Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վրաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն»

Մարտ 30,2013 13:14

Ասում է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ իազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը

– Պարոն դեսպան, կես տարի է անցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններից եւ նոր իշխանության ձեւավորումից, սակայն դեռեւս արդիական է ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ բանավեճը, այդ թվում՝ նաեւ սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումների տեսակետից:

– Մարտի 25-ին, կարծես թե, սահմանադրական փոփոխությունների մասով գոնե բանավեճն ավարտվեց, քանի որ խորհրդարանն ընդունեց դրանք երրորդ ընթերցմամբ: Այսօր արդեն դրանք ստորագրվել են նախագահ Սաակաշվիլու կողմից: Սակայն օրենսդրական փոփոխությունների գործընթացը սրանով չի ավարտվելու հաստատապես, քանի որ այս պահին դեռեւս օրակարգում է դատական իշխանությանն առնչվող փոփոխությունների փաթեթը:

– Ի՞նչն էր, այնուամենայնիվ, հիմնական մոտեցումների տարբերությունը խորհրդարանական մեծամասնության եւ Սաակաշվիլու ղեկավարած ազգային միացյալ շարժումը ներկայացնող խորհրդարանական փոքրամասնության միջեւ Սահմանադրության փոփոխությունների առնչությամբ:

– Սահմանադրական փոփոխությունները վերաբերում էին Վրաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածին, որը սահմանում է Վրաստանի կառավարության ձեւավորման կարգը: Համաձայն նախկին կարգավորումների՝ կառավարության հրաժարականի դեպքում նախագահը՝ խորհրդարանական խմբակցությունների հետ 7-օրյա խորհրդակցությունների արդյունքում ընտրում է նոր վարչապետին, վերջինս էլ 10-օրյա ժամկետում որոշում է կառավարության անդամների կազմը: Նախագահը կառավարության նոր կազմը 3-օրյա ժամկետում ներկայացնում է խորհրդարանին: Եթե կառավարությունը չի ստանում վստահության քվե, ապա նախագահը մեկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացնում է կառավարության կազմը վստահության, ընդ որում՝ չկա սահմանափակում նախկին կազմը ներկայացնելու: Եթե երրորդ անգամ կառավարությունը չի ստանում խորհրդարանի քվեն, նախագահն իրավունք է ստանում առանց խորհրդարանական քվեի նշանակել վարչապետ, իսկ վերջինս էլ՝ կառավարության անդամներին: Այս դեպքում արդեն նախագահը արձակում է խորհրդարանը եւ նշանակում նոր ընտրություններ:

Ներկայիս փոփոխությունների համաձայն, կառավարության հրաժարականի կամ այն արձակելու դեպքում, նախագահը պարտավոր է լիազորությունների ժամանակավոր կատարումը դնել նախկին վարչապետի եւ կառավարության անդամների վրա՝ մինչեւ սահմանադրական ընթացակարգով նոր կառավարության ձեւավորումը:

 – Այս փոփոխությունների իրականացումը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից ներկայացվում էր որպես առաջնային խնդիր: Միաժամանակ, ընդդիմություն դարձած Միացյալ ազգային կուսակցությունը՝ ՄԱԿ-ը, մինչեւ վերջերս դիմադրում էր դրանց ընդունմանը: Ի՞նչն էր շահերի բախման իրական պատճառը:

– Բանն այն է, որ քաղաքական դաշտում ստեղծվել էր ունիկալ իրավիճակ: 2013 թ. հոկտեմբերից հետո, երբ հերթական նախագահական ընտրություններից հետո 2010 թ. սահմանադրական փոփոխությունները կմտնեն ուժի մեջ, երկրի նախագահի հիմնական գործառույթները կանցնեն վարչապետին, իսկ վերջինս հաշվետու կդառնա խորհրդարանին: Այսպիսով, Վրաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն, ուր վարչապետի աթոռը պատկանում է այն քաղաքական ուժին, որը խորհրդարանական ընտրություններում ստացել է կառավարություն ձեւավորելու համար նվազագույն անհրաժեշտ ձայները: Եվ հենց վարչապետն է երկրի գործադիր իշխանության ղեկավարն ու երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունն իրականացնող գործիչը:

Իսկ իրավիճակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ խորհրդարանի մեծամասնությունը վերցրած «Վրացական երազանքի» ձեւավորած կառավարությանը զուգահեռ՝ մինչեւ նախագահական ընտրությունները գործում է գործադիր իշխանության մեկ այլ կենտրոն՝ նախագահը, որը խորհրդարանական փոքրամասնության լիդերն է: Միաժամանակ, հարկ է հիշել, որ խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում բավականին բարդ էր ընթանում, այսպես կոչված, քաղաքական «կոհաբիտացիան»: Մասնավորապես, ընդդիմությունը այս ընթացքում բազմիցս ակնարկել է գարնանային քաղաքական ակտիվացման մասին, ինչի տակ ենթադրելի էին նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այստեղ անհրաժեշտ է հիշատակել Սահմանադրության 51.1 հոդվածը, որը սահմանում է այն բացառությունները, որոնք նախագահին հնարավորություն չեն տալիս կիրառել Սահմանադրությամբ սահմանված հիմքերով խորհրդարանն արձակելու լիազորությունը:

– Որո՞նք են այդ բացառությունները:

– Այդ բացառություններն են՝

ա/ խորհրդարանական ընտրություններից հետո 6 ամսվա ընթացքում,

բ/ խորհրդարանի կողմից նախագահի պաշտոնազրկման գործընթացի իրականացման ընթացքում,

գ/ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում,

դ/ Վրաստանի նախագահի լիազորությունների ժամկետի վերջին վեց ամսվա ընթացքում:

Հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012թ. հոկտեմբերի 1-ին, իսկ նախագահի լիազորությունները լրանում են այս տարվա նոյեմբերի 17-ին, մնում է միայն ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ նախագահը կարող է արձակել խորհրդարանը: Բոլոր դեպքերում, այսօր արդեն, երբ օրենքն ընդունված եւ ստորագրված է նախագահի կողմից, այս հնարավորությունը սոսկ տեսական է: Բայց միեւնույն ժամանակ, նախագահի լիազորություններից զատ, այսօրվա ընդդիմությունը դեռեւս բավականին ուժեր ունի տեղերում, մասնավորապես՝ նախագահի լիազոր ներկայացուցիչները, քաղաքապետերն ու տեղական իշխանության մարմինները, որոնք մեծամասամբ նախկին քաղաքական ուժի ներկայացուցիչներ են կամ նրանց համակիրներ: Ներկայումս քննարկումներ են գնում դատական համակարգը կանոնակարգող օրենքի փոփոխության մասին, որի շուրջ, ի տարբերություն սահմանադրական փոփոխությունների, դեռեւս համաձայնություն չկա:

– Պարոն Մանուկյան, կուզենայինք իմանալ, թե ինչպե՞ս կայացավ մեծամասնության եւ փոքրամասնության կոնսենսուսն այս հարցում, ի՞նչ սկզբունքների շուրջ նրանք պայմանավորվեցին:

– Բացարձակ կոնսենսուս այս հարցում՝ որպես այդպիսին, չի եղել: Մասնավորապես, առաջին ընթերցմամբ օրինագծին կողմ է քվեարկել 135 պատգամավոր, իսկ արդեն երրորդ ընթերցմանը՝ 114: Սակայն չի կարելի նաեւ ասել, որ գործընթացները գնացել են հախուռն եւ չկազմակերպված: «Վրացական երազանքը» խորհրդարանում ուներ 8 տասնյակից մի փոքր ավել ձայներ: Հետեւաբար, ընդդիմությունը աջակցել է փոփոխությունների ընդունման գործընթացին:

Ընտրություններից հետո, երկարատեւ ժամանակահատված, սահմանադրական փոփոխությունների ընդունման-չընդունման հարցը «Վրացական երազանքի» եւ «Ազգային շարժման» միջեւ դիմակայության հիմնական հարցն էր: Սակայն արդյունքում, դրանց ընդունումը իրատեսական դարձավ այն ժամանակ, երբ «Ազգային շարժման» պատգամավորներն անակնկալ ձեւով համաձայնեցին պաշտպանել փոփոխությունները: Դրան նախորդեց նախագահ Սաակաշվիլու հորդորը ընդդիմության պատգամավորներին՝ քվեարկել հանուն փոփոխությունների: Արդյունքում այդպես էլ եղավ, սակայն պայմանով, որ «Վրացական երազանքն» իր համաձայնությունն է տալիս խորհրդարանական փոքրամասնության պահանջին՝ մարտի 21-ին անցկացնել վարկանիշային քվեարկություն: Ըստ էության, սա այն դեպքն է, երբ հարցը ոչ այնքան իրավական է, որքան քաղաքական: Այդ առաջարկի իմաստը կայանում էր նրանում, որպեսզի ի ցույց դրվեր, թե որքան ձայների է տիրապետում «Վրացական երազանքն» առանց Ազգային շարժման աջակցության կամ, որ նույնն է՝ սահմանադրական մեծամասնություն կարող է ձեւավորվել բացառապես այդ համաձայնությամբ:

– Ինչպիսի՞ արձագանքներ, ի՞նչ գնահատականներ կան:

– Սահմանադրական փոփոխությունների ընդունմանն անմիջապես հետեւեցին դրական միջազգային արձագանքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի կողմից, որը Վրաստանի ղեկավարությանը, մեծամասնությանն ու փոքրամասնությանը շնորհավորել է «երկկուսակցական որոշման» ընդունման կապակցությամբ եւ հայտարարել, թե «այդ քայլը հարթում է վրացական ժողովրդավարության համախմբման ճանապարհը եւ կառավարությանն ընձեռում է հնարավորություն՝ ուշադրությունը կրկին սեւեռել իր առջեւ ծառացած այլ հարցերի վրա»:

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի եւ Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ մարտի 26-ին հրապարակած միասնական հայտարարության մեջ նշվում է, որ երկու կուսակցությունների միջեւ նշված հարցի շուրջ ձեռք բերված համակարծությունը վկայում է այն մասին, որ «բոլոր քաղաքական կողմերը Վրաստանում հավատարիմ են ազգային շահերին համապատասխանող լավ կառավարմանը»: Միաժամանակ նշվում է, թե սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժեղացնում են ժողովրդավարական ձեւով ընտրված խորհրդարանի դերը նոր կառավարության նշանակման գործում, ամրապնդում են ժողովրդավարությունը Վրաստանում եւ ստեղծում վրաց քաղաքականության մեջ բոլոր կուսակցությունների միջեւ համագործակցության կարեւոր նախադեպ:

Հարցազրույցը՝

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031