Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, թող ՀՀԿ-ն էլ պայքարի երկրորդ տեղի համար»

Մարտ 30,2013 14:32

ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել՝ մասնակցե՞լ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, թե՞ ոչ, քանի որ հրատապ այլ գործեր ունեն:

«Բարգավաճ Հայաստանը» կուսակցություն է. կուսակցություն է՝ բոլոր հատկանիշներով հանդերձ, եւ որեւէ կուսակցական ընտրություն բաց չի թողնելու, որովհետեւ կա թիմ, կա առանցք, առանցքի շուրջ ձեւավորված զանգված, ուժ, նպատակ ու ծրագիր: Իսկ նախագահական ընտրությունները, ինչպես մենք արդեն քանիցս ասել ենք, կուսակցական ընտրություններ չեն, անհատի ընտրություններ են: Եկեք թողնենք, որ անհատները կայացնեն իրենց որոշումները եւ ոչ մի կերպ չխառնենք դա կուսակցական ընտրությունների հետ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հակադարձելով դիտարկմանը, որ, այնուհանդերձ, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն, որն անտեսեց նախագահական ընտրությունները, այսքան ակտիվորեն պայքար է սկսել Երեւանի ավագանու ընտրություններում: Տիգրան Ուրիխանյանը մեկ անգամ եւս հավաստիացնում է, որ ԲՀԿ-ն չի շեղվելու իր կողմից արդեն երկար ժամանակ հստակված նպատակից՝ «փո-փո-խու-թյուն. այդ փոփոխությունը սկսվելու է Երեւանից, ինչպես հուշում է մեր կարգախոսը»: Ուրիխանյանը նաեւ, իր գնահատմամբ՝ «բավականին բաց ակնարկեց», որ դա ԲՀԿ-ի «հեռանկարային նպատակի իրականացման առաջին քայլն է»:

ԲՀԿ մամուլի խոսնակին խնդրեցինք հստակեցնել մեկ-երկու, ԲՀԿ-ի կարծիքով, առաջնային խնդիր, որոնք հրատապ փոփոխելու կարիք ունեն եւ քաղաքական, եւ տնտեսական դաշտերում: «Քաղաքական դաշտի կարգավորումը պահանջում է քաղաքական մենաշնորհից ձերբազատում: Հետեւաբար՝ ինչպես ասել ենք սրանից շատ ժամանակ առաջ նաեւ, ընտրական կարգում փոփոխություններ»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ մնում է տնտեսական բարեփոխումներին. «Գողանալ է հարկավոր քիչ կամ, ավելի ճիշտ, հարկավոր է ընդհանրապես չգողանալ: Դրանով է պայմանավորված, որ վերջերս՝ հատկապես իմ եւ գործընկերներիս կողմից տարբեր կիրթ ու կոռեկտ հարցադրումներ հնչեցին: Այսինքն՝ արդյունավետ վարչարարության, այդ թվում նաեւ Երեւանում մունիցիպալ վարչարարության մեջ իրականացվող փոփոխությունը պետք է սկսել դրանից՝ խնայողությունից, տնտեսումից կամ, ավելի ճիշտ՝ ժողովրդի հանդեպ հանցագործություններ չկատարելուց: Մենք թվերի լեզվով հարցեր տվեցինք պատասխանատուներից շատերին՝ քաղաքապետին, կառավարության ղեկավարին, կառավարության անդամներին՝ կոնկրետ ոլորտների կոնկրետ պատասխանատուներին ու դիմացը ստացանք վիրավորանքներ: Բայց շարունակելու ենք մեր հարցերն ուղղել: Մայրաքաղաքում ամեն ինչ է հարկավոր փոխել՝ անիմաստ փողերի վատնումը, ջարդուփշուր եղած ճանապարհները, բնապահպանական վիճակը, սպասարկման ոլորտը, ծառայությունների մատուցման ոլորտը, տրանսպորտի վիճակը»: Ի դեպ, Երեւանի ավագանու ԲՀԿ-ական կազմը կողմ է քվեարկել 2012 թվականի մայրաքաղաքի բյուջեի կատարողականին: Տիգրան Ուրիխանյանի հակադարձումը հետեւյալն է. «Հենց դրա համար էլ ավագանու կազմը փոխվելու է»:

Ավագանու ընտրություններին մասնակցող իշխանական ուժը եւ ընդդիմադիրները հայտարարում են, որ հավակնում են առաջին տեղին, ՀՀԿ-ն նաեւ հստակեցնում է, որ ընդդիմադիրները երկրորդ տեղի պայքար են մղում. ԲՀԿ-ն իրեն տեսնո՞ւմ է ՀՀԿ-ի գծած սցենարում՝ հարցին Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Դե, թող ՀՀԿ-ն էլ պայքարի երկրորդ տեղի համար»: Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ, որ այս ընտրություններում եւս չմիավորվելով՝ ընդդիմությունը արծաթափայլ սկուտեղով Երեւանի իշխանությունը մատուցում է իշխող ՀՀԿ-ին, քանի որ ՀՀԿ-ի ձեռքում են նաեւ լծակները: «Ընդդիմության անունից կոմպետենտ չեմ խոսելու, բայց մենք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության լայն դաշտի մեջ ենք եւ կոնկրետ ընտրությունների առումով ունենք լայն հետաքրքրություններ՝ ընտրական կարգի հսկում, արդար եւ արդյունավետ ընտրության իրականացում, ընտրություններից հետո հետագա-համատեղ գործողությունների քննարկում: Այդ հարթակները ավելի քան բավական են, որ իշխանությանը սկուտեղի վրա որեւէ բան չմատուցվի»,- ասաց ԲՀԿ խոսնակը: Դիտարկմանն էլ՝ փաստորեն, ԲՀԿ-ն հույս ունի, որ ընդդիմադիր ուժերը Երեւանի ավագանիում կկարողանան մեծամասնություն ձեւավորել, պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն մեծամասնություն կձեւավորի: Բայց դա չի նշանակում, որ ցանկացած պարագայում եւ ցանկացած ֆորմատով մենք չենք կարող համագործակցել քաղաքական այլ սուբյեկտների հետ»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ ԲՀԿ-ում քննարկում եղա՞վ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու վերաբերյալ: «Քննարկում չի եղել»,- եղավ պատասխանը: Մեր հարցին էլ՝ այդ միջոցառմանը չմասնակցելու ի՞նչ խնդիր են տեսնում, Ուրիխանյանն իր անձնական տեսակետը բարձրաձայնեց. «Որեւէ խնդիր առհասարակ չեմ տեսնում: Անկեղծ ասած՝ բոլոր գործերս երկրորդ պլանի չեմ մղել ու դրա մասին մտածում, երբ օրերը կմոտենան՝ նոր կմտածեմ դրա մասին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրայր says:

    Այո բայց ԲՀԿ-ն և իր առաջնորդւ սովորական պոպուլիստներ են և ամենակոռումպացված և ամենա բյուրոկրատական կուսակցություններից մեկն էլ հենց ԲՀԿ -ն է; Էլ ինչ եք ուզում:

  2. Արմեն says:

    Փաստորեն ձեր սուբյեկտիվ կարծիքով ԲՀԿ-ն կուսակցություն է, թե կատակում եք:

    Ասում եք ծրագրեր էլ ունեք, բայց ձեր հումորը շատ բարձր որակի է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031