Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, արդյոք, գիտական հեղափոխությունը Հայաստանում

Մարտ 30,2013 13:31

Կամ՝ ինձ պե՞տք էր անցավ գլուխս ցավի տակ դնել

Քսաներորդ դարի ավստրիացի մեծ մտածող կար՝ Թոմաս Կունը, որ հայտարարեց, թե գիտական ճանաչողությունը ամենեւին էլ կուտակային էֆեկտով չի տեղի ունենում, այլ՝ գիտական հեղափոխությունների միջոցով, որոնք գիտության թռիչքային զարգացման պահեր են: Մինչեւ հեղափոխությունը գիտնականները զբաղվում են նորմալ գիտությամբ, ուսումնասիրում են այն հարցերը, որոնք «թույլատրված» են այդ նորմալ գիտության սահմաններում, գրքեր են գրում, իրար կոչումներ ու գիտական աստիճաններ շնորհում: Բայց նորմալ գիտությունը գնալով կորցնում է կապը իրականության հետ, եւ հետզհետե շատանում են այն դեպքերն ու փաստերը, որոնք այդ գիտությամբ չեն բացատրվում: Այստեղ վրա է հասնում ճնգաժամը: Զարգանում են ընդդիմադիր մոտեցումներ, ճգնաժամային գիտություն: Այս երկու գիտությունների կատաղի մրցակցության արդյունքում նորը սովորաբար հաղթում է եւ իր հերթին դառնում նորմալ գիտություն, որը կոչված է ոչ թե ճանաչել, այլ պահպանել իր գիտական մոնոպոլիան: Կունը խոսում էր գիտական հեղափոխության մասին՝ գիտելիքի տեսանկյունից: Ես ուզում եմ խոսել գիտական հեղափոխության մասին՝ որպես սոցիալական, հասարակական կառույցի: Այս իմաստով անկախ կոնկրետ ոլորտից, գիտությունը «նորմալացել» է մի տեսանկյունից՝ հարմարվողական լինելու:

Մեր գիտությունը՝ որպես սոցիալական կառույց, իշխանական դիրքորոշումներին գիտական հիմնավորվածություն տվող սպասարկուի է վերածվել: Իշխանության հեղինակության ցածր աստիճանի պայմաններում գիտության հեղինակությունը սոլիդարության միջոցով փորձ է արվում տեղափոխել իշխանության հաշվին: Ու մենք չենք հասկանում, որ արդյունքում ոչ թե հեղինակավոր ենք դարձնում իշխանությանը, այլ հեղինակազրկում են գիտությունը: Գիտության հեղինակազրկումը ընթանում է մեր աչքի առջեւ, մեր լուռ համաձայնությամբ: Մարկեսը մի շատ լավ վիպակ ունի՝ մի հայտարարված սպանության խրոնիկա: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գիտությունը կամա-ակամա սպանվում է պետության կողմից ու մենք դրա լուռ հանդիսատեսն ենք: Պասիվ ուղեկցորդը: Մենք բուհերը վերածել ենք տասներկուամյա դպրոցի տասներեքերորդից տասնութերորդ դասարանների: Ավարտում ենք տասնութերորդ դասարանը ու ստանում մագիստրոսի կոչում: Մոռացել ենք, որ դպրոց, մանկավարժության կենտրոն լինելուց բացի, բուհն առաջին հերթին գիտահետազոտական կենտրոն է: Դասախոսներին վերածել ենք դասատուների: Նրանք ընդամենը դաս են տալիս, բայց մոռացել են խոսել: Խոսել այն իրականության մասին, որում ապրում են, շնչում, բարկանում ու կռիվ տալիս: Դասախոսներից շատերը ավելի հաճախ կենցաղային բամբասանքով են զբաղված, քան մասնագիտական քննարկումներով: Երբ դասախոսներից մեկին հարվածում են, մյուսները գերադասում են քննարկել, թե գուցե նա լավ կամ վատ դասախոս էր, առանց մտածելու, որ այս պահին դա երկրորդական հարց է, կարեւորը այն է՝ թույլ ենք տալիս մենք այդպես վարվել դասախոսի հետ՝ ինչպիսին էլ նա լինի: Որ գիտությունը չի կարելի կախել պատի մեխից ու գնալ խորոված ուտելու: Մենք այնքան աստիճաններ ենք շնորհել գիտությունից կիլոմետրերով հեռու մարդկանց, որ գիտությունների թեկնածու լինելը քմծիծաղ է առաջացնում: Մենք մոռացել ենք, որ բուհերի ղեկավարները նախեւառաջ կրթական մենեջերներ են, ոչ թե պետական պաշտոնյաներ: Մենք մոռացել ենք, որ ուսանողական կառույցները ոչ թե ադմինիստրատիվ շահերը ուսանողների շրջանում պաշտպանելու, այլ ուսանողների շահերը ադմինիստրացիայի մոտ պաշտպանելու են կոչված: Մեր ուսանողները երբեմն ավելի ծեր են իրենց կցկտուր գիտելիքներով, կյանքից ու ինֆորմացիոն հոսքից տեղեկացվածությամբ, կյանքից ունեցած սպասելիքներով ու երազանքներով, քան նրանց որոշ տարիքով ավագ դասախոսները:

Գիտության մեջ էլ անարխիստներ կան: Այդպիսի մի հանրաճանաչ անարխիստ՝ Պոլ Ֆոյերաբենդը գտնում էր, որ աշխարհում անհրաժեշտ է իրականացնել պետության եւ գիտության տարանջատումը ճիշտ այնպես, ինչպես վաղուց իրականացվել է պետության եւ կրոնի տարանջատումը: Ֆոյերաբենդը չգիտեր, որ Հայաստանում ոչ կրոնն է մի կարգին պետությունից տարանջատվել, որովհետեւ մեր Առաքելական եկեղեցին պետության կողմից մենաշնորհը չի ուզում թողնել եւ այն փորձ անել վերանվաճել հասարակական վստահությամբ, ոչ էլ առավել եւս նորմալ, հարմարվողական գիտության եւ գիտնականների տարանջատում կա պետությունից: Քանի դեռ մեր բուհերի խորհուրդների նախագահները պետության ամենաբարձրաստիճան դեմքերն են, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան իր վաթսունից ավել գիտահետազոտական ինստիտուտներով ոչ միայն չի ուզում մոտենալ այդ բուհերին, այլ սեփական բուհ է փորձում ստեղծել՝ ի դեմս միջազգային գիտակրթական կենտրոնի, որը մագիստրոս ու ասպիրանտ է փախցնում այլ բուհերից, ապա գիտական անարխիզմը մնալու է միայնակ մարգինալներին վերապահված դերը, որտեղ կարծիք ունենալն ու հայտնելը շարունակելու է դիտվել որպես հերոսություն՝ «գժության» համեմումով:

Ու քանի դեռ գործուն է «Բա քեզ պե՞տք էր անցավ գլուխդ ցավի տակ դնելը» հայկական մշտական ու բոլորին զինաթափող հարցը, գիտական հեղափոխությունը մնալու է համակարգի «գժերի» գործը:

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Անհասկանալի հոդված էր: Իմաստը ո՞րն էր. կարծիք էր, հետազոտություն էր….

    “Ֆոյերաբենդը չգիտեր, որ Հայաստանում…”
    Հա, դժվար թե իմանար: Հետո՞:

    Կամ էլ՝ «Գիտությունների ազգային ակադեմիան իր վաթսունից ավել գիտահետազոտական ինստիտուտներով…»:
    Վայ թե ինստիտուտների թիվը 40-ից քիչ լինի: Գիտության մասին գրելուց (հատկապես՝ նման վերնագրով) արժեր ճշտել՝ գոնե ընթերցողի նկատմամբ հարգանքից ելնելով:

    «Մենք այնքան աստիճաններ ենք շնորհել գիտությունից կիլոմետրերով հեռու մարդկանց, որ…»:
    Էս մեկը շատ ճիշտ է ասված:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031