Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սասնա Դավթի «ով քնած է՝ արթուն կացեք»-ը մեր հերն անիծել է

Մարտ 30,2013 15:00
alvard petrosyan

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ

 Սկիզբը մարտի 27-ի համարում

– Իր վերջին ասուլիսի ընթացքում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով Ռուբեն Հախվերդյանի հանրահավաքային ելույթների վերաբերյալ լրագրողի հարցին՝ հակիրճ անդրադարձ կատարեց նաեւ խորհրդային շրջանի իր գործունեությանը: Ամեն դեպքում փակագծերը չբացվեցին…

– Անկեղծ ասած՝ ինձ ցավ պատճառեց մեր տաղանդավոր արվեստագետներից մեկի՝ Ռուբեն Հախվերդյանի ձեւակերպումը նախագահի անցյալ շրջանի գործունեության վերաբերյալ: Նա արդեն իսկ պարզաբանել է, որ ինքը Գեւորկովի օգնականը չի եղել, այլ Հենրիկ Պողոսյանի… Բացառիկ անհատականություն, ում հետ ես եւ ամուսինս շատ լուրջ բարեկամություն ենք արել:

Պողոսյանի փեսան մեր լավագույն մտավորականներից մեկն է՝ Սուրեն Հասմիկյանը, ով թույլ չի տա, որ ստեմ: Երբ վախճանվեց Հենրիկ Պողոսյանը, ես զանգահարեցի այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Հետո Ս. Հասմիկյանն այցելեց ինձ եւ ասաց, որ ամբողջ արարողությունը Սերժն արեց: Այսօրինակ իրավիճակներն է, որ բնորոշում են մարդուն: Մեկ այլ դրվագ, այս դեպքում էլ Նաիրա Զոհրաբյանը թույլ չի տա, որ ստեմ: Երբ Էդմոն Ավետյանի՝ մեր մեծագույն մտավորականներից մեկի տունն էր վառվել, Նաիրան այդ ժամանակ լրագրող էր՝ զանգահարեց ինձ, թե՝ որեւէ ձեւով կարո՞ղ եմ օգնել նրան: Եվ դարձյալ առաջին մարդը, ում դիմեցի, Սերժ Սարգսյանն էր, ով օգնեց, ամեն ինչ արեց Էդմոն Ավետյանի համար: Այս երկու դեպքն եմ հիշում, բայց շատ բան կա հիշելու: Նախագահը համեստ մարդ է, Հենրիկ Պողոսյանի դպրոցն է անցել, ինչն ինքս էլ համարում եմ մեծագույն դպրոց: Իսկ Հ. Պողոսյանը ռանչպարի պես էր՝ Մուշեղ Գալշոյանի, Խաչիկ Դաշտենցի… Երբ այն տարիներին նրան հարցրի, թե ինչու ոչ Արկադի Պողոսյանին, այլ Սերժին երաշխավորեցիք Վոլսկու մոտ ուղարկելով, նա, թե՝ Սերժ Սարգսյանը շատ խելոք է, կարող է Վոլսկու հետ աշխատել: Պատահական չէ, որ Վոլսկին մեր բարեկամը մնաց: Ադրբեջանի ծայրամաս ասողին այս դեպքում չի կարելի ներել, քանի որ ինքը բացառիկ մտավորական ընտանիքից է եւ պիտի իմանար՝ հայոց պետության մի քանի իշխանապետություններ՝ Վասպուրականը, Արցախը, Լոռին, միշտ ավելին են եղել, քան մնացած նախարարական տները: Նրանք թագավորներ են ունեցել, որոնք միշտ հայոց պատմության մեջ վճռորոշ դեր են կատարել: Իսկ այսօրինակ ձեւակերպմամբ դու քո երկիրը տալիս ես:

– Ինձ համար ամենացավալի երեւույթը անընդհատ ղարաբաղցի, հայաստանցի՝ հայության մեջ տեղատարածքային բաժանարար գծեր դնելու մտայնությունն է, որը խորացնողները մեզանում էն գլխից քիչ չեն…

– Դա ուղղակի աղետ է. վերջերս մի լրագրողի հոդված կարդացի, որը հայությունը բաժանում է՝ կալիֆոռնիացի, ղարաբաղցի, հայաստանցիների: Սա երկիրը բզիկ-բզիկ անելու ամենակարճ ճանապարհն է: Այդ նույն տիկինն ասել էր, թե հրաբխի վրա շախմատ չեն խաղում: Ի դեպ, շախմատը հենց հրաբխի խաղ է, պատերազմի խաղ, քիչ թե շատ եթե հասկանում ես շախմատից, սա պիտի իմանաս: Այո, Սերժ Սարգսյանը շախմատիստի մտածողություն ունի, եւ փառք Աստծո, որ ինքը Տիգրան Պետրոսյանի հանգույն դիրքային շախմատիստ է եւ ինչպես արդեն ձեւակերպել ենք՝ դանդաղ շտապողներից է: Եթե դիրքային շախմատիստ չլինի, չի կարող Եվրասիական միության, Եվրամիության, ԱՄՆ-ի, Պարսկաստանի հետ իր ինքնությունը պահպանելով՝ լեզու գտնել: Այնքան բան կա ասելու: Հիմա՝ վախենամ ասել, ինչ է թե՝ վաղը կիսագրագետ մեկն ինձ կարող է իշխանամե՞տ համարել: Կրակե գետ են գցել՝ հասարակությունը բաժանելով իշխանամետ եւ ընդդիմադիրների. եղբայր, այն պրոբլեմները, որոնք հուզում են ընդդիմադիրներին, նույնքան եւ ավելի շատ ինձ են հուզում:

– Հասարակությունը, ժողովուրդը, պարզ մարդիկ շոշափելի փոփոխություններ են ուզում տեսնել, բնականաբար, դա ուզում են ոչ միայն հրապարակում կանգնածները: Մինչդեռ նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում տնտեսական աճի մասին խոսեց տոկոսներով, արտագաղթը երկրից պայմանավորեց գաղջ մթնոլորտով՝ այս հարցում էլ սլաքն ուղղելով լրատվամիջոցների կողմը, թե՝ լավը չեն տեսնում, իրավիճակը սեւացնում են… Ի հավելումն՝ հայտարարեց, թե կադրային «կարդինալ» փոփոխություններ չեն սպասվում…

– Մենք սովոր ենք ամեն ինչ բարձրաձայն ասել, բարձրաձայն մտածող ժողովուրդ ենք: Օրերս լսում էի Հարութ Սասունյանին եւ հիացա, երբ ասաց՝ ես իմ ծրագրերն ունեմ, որոնք ժամանակից շուտ չեմ ուզում բարձրաձայնել: Նա սփյուռքում եղանակ ստեղծող մարդկանցից է: Մտածեցի՝ վերջապես մի մարդ, ով Սասունցի Դավթից ժառանգած բնավորությամբ չի ուզում բարձրաձայն գոռալ՝ ով քնած է, արթուն կացեք: Դա մեր ազգային դիմագիծը բնորոշող՝ ազնիվ, մաքուր գիծ է, բայց եւ մեր հերն անիծել է:

Ի՞նչ է, պիտի այսօրվանից նախագահը գործող կառավարության անդամներին ասեր՝ քեզ, քեզ, քեզ հանելու եմ՝ պատրաստվե՞ք: Դա նորմալ չէ, ճիշտ չէ: Մարդիկ կան կառավարությունում, որոնցով հիացած եմ: Հիացած եմ Վաչե Տերտերյանով, շատ բարձր եմ գնահատում Արմեն Գեւորգյանին եւ շատ կտխրեմ, եթե նա նոր կառավարության կազմում չլինի, հիացած եմ սոցապնախարար Արտեմ Ասատրյանով: Մեծ ցավ կզգամ, եթե կադրային փոփոխությունների համատեքստում նախագահը ջրի հետ թափի նաեւ երեխային: Չի կարելի:

Ինչ վերաբերում է արտագաղթին, այն կարծիքին չեմ, որ Հայաստանից հեռանում են միայն սոցիալական խնդիրների պատճառով: Հայաստանից հեռանում են նաեւ շատ բարեկեցիկ ապրող մարդիկ: Արտագաղթի պատճառների թվում են եւ գործազրկությունը, եւ սոցիալական ծանր վիճակը, եւ «որտեղ հաց, այնտեղ կաց» մտայնությունը, եւ ըստ իս, տարիներ շարունակ քարոզվող՝ «լավագույն միտքը հեռանում է երկրից» ձեւակերպումը: Ասել եմ, էլի ասում եմ՝ լավագույնները գնացողները չեն, մնացողներն են: Ով ուզում է իր փոքրիկ ես-ն առաջ տանել, 2 քվե ավելի ստանալ, հակառակորդին փնովելով՝ սկսում է մեզ սպառնալ երկրի կործանման առասպելով, իսկ երկրի փրկիչ որպես իրեն ներկայացնելով: Այ, սա է, որ ժողովրդի մի հատվածի մեջ խուճապի զգացողություն է առաջացնում: Արտագաղթը մեզանում նորություն չի, մեր գաղութների պատմությունն էլ այդ է ցուցանում: Ի վերջո, այն միայն հայերիս չի հատուկ, իտալացիների զգալի հատված հեռանում է ԱՄՆ, Ուկրաինայից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից անգամ գնում են ու գնում… Իսկ մենք այսօր կռիվ-կռիվ ենք խաղում՝ Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ի հանգույն: Համ «Քաջ Նազարն» է խիստ հայկական, համ «Սասունցի Դավիթը», համ «Մի կաթիլ մեղրը»: Մտածելու թեմաներ են…

– Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունները պայքարի են դուրս գալիս տարբեր ճակատներով՝ զուտ քաղաքային, տնտեսական եւ բացառապես՝ քաղաքական… Երեւանը հանրապետության կեսն է տրամաբանությամբ…

– Նայած, թե ով ինչպես է ուզում. ընդդիմությունն ուզում է քաղաքական ընտրություն դառնա այն, իսկ իշխող կուսակցությունը՝ քաղաքային: Սա լավագույն մոդելն է, եթե «մեր դեմ խաղ չկա»-յի մթնոլորտը իսպառ վերանա: Ցավոք, այսօր այն ոչ միայն իշխանական կուսակցությունն է որդեգրել, այլեւ ընդդիմությունը: Բոլորն են մատ թափ տալով խոսում:

Ահա թե ինչ կասեմ՝ անփոխարինելի մարդիկ չկան, թեպետ ես քաղսովետի նախագահ գիտեմ՝ Գրիգոր Հասրաթյանի մասին է խոսքս, որն իմ պատկերացրած դասական քաղաքապետն է՝ մտավորականացրեց, մայրաքաղաք դարձրեց Երեւանը: Տարոն Մարգարյանին համարում եմ որոշակի փորձառությամբ, ընդ որում, հանձին իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի, ընտանեկան փորձառությամբ մարդ: Եվ իսկապես նա հղփացած չի: Բնականաբար, երկրի նախագահի կուսակիցն է, եւ նա պիտի պաշտպանի իր թեկնածուին: Նույնքան բնական է, որ մյուսներն էլ իրենց թեկնածուներին պիտի պաշտպանեն: Կուզեի, որ նորընտիր քաղաքապետի աշխատանքն ավելի քիչ ցուցափեղկային լիներ: Աղետալի պրոբլեմներ կան Երեւանում, կուզեի, որ անդրգրաունդյան քաղաքականության մեջ էլ լավ լինենք: Նորընտիր քաղաքապետը պիտի մխրճվի պրոբլեմների մեջ՝ լինի Տարոնը, թե՝ այլ մարդ:

– Արձանագրենք, որ հատկապես 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մեզանում արդեն մոռացված էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրում: Ահավասիկ, նախօրեին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կրկին արձագանքել էր Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, որում վերջինս որոշակի պաշտոններ եւ ոլորտներ իր ներկայացրած մարդկանց նշանակելու առաջարկներ էր արել: Նկատենք՝ նամակագրությունը շարունակվում է…

– Բնավ չեմ զարմացել, գրեթե վստահ էի՝ նախագահը պիտի պատասխաներ, անպատասխան չէր թողնելու Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ կատարվող գործընթացները: Անձամբ ես կարծում եմ՝ Րաֆֆիի քաղաքական մերձակա շրջապատում նրան հիվանդացնում են: Մտավորական, լուրջ կրթություն ստացած, իսկապես հայրենիքը սիրող այս մարդուն, ըստ իս, մի քանի կարիերիստներ ուղղակի օգտագործում են: Սա հենց այնպես չեմ ասում. նախօրեին երբ տեսա եւ լսեցի նրա որոշ գործընկերներին, գրեթե չեմ կասկածում իմ ասածի ճշմարտացիության մեջ: Հասկանալի է՝ նրանք պաշտոններ են ուզում, բայց ոչ իրենց առաջնորդի կյանքի գնով, նրա ծնողների տառապանքի գնով: Սա վերածվել է սպորտային, այլ ոչ քաղաքական պայքարի:

Ես կուզեի լուրջ երկխոսություն ծավալվեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ որպես ընդդիմադիր ուժի, միայն թե՝ առանց վերջնագրերի՝ ի շահ Հայաստան պետության:

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հարություն Ասլանյան says:

    Ալվարդ Պետրոսյանը փորձում է իր ախորժակով գնահատել Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատին: Ինչու՞ է կարծում, որ միայն Րաֆֆին է ազնիվ, միամիտ իսկ մյուսներն՝ իրեն նման:

  2. mika says:

    Ըստ ալվարդ պետրոսյանի տացվում է, որ եթե սերժ սարգսյանը կազմակերպել է իր այն ժամանակվա շրջապատի ինչ-որ մարդկանց թաղում և այլն… այսօր պետք է հանդուրժենք, որ սերժ սարգսյանը իր ընտանիքի և այսօրվա շրջապատի հետ թալանի մի ամբողջ երկիր և ժողովուրդ…
    Կեցցես ալվարդ պետրոսյան: Եղբորդ աղջիկն էլ քեզ է քաշել….

  3. roman says:

    քեզ տիկին Պետրոսյսն հարգում էինք թողեիք մինչև վերչ հարգենք

  4. Արմեն says:

    Ես համաձայն չեմ տիկին Ալվարդ Պետրոսյանի հետ, չնայած ունեմ մեծ հարգանք:

    Այս հետընտրական շրջանում մի քանի տատիկ ու պապիկ են, որ խբաված են Ժառանգության և

    նրանց սատարող բավականին փոքրաթիվ մարկանց կողմից: Մնացածը անազանիվ, ագրեսիվ,

    իրենց անձնական պալնները իրականացնող մարդկանց խումբ է, իհարկե առաջին տեղերից մեկում

    Ր. Հովահաննիսյանն է:

  5. Galust Yenokyan says:

    Հարգելի տիկին, կարծես Ձեզ համար անցած հինգ տարին հերիք չեր « Ի՞նչ է, պիտի այսօրվանից նախագահը գործող կառավարության անդամներին ասեր՝ քեզ, քեզ, քեզ հանելու եմ՝ պատրաստվե՞ք:» Ես իհարկե երախտապարտ եմ Սերժին որ նա օգնել է մի հարգելի անձնավորությա հուղարկավորությանը, բայց այն հազար հազարավոր մամիկները եւ պապիկները այս վերջին տարիներին ում պիտի դիմեին իրնց վերջին հանգրվանին Պատվով արժանանալուն…Կխնդրեի Էդմոն Ավետյանի հարցով լռեիք քանզի ծանոթ եմ ինչ զարհուրելի պայմաններում է ինքը մահկանացուն կնքել:
    Ռուբենին փնովելուց առաջ կխնդրեի ընդունել որ նա իր ձայնը բարձրացրել այդ մամիկների ու պապիկների համար, այն հարյուր հազարավոր մեր հայրենակիցների համար որոնք իրնց քրտիքով իրնց իս երկրում մարդկյին արժանապատվությամբ հանապազորյա հաց չեն կարողանում աշխատել, իս Ձեր հարգելի Նախագահը իր սիրելի «բիզնեսմեն» եղբորը «գործուղել» էր Ամերիկա երեսուն միլլիոն դոլլարով…
    Հարգելիս իսկապես մեր «խենթ» Դավիթը ազնվորեն էր զգուշացնում Թշնամուն սակայն մեր ներկայիս եւ նախորդ անկոչ «նախագահները» Ձեզ համար բարոյահաճո «գաղտնի» ձեվով պատճառ դարձան տասը անմեղ հայորդիների արյունը թափելուն իրենց իսկ հողի վրա… Իմ հարգելի Ռուբենը ելույթ էր ունենում նայեվ նրանց մայրերի կողմից…
    Դատելով Ձեր շատ բարեհաճ արտաքինից կարող եմ եզրկացնել որ դուք բավական ապահով կյանք ունեք մեր Հայրենիքում եվ թերեվս Ձեր անձնական արժանիքին համեմատ, ես շատ ուրախ եմ Ձեզ համար, սակայն շատ շատերը Էդմոն Ավետյանի նման (գուցե ոչ այդքան տաղանդավոր) ստիպված են սպասել թե մերօրյա Դավիթը երբ պիտի բարեհաճի իրենց էդ հայտնի «կէրակրատաշտից» փշրունքներ շնորհի…
    Հարգանքներով, Գալուստ Ենոքյան

  6. Hayk says:

    Տիկին Պետրոսյան դուք ընդդիմադիր կուսակցության անդամ եք թե իշխանական??????

  7. katarina says:

    տիկին ալվարդը միշտ էլ աչքի է ընկել իր հեռատեսությամբ…….բա պիտի գովաբանի, որ ապահով մթնոլորտ ստեղծի իր անձի և …..մոտ կանգնած մարդկանց համար:

  8. Յուրի Աբրահամյան says:

    Չեմ հասկանում, տիկին Պետրոսյանը իսկապես միամիտ է, թե իրեն միամիտի, մնացածին էլ հիմարի տեղ է դնում; ԲԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ

  9. Տիգռան says:

    Մի պահ ենթադրենք, թե այն ամենը, ինչ ասվել է, ճիշտ է… բայց այդ ամենը ինչ կապ ունի ընտրությունների ելքի հետ… Այսինքնէ եթե ընկերասիրությունը բավարա?ր է խախտելու երկրի սահմանադրությունը և լավ ընկերոջ համար լցոնել քվեատուփերը.. Թե ինչու այս հարցը չի տվել լրագրողը կամ ինչու մտքով չի անցել այս հարցին ևս պատասխանել, թողնենք լրագրողի և պատասխանողի խղճին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031