Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու նահանջեց օպերետի ժանրը

Մարտ 30,2013 13:28

Կամ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի բերած շունչը:

Երեւանում 70 տարի առաջ, Հայրենական պատերազմի ծանր օրերին, հիմնադրվեց օպերետի՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Առաջին ներկայացումն էլ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» հայտնի օպերետն էր:

«Առավոտի» հետ զրույցում կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ասաց, որ թատրոնն իր հիմնադրման համար պարտական է մեծանուն երգիչ Շարա Տալյանին, ով ժամանակին իր շուրջը համախմբեց օպերետի ժանրի հզոր արվեստագետներին՝ Իզաբելլա եւ Հայկ Դանզասներին, Թադեւոս Սարյանին, Արտեմի Այվազյանին, Արամ Տեր-Հովհաննիսյանին, Արմենակ Տեր-Աբրահամյանին, Լեւոն Քալանթարին, Արմեն Գուլակյանին, Էդվարդ Համբարձումյանին եւ մյուսներին: Հավելեց նաեւ. «Հայրենականի ծանր օրերին, երբ բլոկադայի մեջ էր Լենինգրադը, գերմանացիները համարյա Մոսկվայի դարպասների մոտ էին եւ մոտենում էին Անդրկովկասին, Հայաստանի կառավարության խնդրանքով եւ հասկանալի պատճառներով՝ միայն Մոսկվայի «դաբրոյով» Երեւանում բացված օպերետի թատրոնի նպատակը մեկն էր. զենքը ծիծաղով փոխարինել»: Պարոն Ղազանչյանը նշեց, որ առաջին ներկայացումից հետո բեմադրվեցին ֆրանսիական, հունգարական, վիեննական, ամերիկյան, հայկական օպերետները, առանձնացնելով՝ մեծանուն դերասանապետ Վարդան Աճեմյանի ղեկավարման տարիները (1947-53թթ.): Հենց այդ տարիներին բեմ բարձրացան Չուխաջյանի «Կարինեն», Շտրաուսի «Գնչուների բարոնը», Կալմանի «Սիլվան», «Բայադերան» եւ այլն, ինչպես նաեւ երաժշտական կատակերգություններ, այդ թվում՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Զարյանի «Աղբյուրի մոտ»:

«Մեծամտություն չթվա, բայց անվանի ի՜նչ դիրիժորներ են աշխատել մեր թատրոնում. Արամ Տեր-Հովհաննիսյան, Գուրգեն Կարապետյան, Դավիթ Երզնկյան, Ռաիսա Սարկիսովա, Գրիգոր Սանդալջյան, եւ ի՜նչ բալետմայստերներ. Միխայիլ Մոիսեեւ, Իլյա Արբատով, Զարեհ Մուրադյան, Անատոլի Լեբեդեւ եւ այլն: Իսկապես վախենում եմ թվարկել դերասանների անունները. հանկարծ մեկի անունը մոռանամ հիշատակել: Բայց նշեմ Կարպ Խաչվանքյանին, ով 1944թ. Թիֆլիսից վերադարձավ եւ այստեղ գտավ իր խաղընկերոջը՝ անկրկնելի Սվետլանա Գրիգորյանին: Բեմի այս հրաշազույգը թատրոնին բերեց հռչակ»,- հայտնեց պարոն Ղազանչյանը:

Դիտարկմանը՝ հայտնի է, որ կոմեդիայի թատրոնը անտուն 18 տարիներ է ունեցել, ինչը պատճառ հանդիսացավ խաղացանկում օպերետների նահանջի, մեր զրուցակիցը համակարծիք լինելով՝ փաստեց. «Թատրոնը 1949թ. վտարվեց ռուսական թատրոնի շենքից, ուր գործել էր սկզբնավորման օրվանից, տեղավորվելով նախկին պառլամենտի կիսախարխուլ շենքում, որն էլ, ի վերջո, 1974-ին փլվեց: Բնականաբար, դռնեդուռ ընկած ու ներկայացումներ խաղալով, որտեղ հաճախ չկային տարրական պայմաններ, էլ չեմ խոսում նվագախմբի «փոսի» մասին եւ այլն, ընտրում էինք հիմնականում կոմեդիաներ: Այս ժանրում գրել են նաեւ մեր հանրահայտ կոմպոզիտորները, սկսած Արտեմի Այվազյանից, Գրիգոր Եղիազարյանից, Ալեքսանդր Հարությունյանից, Վաղարշակ Կոտոյանից, Ստեփան Ջրբաշյանից մինչեւ Ստեփան Լուսիկյան ու Արամ Սաթյան»:

Երվանդ Ղազանչյանը նշեց նաեւ Արմեն Էլբակյանի ղեկավարման տարիները, ասելով. «Էլբակյանը 2-3 օպերետների հրաշք բեմադրություններ իրականացրեց. Ցագարելիի «Խանումի արարքները», Պարոնյան-Լուսիկյանի «Մեծապատիվ մուրացկանները» եւ այլն»: Եվ հենց Էլբակյանից հետո, 1992-ից ստանձնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, Ղազանչյանը համեստորեն չնշեց, որ հենց այդ ժամանակից սկսած՝ «վերածնվեց» օպերետի ժանրը: Այսօր մեր խաղացանկում է շուրջ 25 ներկայացում, այդ թվում՝ օպերետներ, երաժշտական կոմդիաներ, ոդեւիլներ, ժամանակակից դրամատուրգների կատակերգություններ: «Մեր թատրոնում օպերա-բալետ էլ է բեմադրվել. կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի՝ Տերյանի եւ Կապուտիկյանի խոսքերով «Սիրո անհուն կարոտը»: Ասեմ նաեւ, որ ժամանակ առ ժամանակ հրավիրում ենք բեմադրություններ իրականացնելու մեր անվանի ռեժիսորներին, օրինակ՝ Երիցյան-Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի»-ն բեմադրել է Արմեն Մելիքսեթյանը, Պարոնյան-Լուսիկյան «Շողոքորթն»՝ Ստեփան Ղազարյանը, նաեւ հրավիրում ենք երիտասարդ բեմադրիչների»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի ավարտին պարոն Ղազանչյանը հատուկ նշեց, որ թատրոնն այսօր լծված է Չուխաջյանի «Կարինե» օպերետի բեմադրական աշխատանքներին, բեմադրող դիրիժորն էլ Յուրի Դավթյանն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031