Վերջին մի քանի օրերին համացանցում բուռն արձագանք էր գտել Զեմֆիրայի՝ հայաստանյան համերգի մասին տարածված լուրը: Լուրի ճշտությունը փորձել է պարզել News.am Style-ը:
«Եթե ամեն ինչ ստացվի, Զեմֆիրան մեզ կայցելի սեպտեմբերին եւ ելույթ կունենա կա՛մ Orange փառատոնի շրջանակում, կա՛մ Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում հանգես կգա համերգով: Եթե մարդիկ, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, դադարեն անիվների մեջ սեպ խրել, շատ շուտով Զեմֆիրային կտեսնենք Երեւանում…», – ասել է համերգի կազմակերպիչը՝ խնդրելով առայժմ չհրապարակել իր անունը:
Արդեն հայտնի է, թե «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին ո՞ր համարի ներքո է ելույթ ունենալու մեր մասնակից Գոռ Սուջյանը: Մարտի 28-ին կայացած եվրատեսիլյան վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ Գոռ Սուջյանը երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգա 11-րդ համարի ներքո, գրել է mamul.am-ը: Հիշեցնենք, որ Գոռը «Դորիանս» խմբի հետ կներկայացնի «Lonely planet» երգը:
Աշխարհառչակ երգիչ, մեր հայրենակից Սերժ Թանկյանը վերջերս ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը, այս մասին երգիչը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Վերջերս ձայնագրել եմ հայերեն մի գեղեցիկ երգ՝ Կոմիտասի «Գարուն ա»-ն, Տիգրան Համասյանի դաշնամուրի նվագակցմամբ: Ուզում եմ այն նվիրել բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պայքարում են պոզիտիվ փոփոխությունների համար»:
Շուտով «Մի քանի հոգի» կոչվող նախագծի շրջանակներում ալբոմ կթողարկեն Սերժոն Ռոլանդ Գասպարյանը, A.Chilla-ն և Ֆելիքս Խաչատրյանը: Խոսելով «Մի քանի հոգու» ձեւաչափի մասին` նախագծի մենեջեր Գալուստ Ստեփանյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ թիմում աշխատում են երաժշտական տարբեր ոճերի ներկայացուցիչներ եւ գաղափարախոսական երաժշտություն պրոպագանդում երիտասարդների շրջանում:
«Ռեինկարնացիա» ռեգգի-բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն էլ հայտնել է, որ նախագիծը մեկնարկել է մեկ տարի առաջ». «Մի քանի հոգին» տարբեր ու համ էլ նույն գաղափարախոսությունն ունեցող մի քանի հոգուց բաղկացած ոչ սովորական նախագիծ է: Հենց սկզբից էլ մենք նպատակ չենք ունեցել շուտ-շուտ ինչ-որ բան ներկայացնել. շատ հանգիստ աշխատել ենք նախագծի վրա ու այսօր ձայնասկավառակի տեսքով ստանում ենք արդյունքը»,- ասել է երգիչը:
Շաբաթվա պրեմիերաները՝ Էրիկ «Երանի իմանամ», Իվետա Մուկուչյան «I’m telling you», Նարեկ (Մեծ Հայք) և Ալիկ «Սլանում եմ», Գարիկ «Proposal of six years old»:
Տիգրանուհի Թասլակյան