Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիակի հարցը» մեջտեղից դուրս եկավ

Մարտ 30,2013 12:59

Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը՝ հացադուլը դադարեցնելու մասին, ուրախալի լուր է: Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանում, որ որեւէ մեկը իրեն միտումնավոր կերպով վնաս տա եւ փչացնի իր առողջությունը: Նժդեհականները, առաջին հերթին՝ Գալուստ Սահակյանը, ասում են՝ «չենք ուզում, որ տուժի որեւէ հայ մարդ»: Բայց ես, ազգային պահպանողական չլինելով,  առողջության հետ կապված իմ ցանկությունը տարածում եմ Երկրագնդի բոլոր մարդկանց վրա՝ անկախ իրենց քաղաքական եւ կրոնական հայացքներից, ռասայական եւ ազգային պատկանելությունից: Դրա համար, ի դեպ, ես որոշակի տհաճություն եմ ապրում, երբ բուռն քննարկման առարկա է դառնում կառավարության որոշումը՝ Հայրիկյանի բուժման համար գումար հատկացնելու մասին: Ինչո՞ւ Հայրիկյանին, ինչո՞ւ պետական բյուջեից՝ քաղաքական հարթության վրա այդ հարցերը անպայման պիտի տրվեն, գուցե այստեղ քննադատությունն իրոք տեղին է, եւ այդ փողը ավելի նպատակահարմար էր այլ ձեւով ծախսել: Բայց ես փորձում եմ վերանալ այդ հանգամանքներից եւ հարցն ընկալել այսպես. ինչ-որ մեկը, տվյալ դեպքում՝ պետությունը ցանկանում է փրկել մեկ մարդու կյանքը: Դրա  մասին չարժե երկար խոսել. ես, որպես հարկատու, այդ գործի համար իմ փողերը չեմ ափսոսում:

Նույնը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Կարելի է, իհարկե, ձեռքերը շփել ու չարախնդալ՝ ոչինչ չստացվեց, պարզապես ձեւեր էր թափում եւ այլն: Բայց կարծում եմ՝ առողջության հարցում չի կարելի մարդուն «շիրա տալ» կամ «թասիբի գցել»՝ անպայման շարունակիր քո ինքնախեղումը, թե չէ՝ մենք քեզ կծաղրենք եւ անսկզբունքային կհամարենք: Այդ չարությունը չի կարող արդարացվել որեւէ քաղաքական դրդապատճառով:

Հացադուլը դադարեցնելն ունի եւս երկու դրական կողմ. այն թույլ կտա թե մնացած քաղաքական ուժերին, թե փորձագետներին (որոնց մասին Րաֆֆին երեկ մի երկու թթու խոսք ասաց), թե լրատվական դաշտին կենտրոնանալ «Ժառանգության» առաջնորդի ոչ թե առողջական վիճակի կամ սննդակարգի, այլ զուտ քաղաքական քայլերի վրա: Մի բան է, երբ դու սկսում ես քո ռեպորտաժը «այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի  հացադուլի այսինչերորդ օրն է»  նախադասությամբ: Մեկ այլ բան է, երբ դու հայտնում ես, որ տվյալ քաղաքական գործիչն ասաց այս եւ պահանջեց այն:

Վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումն ապացուցում է, որ նրա գործողություններում բացակայում է ընդդիմախոսին սպառնալու, շանտաժելու տարրը, որը, ինչ մեղքս թաքցնեմ, ես տեսնում էի պայքարի այս ձեւի մեջ: Հասկանալի դարձավ, որ «իմ դիակի վրայով» արտահայտությունը փոխաբերական իմաստ ուներ, իսկ «Հայաստանի որեւէ անկյունում հանգչելու» պատրաստակամությունը պարզապես տուրք է սփյուռքահայ դարձվածքաբանությանը:

Պայքարը ձեռք բերեց զուտ քաղաքական բնույթ, եւ դրանում բոլորս պետք է Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողություն ցանկանանք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Տիգռան says:

    Արամ, ինչպես միշտ, դու ձգտում ես մինչև վերջ անկեղծ լինել… Հազվագյուտ, բայց իսկապես վեհ հատկանիշ է, որով օժտված են բացառիկ մարդիկ… Եվ բնական է, որ քեզ չեն կարող հասկանալ հազարները… Երբ դու քննադատում ես իշխանություններին, դու միաժամանակ անհանգստանում ես նրան փոխարինելու պատրաստ ուժի հնարավորություններով, բայց մարդկանց հետաքրքում է միայն իրենց նախասիրած ուժի հաղթանակը, այսինքն` թե ինչ կլինի դրանից հետո, մեծամասնությանը չի հետաքրքրում: Բայց տվյալ դեպքում մի բան անկասկած է` եթե իշխանությունները չեն կարող ապահովել արդար ընտրություններ, ուրեմն նրանք պետք է հեռանան… Բնական է., որ ամեն ազգ ինքը պետք է լուծի իր խնդիրները: Բայց այս ճշմարտությունը վերաբերում է միայն գերհզոր ուժերին, քանի որ փոքր ազգերը միշտ գտնվել են հզորների ազդեցության տակ` անզոր լինելով սեփական քաղաքականություն իրագործելու… Հայաստանն իմ կարծիքով երբեք հեղինակությամբ չի փայլել միջազգային ասպարեզում և երբեք չի վայելել միջազգային հզոր ուժերի համակրանքն ու աջակցությունը… Եթե հաջողվեր ստեղծել իսկապես մի արդար ու օրինական պետություն, Հայաստանի վարկը մեծ դեր կունենար արտաքին քաղաքականության հաջողության հարցում, բայց անկախության քսան տարիների ընթացքում մեր ստեղծած իշխանապետություններով մենք կարծես ցույց ենք տալիս ամբողջ աշխարհին, թե իրականում մենք ինչքանով ենք արժանի մեր տեղը ունենալու ազատ ու ժողովրդավար երկրների կողքին…

  2. ani says:

    Իսկ ես ափսոսում եմ, շատ եմ ափսոսում իմ վճարած հարկերը: Պարույր Հայրիկյանն էս պետության միակ հիվանդ մարդը չի ու ինքը ոչ մեկիցս առավել չի:
    Ում որ ձերբակալել են Հայրիկյանի գործով, թող նրանցից էլ գանձեն Հայրիկյանի բուժման ծախսերը: Մենք հարկատուներս, մեր վճարած ահռելի հարկերի պատճառով ինքներս հաճախ մեզ անհրաժեշտ դեղորայքի գումարը չենք ունենում, որ գնենք: Եթե Դուք, պարոն Աբրահամյան, այդքան մեծահոգի և շռայլ մարդ եք, ապա խնդրեմ, վճարեք Ձեր գրպանից, իսկ ես հոգնել եմ կերակրել էս երկրի օլիգարխներին ու իրենց լակոտներին, հիմա էլ էս մանր-մունր քաղաքական գործիչներն ավելացան

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Գուցեեւ ճիշտ եք: Պարզապես քաղաքականությունն ինձ այդչափ չի հուզում, որ մարդու կայնքի եւ առողջության հետ կապված կարողանամ դատել, ով է մանր, ով խոշոր:

      • Avag says:

        Հարգելի Արամ,կարծում եմ խնդիրը գումարը չի,1000-ապատիկը գողանում են,այլ հատկացման
        ձևը:Մեկն առաջարկում էր ուղղակի բացել հաշվեհամար,ինչպես հարյուրավոր այլ հիվանդներ,և,
        հաշվի առնելով Հայրիկյանի բազմահազար ? ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻ գոյությունը,երևի կհավաքվեր ավելի
        շատ:Դա կլիներ արդար:

  3. roman says:

    ապրես Արամ ջան

  4. Հրանտ Պապիկյան says:

    Հարգելի Պարոն Աբրահամյան, ես այս “ինքնազոհ” քայլին,որը սկզբից հացադուլ էր, հետո “համեստ ծոմ” դարձավ,ինչպես նաև` “իմ դիակի վրայով”, կամ “ինձ այսինչ տեղը կթաղեք..” և այլ նմանատիպ արտահայտություններին ի սկզբանե լուրջ չեմ վերաբերվել, համարել եմ չարդարացված և ոչ իրատեսական “վա բանկ”, անհեռատես “բլեֆ”, գունավոր տեխնոլոգիա…
    Դա իմ անձնական կարծիքն էր, որը ինչպես Րաֆֆին կասեր` “գոյության իրավունք ունի”, իսկ այժմ նաև իրավունք ունի համարվել իրականությանը համապատասխանող:
    Անկեղծորեն ասում եմ, որ եթե նշույլ անգամ կասկածեի, որ մարդը իրոք հավատում է իր ասածին և հաստատակամ է իր կյանքի գնով հարցեր լուծելու, ամեն ինչ կանեի դա կանխելու համար: Բայց մտքովս էլ չի անցել Րաֆֆուն “մահապարտի” կերպարի մեջ պատկերացնել: Հարկ եղած դեպքում էլ` չեմ խուսափել իմ կարծիքը այս ամենի մասին ի ցույց դնել և հիմնավորել:
    Բայց մեր հանրության մեջ նաև շատ են իմ տեսակից տարբերվող` ավելի դյուրահավատ, ավելի ռոմանտիկ, փրկիչների սպասող, կուռքեր ստեղծող և դրանց ամեն ասածին անվերապահորեն հավատացող մարդիկ: Նրանք մեր համաքաղաքացիներն են, որոնցից յուրաքանչյուրի համար սիրտս ցավում է: Շատերը շատ լուրջ էին ընդունել Րաֆֆիի ասածները: Իրեն “զոհասեղանին” դրած առաջնորդի կերպարը մարդկանց մի մեծ խմբի ուժեղ ՍԹՐԵՍԻ էր ենթարկել այդ “սոսկալի” հեռանկարով: Հիվանդագին էին ընդունում որևէ կասկած կամ քննադատություն “սրբի” հասցեին: Դա անձամբ եմ զգացել, մարդկանց հետ խոսալուց: “ԴԻԱԿԻ ՀԱՐՑԸ” այսպես թե այնպես պետք է փակվեր: Չէր կարող չփակվեր, և շատ լավ է որ փակվեց… Ես չեմ ուզում գնահատականներ տամ այդ հարցը փակելու ձևին և մեկնաբանությանը, որովհետև “ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ” իմաստով ասված բաներ վերջերս հաճախ ենք լսում, ուղղակի հարկավոր է երևի արդեն ամեն ասածից հետո հարց տալ` լուրջ ես ասում, թ՞ե փոխաբերական: Որ կարողանայինք բոլոր չկատարած խոստումների մեջ փոխաբերական իմաստ տեսնենք, կյանքը ավելի թեթև կթվար երևի….
    “Հացադուլը” ծոմի տակ “սղղացնելը” մի քիչ ավելի բարդ է, դրանք լիովին տարբեր բաներ են և նույնիսկ փոխաբերական իմաստով հնարավոր չէ նույնացնել: Մեկը պայքարի ծայրահեղ և այլընտրանք չունեցող միջոց է, մյուսը` կրոնական ծես: Բայց դա էլ ասենք թե “կերցվեց”, փառք աստծո այս մի էջն էլ փակեցինք, պրծավ գնաց:
    Ես լրիվ ուրիշ բանի մասին եմ ուզում Ձեզ հարցնեմ`
    – Ազնի՞վ քայլ էր արդյոք այդ “դիակի հարցը” ԲԱՑԵԼԸ!!!, որի փակվելու համար ինչպես ասեցի` շատ ուրախ եմ: Պե՞տք էր արդյոք դա անել:
    – “Կեղծիքադուլը” համահո՞ւնչ էր արդյոք այս` բառախաղերի վրա հիմնված “քաղաքական” ակցիային, թե՞ դա էլ էր մի ինչ որ այլ իմաստով ասված:
    – Ընդհանրապես այդ հարցը անազնի՞վ միտում ուներ, թէ՞ ուղղակի հուզական և չկշռադատված էմոցիոնալ գործողություն էր, որը քաղաքական գործիչի` այն էլ երկրի ղեկին հավակնողի համար մի անուն ունի` ՍԽԱԼ ՔԱՅԼ:
    – Եթե սխալվել էր, ինչու՞ ես դեռ իր բերանից չեմ լսել իր անկեղծ խոստովանությունը և գնահատականը այդ մասին
    – Եթե սխալ չի եղել, այլ սովորական բլեֆ, ապա ինչու՞ մեր բերանից ինքը չլսի դրա արժանի գնահատականը
    – Եվ ընդհանրապես ժամանակը չէ՞, որ արդեն սկսենք բոլոր “գործիչներին”, լինի իշխանական, թե ընդիմադիր` գնահատել ըստ իրենց խոսքի կշռի, և հետևողականորեն թույլ չտանք մեր ականջներին “լապշա” կախել: Ժամանակը չէ՞, որ ստիպենք հարգել մեզ:
    Օրինակ այս հարցը արդեն քսան օր է ինձ չի թողնում հանգիստ քնեմ: Այնպիսի տպավորություն է, որ հերթական անգամ ինձ և համաքաղաքացիներիս հիմարի տեղ են ուզում դնել, վիրավորվում է ինքնասիրությունս:
    Ինչու հերթական անգա՞մ, դե որովհետև տարբեր պաշտոնյաներ և իշխանիկներ դա պարբերաբար անում են, և անպատիժ մնալով, մի տեսակ “սովորել” ենք: Բայց երբ նույն բանը անում է մի մարդ, որը երդվում է, որ իր միակ կյանքի նպատակը այդ երևույթից մեզ ազատելն է… երբ իրեն առաքյալ հռչակողն է խաբում, դա ինձ ափերից հանում է…

    • Հրանտ Պապիկյան says:

      Մի արդեն ինձ ծանոթ հակադարձում կա իմ այս հարցերին, որը աչքիս էլի նույն տեղից է շրջանառության մեջ դրվել: Ասում են` -ի՞նչ ա, ուզում էիք մարդը մեռնե՞ր, որ ասեիք լավն ա…
      Ավելորդ անգամ այդ տափակ հարցին չպատասխանելու համար նորից եմ կրկնում`
      ԵՍ ՉԵՄ ԱՍՈՒՄ ԻՆՉՈՒ ՉԻ ՄԵՌԵԼ!!!
      ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ ԻՆՉՈՒ՞ Է ԱՍԵԼ, ՈՐ ՄԵՌՆԵԼՈՒ Է… Տարբերությունը ընկալում եք չէ՞,ինչու է մարդկանց հոգաբանական տեռորի ենթարկել, դրա համար հոդված չկա՞…

  5. Տիգրան says:

    Ամբողջ խնդիրն այն է, որ Րաֆի Հովհաննսիյանն իսկապես գտնվում է դժվարին դրության մեջ և նրան քննադատողները լավ կլիներ մի պահ իրենց պատկերացնեին նրա տեղը, եթե կարող են, իհարկե… Իշծանությունները, տարբեր տեսակի նախանձողները, չկամեցողները ամեն ինչ անում են նրան հեղինակազրկելու համար… Իմ կարծիքով, մենք իրավունք չունենք Րաֆիին քննադատել այն քայլերի համար, որոնք նա կատարում է` լինելով անբնական և լարված վիճակում, որի հիմնական մեղավորները իշխանություններն են` կեղծելով ընտրությունները… Րաֆին իր տեղում չէ: Նրա տեղը որոշել է ժողովուրդը` ընտրելով նրան: Կարծում եմ` մեզնից ամեն մեկը յուրովի մեղավոր է դրա համար: Ընտրություներում հաղթած մարդուն փորձում են զրկել իր իրավունքից: Այ սա է գլխավոր հարցը, որի պատասխանը ստանալուց հետո միայն կարելի է քննադատել Րաֆիին իր միամտության համար, բայց ոչ ստի կամ խաբերության համար…

  6. Արմեն says:

    Էլի մատերից հոտ քաշելով ենք խոսում <>: Իսկ որտեղ են

    փաստերը, թե դուք ձեր ուզածը համարում եք փաստ: Ասեմ որ մարդու ուզածն ու

    իրականությունը տարբեր բաներ են հաճախ: Հասկացեք վերջապես նա նախագահ չի ընտրվել,

    հակառակ դեպում կունենար փաստեր օրենքին համապատասխան: Օրենքը դա թույլ է տվել , որ

    համապատասխան ձևով բողոքարկվի և ընթացք ունենա;

    Եթե ուզում եք, որ Հայաստանը անընդմեջ դոփի իր տեղում կամ հետ

    գնա, ապա շարուանկեք, ասեմ որ դա լավ կարողանում եք անել:

    Կենսաբանությունը նույնպես գիտություն է, իսկ նա հացադուլի մասին, մարդու ֆիզիոլոգիայի

    մասին հստակ գնահատականներ ունի: Րաֆֆին հստակ խաբում է և խաղում միամիտ

    մարդկանց զգացմունքների հետ: Հիմա գնացել է տղայություն է խաղում Կապանում, ախր

    դա է օրինապաշտությունը, թե ձեև է գտել օրինապաշտ ասելով, ամեն վարկյան խախտում է

    օրենքն ու միավորներ հավաքում:

  7. Tigran says:

    Արմենին-հրապարակում ամենամիամիտը հենց ինքը Րաֆֆին է.հակառակ դեպքում ՍՍ-ի հետ հանդիպմանը չեր ասի, որ ինքն էլ չի հաղթել:Հրապառակ գնացածների մեծ մասը Րաֆֆուց ավելի տեղյակ է փետրվարի 18-ին կատարվածի մասին…

  8. Հրանտ Պապիկյան says:

    Տիգրան ջան, ես քո ասածը հարգեցի և ընդունեցի: Այն, որ դու շատ բարի մարդ ես` դա պարզ է: Բայց համաձայնիր` բարեկամ, որ քաղաքականությունը դաժան օրենքներ ունի: Եկ վերանանք նրանից, թե մեզնից ով որ թեկնածուին է ընտրել, չխոսանք քաղաքական ծրագրերից, կողմնորոշումներից: Քննարկենք այն հատկանիշները, որով պետք է օժտված լինի մեր երկրի նախագահը, որպեսզի այս դաժան արտաքին աշխարհի հորձանուտում մեր “նավը” ծանծաղուտ չտանի կամ չխորտակի, ալիքներին կուլ չգնա, ինչ որ մեկից կամ երևույթից չնեղանա և ղեկը ձեռքից գցի… և նաև ենթադրենք թե տվյալ թեկնածուն ազնիվ ու շատ բարի քրիստոնյա է: Ես հստակ տեսնում եմ իր գործողություններում լուրջ տակտիկական սխալներ և սայթաքումներ: Արդար լինի իր պայքարը, թե ոչ, նման սխալների համար մեծ քաղաքականության մեջ նրան ուղղակի կուլ կտան: Կամ մի՞թե Ձեր նշած միամտությունը, որը միգուցե իմ և ձեր համար կին ընտրելիս համարեինք դրական հատկանիշ, որևիցե կապ ունի նախագահի մեզ անհրաժեշտ կերպարի հետ: Ամեն մարդ ունի իր մաքսիմումը, որը կարող է պատվով կատարել, հարգվել և գնահատվել դրա համար, իսկ դրանից ավելիին հավակնելու դեպքում` ֆիասկո և կրախ ունենալ: Այս առումով` նախագահական աթոռի նշաձողը Րաֆֆիի էմոցիոնալ, մի քիչ ռոմանտիկ, մի քիչ նեղացկոտ, մի քիչ էլ ամբիցիոզ կերպարի համար իմ կարծիքով անիրատեսական է ընտրված և ուժերի գերագնահատումով: Եվ ամբողջ խնդիրը ըստ իս հենց դրանում է, պետք չէ ուրիշ հարթություններում փնտրել:

  9. Galust says:

    Հարգելի Արամ,
    Դուք գրում եք. “ինչ-որ մեկը, տվյալ դեպքում՝ պետությունը ցանկանում է փրկել մեկ մարդու կյանքը: Դրա մասին չարժե երկար խոսել. ես, որպես հարկատու, այդ գործի համար իմ փողերը չեմ ափսոսում”:
    Այս դատողությունը կիսատ է, տնավարի:
    Ես կշարունակեմ.
    քանզի մեր պետությունը ոչ հնարավորություն, ոչ էլ խասյաթ ունի փրկել բոլոր կարիքավորների կյանքը, ուրեմն, տվյալ դեպքում, այդքան խոշոր գումար հատկացնելով “մեկին”, առավել ևս, որ նրա կյանքին հաստատապես վտանգ չի սպառնում, պետությունը մահվան է դատապարտում դրա կարիքն էլ ավելի ունեցողներին, ասենք ծանր հիվանդ երեխաներին:
    Այսինքն, պետության փող “ունենալ-չունենալը” ընտրովի է: Եվ նա գումարը տալիս է նրան, ում հետ կապված շահ ունի, թքած ունենալով նույն հիվանդ երեխաների վրա, որնց հետ կապված “պետությունը” շահ չունի..
    Սա արդեն չեղավ պետություն, այլ թայֆա, կամ մաֆիա: Իսկ եթե մաֆիա են, թող իրենց գրպանից շպրտեին էդ գումարը, ինչու են մեզ կրկնակի թալանում?

  10. Տիգրան says:

    Մարդիկ արտահայտվում են իրենց դիրքերից` այսօր պաշտոնյա է, կապ ունի իշխանությունների հետ, բնականաբար պաշտպանում է նրանց, վաղը ինչ-ինչ պատճառով կհանեն գործից, կպաշտպանի ընդդիմությանը. ահա ամբողջ ճշմարտությունը` կարող է առաջադիմություն լինել մի երկրում, որտեղ սուտն ու կեղծիքը, ինքնահավանությունը այս աստիճանին են հասել… ”Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց հաղթել հնարավոր չէ”… Այսինքն` եթե մարդ իր վարվելակերպով, իր պահվածքով ստիպում է իրականությանը` ոչնչացնել իրեն` մարդուն, ուրեմն չարժե ինքնահավանության հետ գլուխ ջարդել… Ամեն ինչ նախորոշված է ոչ թե թշնամու ավելի ուժեղ լինելով, այլ մեր ինքնահավանությամբ, գոռոզությամբ ու ծանծաղամտությամբ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031