Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Եսայի. «Զատկական ավանդույթներից ժողովրդին առավել հետաքրքրող հարցը հավկիթ ներկելն է» (Տեսանյութ)

Մարտ 30,2013 14:25

Սակայն Զատիկն այն տոներից է, որն ավանդաբար պահպանվել է իր հոգևոր կողմով

 «Հոգեւոր եւ ազգային առումով զատկական խորհուրդը տարբեր դրսևորումներ ունի, որոնցից յուրաքանչյուրը կարեւոր է իր հերթին, սակայն եթե չենք պահում դրանց հոգեւոր կողմը, մնացածն ինքնանպատակ է դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը, ապա հավելեց,-Զատիկն այն տոներից է, որն ավանդաբար պահպանվել է իր հոգևոր կողմով: Հարության խորհուրդը հաղթանակի խորհուրդն է. հաղթանակ, որը եւս մեկ անգամ փաստում է, որ քրիստոնեության մեջ ոչինչ չի ավարտվում: Հավատքի կյանքում ամեն ինչ նորից է սկսվում` մեզ հնարավորություն տալով  մասնակից լինել Հարության խորհրդին, այսինքն` Քրիստոսի հետ ապրելուն: Երբ Քրիստոսին խաչին էին բարձրացնում, մտածում էին, թե հաղթել են: Բայց մոռանում էին, որ Քրիստոս աշխարհ գալուց ասաց, որ եկել է չարչարվելու եւ խաչվելու համար: Հոգին ավանդելով եւ հարություն առնելով` Քրիստոս հաստատեց իր հաղթանակը եւ հասավ իր նպատակին: Քրիստոսի այդ հաղթանակը մեզ նորովի ապրելու պատգամ է տալիս: Վերջին խոսքը  մահվանը եւ հուսահատությանը չէ,  այլ կյանքինը եւ հավիտենականությանը»:

Տեր հոր խոսքով. «Երբ ասում ենք չարչարակից լինել Քրիստոսին, նկատի չունենք նրա անցած նույն ճանապարհն անցնել: Մեզ համար խաչի ճանապարհը զոհաբերության ճանապարհ է, երբ մարդը կարողանում է իր նմանի համար հոգեւոր սնունդ դառնալ: Դրա լավ օրինակը ծնող-երեխա հարաբերությունն է»:

Տեր Եսային փաստեց, որ  զատկական ավանդույթներից ժողովրդին առավել հետաքրքրող հարցը հավկիթ ներկելն է եւ զատկական սեղանի պատրաստումը. «Բայց վերջին շրջանում մեզանում վերականգնվում է այս կամ այն տոնական խորհրդի շուրջ համայնքով միաբանվելու ավանդույթը: Եկեղեցիների բակերում արդեն համայնք է հավաքվում եւ եկեղեցական ավանդույթներ իրականացնում: Մեր իրականության մեջ ազգային շատ ավանդույթներ եւ ծեսեր կան, որոնք այս կամ այն հոգեւոր եւ տոնական խորհրդից են ծնվել, բայց քանի որ մարդիկ չգիտեն հիմքը` դրանք  նոր որակներ են ձեռք բերում»:

«Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանն ասաց, որ նախկինում մինչեւ 14 տարեկան երեխաներն ունեցել են հոգեւոր հստակ ծիսակարգեր, որոնք իրականացվել են եկեղեցուց սովորելու շնորհիվ. «Եղել է սուրբ Ծննդյան եւ Հարության ավետիսներ, որոնք կատարել են երեխաները: Մանկական ծիսակարգը կրել է եկեղեցին եւ Քրիստոսին: Կան մանկական խաղեր եւ ծեսեր, որոնք պատմում են Քրիստոսի տանջանքների մասին»:

Հանդիպման ավարտին «Տոնացույցի» սաները լրագրողներին ցուցադրեցին «Զատկի յալալի»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031