդը իրեն բազմիցս հորդորել են, որ դադարեցնի հացադուլը: Բայց ի պատասխան՝ նա մշտապես ասել է, որ ի՛նքն է որոշելու, երբ է փոխելու մյուս հանգրվանը: Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով՝ «Ամեն դեպքում մենք բոլորս ուրախ ենք,որ ինքը դուրս եկավ հացադուլից, որպեսզի կարողանա ավելի ակտիվ կերպով ծավալել պայքարը եւ գնա ապրիլի 9-ին ընդառաջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ