Ապրիլի 1-ին թռչունների միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը եւ Հայաստանի թռչունների միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը:
Հայաստանը, լինելով թռչունների կենսաբազմազանությամբ հարուստ երկիր, պետական մակարդակով չի զբաղվում դրանց պահպանությամբ, մինչդեռ եթե Եվրոպայում հայտնի է գրանցված շուրջ հինգ հարյուր տեսակ թռչուն, ապա այդ թիվը Հայաստանում հասնում է երեք հարյուր հիսուներկուսի:
Հայաստանի թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը նշում է, որ չնայած կան թռչունների պահպանության մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներ, սակայն մեզ մոտ այդ հարցը մինչ այժմ լուրջ չի ընդունվել, չնայած որ շուրջ հարյուր հազվագյուտ տեսակ թռչուններ գրանցված են հայաստանյան Կարմիր գրքում:
Տիկին Բալյանը նաեւ նշեց մի քանի պատճառ, որոնք նպաստում են Կարմիր գրքում թռչունների թվի աճին: Դրանցից առաջին տեղում կենսամիջավայրի ոչնչացումն է, թռչունների կերի պակասը, որին նպաստում է հատկապես հանքաարդյունաբերությունը, ապա ոլորտի մասին իմացության, կրթության ցածր մակարդակը: «Մեզ մոտ գալիս են արտերկից, որպեսզի թռչնատեսակներին դիտարկեն, բայց մեր երկրում այս ուղղությունը զարգացած չէ, չկա հետաքրքրություն այս ոլորտի հանդեպ»,- նշեց բանախոսը:
Հայաստանի թռչունների միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը հավելեց, որ թեեւ իրենց կազմակերպությունները չունեն ՀՀ Կառավարության աջակցությունը, սակայն հինգ հոգանոց խմբին աջակցում են շատ կամավորները հատկապես մարզերում ` ներառյալ նաեւ դպրոցականներ տարիքի երեխաները:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ