Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատչելի բնակարանների ծրագրին վտանգ չի սպառնում

Մարտ 30,2013 13:10

Վստահեցնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը

ՀՀ նախագահի ընտրություններից հետո հանրապետությունում ստեղծված հետընտրական վիճակը որեւէ կերպ չի կարող վտանգել բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը: «Առավոտի» հետ զրույցում ասաց Արսեն Քարամյանը՝ պատասխանելով Ավան-3 համալիրի շահառուների մտահոգություններին: Ծրագրի մի խումբ շահառուներ, որոնք 1 տարի հետո պետք է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին եւ սպորտսմեններին» բնակարանային ապահովության ծրագրով բնակարան ստանան այս համալիրից, գտնում են, որ ծրագիրը ժամանակին չի կատարվի, քանի որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված բանկը, որը պետք է շահառուներին շուկայականից ցածր տոկոսով հիպոթեքային վարկեր տրամադրի, շահառուների հետ պայմանագրերը ուշացումով է կնքում: «Այո, շահառուներից դժգոհություններ կան բանկի դանդաղ աշխատանքի եւ ոչ օպերատիվ գործերն առաջ տանելու հետ կապված: Ես կապի մեջ եմ բանկերի հետ, եւ փորձում ենք հասկանալ, թե մենք ինչո՞վ կարող ենք նպաստել, չնայած նրան, որ մենք այդտեղ լծակներ չունենք»,-ասաց պարոն Քարամյանը, որը նաեւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի նախագահն է:

Այդուհանդերձ, շինարարական աշխատանքների ընթացքը պարոն Քարամյանը գնահատեց նորմալ՝ ասելով, որ այն ընթանում է սահմանված ժամանակացույցով եւ անհանգստանալու առիթ չկա: Ըստ նրա՝ այս տարվա մարտի 1-ից արդեն սկսվել են շենքերի ներքին հարդարման աշխատանքները:

Բանկի դանդաղ աշխատանքը Ա. Քարամյանը բացատրում է բանկի կողմից շահառուների վարկունակությունը մանրակրկիտ ուսումնասիրելով. «Գումարի խնդիր գոյություն չունի, պետությունն իր պարտավորությունն ամբողջ ծավալով կատարել է, պարզապես բանկը մանրակրկիտ ուսումնասիրում է շահառուների վարկունակությունը, որովհետեւ, համենայնդեպս, բանկն է կրում բոլոր ռիսկերը: Մեր կողմից պարբերաբար հորդորվում է գործընթացը մի քիչ արագացնել եւ շահառուների դժգոհությունը չհարուցել: Այս պահի դրությամբ 65 պայմանագիր արդեն կնքվել է»:

Մեր այն դիտարկմանը, թե շահառուները նաեւ դժգոհություններ ունեն, որ բանկի հետ կնքվող պայմանագրերի մի շարք կետեր հօգուտ վաճառողի են կամ վիճելի են, եւ բարձրացված այդ հարցերը բանկի պատասխանատուները խոստացել են վերանայել, պարոն Քարամյանն ասաց. «Այս պրոդուկտը ֆինանսական շուկայում՝ տվյալ դեպքում այդ բանկի համար նորություն էր: Այդ լայնամասշտաբ պորտֆել այս բանկը չէր սպասարկել, կա օրինակելի ձեւ պայմանագրի, այն եռակողմ է՝ բանկ, շահառու եւ մենք՝ որպես պատվիրատու: Հիպոթեքի պայմանագրերը մենք չենք կազմում, մենք պարզապես կողմ ենք պայմանագրի, որը հաստատված է համապատասխան ընթացակարգերով: Բայց տվյալ դեպքում բանկը օբյեկտիվորեն ընդունել է այն խնդիրները եւ պատրաստակամություն հայտնել դրանք շտկելու: Այդտեղ որեւէ խնդիր չկա: Որեւէ անթերի գործընթաց ի սկզբանե չի լինում, դա ժամանակի մեջ ենթակա է հղկման»:

Մեր հարցին, թե դոլար-դրամ տատանումների արդյունքում հնարավո՞ր է ավելանա այս ծրագրի համար արդեն 9-9,5% տոկոսադրույքով հաստատված վարկի տոկոսը, պարոն Քարամյանը վստահեցրեց, որ բանկում այս պահի դրությամբ պայմանագրերը կնքվում են 9,5 տոկոսով. «Ճիշտ է, մենք առավելագույն չափ ենք նշել 11%, բայց այս շրջափուլում կնքած պայմանագրերի տվյալներով 9,5% է»: Այսինքն՝ նրանք, որոնք դեռ չեն կնքել պայմանագիր, հնարավոր է ավելի բարձր տոկոսո՞վ կնքեն՝ մեր հարցին Ա. Քարամյանը պատասխանեց՝ ոչ:

Հետաքրքրվեցինք, թե միջազգային շուկայում այս օրերին շինանյութի թանկացումն է՞լ խոչընդոտ չի հանդիսանա շենքի կառուցումը ժամանակին ավարտելու, Ա. Քարամյանն ասաց, որ շինարարն ի սկզբանե հաշվարկել է իր ռիսկերը, եւ այս պահի դրությամբ ապրանքների թանկացումը որեւէ կերպ չի ազդի. «Ամբողջ համալիրի մետաղական հատվածը չթանկացված գներով ձեռք է բերված»:

Նշենք, որ շահառուների դժգոհությունն էր նաեւ հարուցել այն, որ բանկին տրամադրելիք բնակարանի հատակագծի համար պետք է 15 հազարական դրամներ վճարեն, այն դեպքում, երբ պայմանագրում նշված է, որ մինչեւ բնակարանի հանձնումը բոլոր ծախսերը կատարում է «ԵՊՀ շրջանավարտների միավորումը»:

Այս առնչությամբ պարոն Քարամյանն ասաց, որ բանկն ի սկզբանե պահանջել է հատակագիծը, սակայն պատվիրատուի հետ փոխհամաձայնությամբ՝ որոշվել է, որ միայն մեկ անգամ է բնակարանը չափագրվելու, այն էլ՝ բնակարանը պատրաստ լինելուց հետո:

«Ծառայությունը, որ շուկայում արժե 20 հազար դրամ, մեր միջնորդությամբ ծառայություն կմատուցի 15 հազար դրամով: Մի քանի չափագրող կազմակերպությունների, որոնց մենք դիմել ենք՝ հայտնելով, որ գործ ունեն սոցիալական ծրագրի հետ, հորդորել ենք գնառաջարկ ներկայացնել 15 հազար դրամ: Մեկ չափագործում պարտադիր լինելու է, շուկան ազատ է, մենք պարտադրված չենք մեկ կազմակերպության հետ աշխատել: Մի քանի կազմակերպություն արդեն ցանկություն են հայտնել»,- ասաց պարոն Քարամյանը: Ըստ նրա՝ բանկին տրամադրվող բնակարանի հատակագծի համար պետք չէ վճարել, քանի որ այն բաց տեղադրված է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կայքէջում, որտեղից էլ կարելի է նախագիծը վերցնել:

Շահառուների մեկ այլ մտահոգության էլ, թե շենքերն անհամաչափ են վեր խոյանում, փոխնախարարն ասաց, որ շինարարն այդպես է իր աշխատանքը բաշխում, բայց բոլոր շենքերն էլ միաժամանակ են հանձնվելու շահագործման. «Եթե շահառուների կողմից վճարումներն իրականացվեն պատշաճ կերպով շինարարին որեւէ այլ հանգամանք չի կարող խանգարել, որ շինարարությունը ժամանակին իրականացվի: Որ պահին որ զգանք վտանգ կա՝ մենք պարտավոր ենք մեր շահառուներին այդ մասին տեղեկացնել եւ միասին քննարկել, եթե այդպիսիք կլինեն, բայց, փառք Աստծո, այդպիսի հանգամանքներ ի հայտ չեն եկել, եւ կարծում եմ՝ չի էլ լինի, որովհետեւ շինարարը աշխատանքը նորմալ վարում է, եւ մենք էլ վճարում ենք ըստ կատարողական ակտերի»:

Շինարարությունն իրականացնում է «ADA» շինարարական կազմակերպությունը: Մեր հարցին, թե հաճախ է նշվում, որ այս ընկերությունը «Գլենդել Հիլզ» ընկերությանն է պատկանում, արդյոք այդպե՞ս է, պարոն Քարամյանն ասաց, որ «ADA»-ն, «Գլենդել Հիլզ»-ի հետ որեւէ կապ չունի:

Ըստ Արսեն Քարամյանի՝ շենքերը շահագործման կհանձնվեն 2013-ի դեկտեմբերի 20-25-ին, բայց դա չի նշանակում, որ շահառուները կարող են Ամանորը տոնել նոր բնակարաններում, քանի որ բուն բնակարանների հանձնման գործընթացը սկսվելու է հունվարի 10-ից եւ տեւելու է մինչեւ մարտի կեսերը. «Մենք գործ ունենք 338 ընտանիքի հետ, եւ ֆիզիկապես հնարավոր չէ միաժամանակյա հանձնում կազմակերպել: Եվ հետո առաջին հերթին սա բխում է շահառուի շահերից, որպեսզի այդ հանձնումն իրականացվի անհատապես: Նախ բնակարանը չափագրվելու է, սովորաբար փորձը ցույց է տալիս, որ 1,5 քմ ավելանում է կամ կես քմ պակասում է, դա ընդունելի նորմի մեջ է, այնուհետեւ ստորագրվում է հանձնման-ընդունման ակտը, շահառուն վճարում է իր վերջին չափաբաժինը, եւ կնքվում է հիմնական պայմանագիրը, որով բնակարանը, որպես իր սեփականություն, հանձնվում է շահառուին»,- պարզաբանում է պարոն Քարամյանը:

Ըստ նրա՝ արդեն մեկնարկել են նաեւ շենքի արտաքին սալիկապատման աշխատանքները: Շենքը սալիկապատվելու է ոչ թե ֆերզիտով, ինչպես նախորդները, այլ՝ Արթիկի վարդագույն տուֆով: Ծրագրի պատասխանատուները մոտ 2 ամսից շահառուներին հնարավորություն են ընձեռելու մեկ ամբողջ օր լինել շինհրապարակում եւ մասնակցել շինաշխատանքներին. «Կազմակերպելու ենք շաբաթօրյակ, որի ժամանակ յուրաքանչյուր շահառու հնարավորություն է ստանալու սիմվոլիկ առումով իր աշխատանքները բերելու իր բնակարանի կառուցման գործին: Մարդիկ հնարավորություն են ունենալու իրենց տան վրա մի քար դնելու»,- ասաց Ա. Քարամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031