Ճանապարհային երթևեկության և տրանսպորտի գործունեությունը կարգավորող օրինագծում փոփոխությունների, դրանց առաջարկների ու օրենսդրական բարեփոխումների մասին` Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությամբ:
«2007 թվականին, երբ կառավարության որոշումն ընդունվեց սպիտակ համարանիշների փոխակերպումը դեղինի` տաքսիների լիցենզավորման համար, որի հետ մենք համաձայն չէինք: 2009թվականին, երբ վարորդները բողոքի ակցիաներ արեցին, այդ ընթացքում մենք դիմեցինք վարչական դատարան, պահանջելով` անվավեր ճանաչել կառավարության այդ որոշումը, քանի որ ընդունված որոշումները հակասում էին լիցենզավորման մասին օրենքների պահանջներին»,- այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Բանախոսի խոսքով`դատարանն ընդունեց վարույթ, սակայն ոչ մի նիստ այդպես էլ չի անցկացվել տարբեր պատճառաբանություններով: «Հարցն այն է, որ բոլոր այն հարցերը, որոնք մենք նշեցինք՝ չեղյալ հայտարարվեցին: Այսպիսով այս հարցը թաղվեց»:
Ըստ Հովհաննիսյանի` այսօր կառավարությունը հետ է վերադառնում, և բոլոր այն հարցերը, որ կային 7 տարի առաջ, վերափոխվում են նորերով: Այսօր մարդիկ չեն ցանկանում իրենց դեղին համարանիշները վերափոխել սպիտակի, չնայած այն հանգամանքին, որ վերափոխումը լինելու է անվճար. «Կառավարության որակումով ինչ-որ լավ բան են անում, բայց ոչ մի լավ բան էլ չեն անում, անում են այն, ինչ օրենքն է պահանջում: Մենք առաջարկեցինք, որ մեկ տարի իրենք հարկերը չվճարեն, չընդունվեց, առաջարկեցինք` ներողություն խնդրել սխալի համար, ասում են կառավարությունը երբեք չի սխալվում»,-զարմանքով ասաց նա:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանն ամենամեծ սխալը համարում է ԱԺ-ի կողմից կառավարության լիազորումը` գրել ճանապարհորդային երթևեկության կանոն. «Ճանապարհային երթևեկության կանոնը պարտավորություն է, որ վարորդը կատարում է: Ամբողջ երթևեկության կանոնները բաղկացածեն բաժիններից, որտեղ բոլորը պարտականություններ են, մինչդեռ Սահմանարությունում ասվում է, որ օրենքներով է սահմանվում պարտականությունը: Դե թող օրենքը սահմանի»:
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը կարծում է, որ ճանապարհային երթևեկության մեջ որոշակի դրական փոփոխություններ կան. «Նվազել են կոռուպցիոն ռիսկերը, տեսուչները սկսել են ավելի գրագետ գրել որոշումները և երևում է, որ աշխատանք տարվում է, բայց սա շատ քիչ է, և մենք ուզում ենք, որ տեսուչները դրա հետ մեկտեղ կատարեն օրենսդրական պահանջները»:
Ինչ վերաբերում է այլ ՀԿ-ների հետ համագործակցությանը, ապա Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ՀԿ-ների հետ չեն համագործակցում, քանի որ այնտեղ բիզնես է գնում և ոչ թե շահերի պաշտպանություն:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ