«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց Hip-hop պարաոճում Grand Street Jam մրցույթը, որը կազմակերպել է Hip-Hop Congress Armenia ՀԿ-ն: Վերջինիս նախագահ Արթուր Անդրեասյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտեց, որ Hip-hop պարային ուղղությունը զարգացնելու գաղափարն ինքնաբերաբար հանգեցրեց մրցույթի կազմակերպմանը. «Մրցույթի նպատակն է` Հայաստանում զարգացնել Hip-hop մշակույթը: Դրա պահանջարկը կա, մենք էլ փորձում ենք ստեղծել դաշտ, որպեսզի ընտրվեն լավագույնները: Ընդհանուր առմամբ` պարային այս ուղղությունը աշխարհում մեծ զարգացում է ապրում, իսկ մեր հարեւան երկրներում` ավելի արագ, քան մեզ մոտ: Սակայն ներկայումս մենք Կովկասում Hip-hop պարողների լավագույն եռյակի մեջ ենք մտնում եւ ունենք բավական ակտիվ մասնակիցներ: Նախկինում ունեինք ընդամենը 3 խումբ, իսկ հիմա` 16 ակումբ»:
Պարոն Անդրեասյանն ասաց, որ մրցույթին մասնակցում են 13-25 տարեկան 147-ից ավել պատանիներ. «Լավագույն մասնակիցներին ընտրում է մրցավարական կազմը` գնահատելով խորեոգրաֆիան, էլեմենտների հստակ կատարումը եւ այլն: Մրցավարական կազմում ընգդրկված են Հայաստանի ներկայիս լավագույն մասնագետները, որոնք արդեն 10-12 տարվա փորձ եւ մրցավարական աստիճան ունեն, իսկ գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար է եւ Անդրկովկասում լավագույններից մեկը»:
Մեր զրուցակիցը նշեց, որ մասնակիցները հիմնականում Հայաստանից են. «Սա Հայաստանի պաշտոնական առաջնությունն է, որի հաղթողները ապրիլի վերջին կմասնակցեն Վրաստանում կայանալիք առաջնությանը: Վրաստանում լավագույն եռյակին սպասվում են ֆինանսական մրցանակներ եւ դրսում սեմինարների մասնակցության հնարավորություն, իսկ առաջին տեղը զբաղեցնողը փուլերը հաղթահարելու սկզբունքով մասնակցում է աշխարհի առաջնությանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ