Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Երեւանը երազում է դարձնել «պետություն պետության մե՞ջ»

Մարտ 30,2013 10:43

Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին թեպետ դեռ մեկ շաբաթ կա, բայց այն, ըստ էության, կարելի է սկսված համարել։
Դատելով ԲՀԿ-ական տարբեր գործիչների վերջին օրերի հրապարակային հայտարարություններից, Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը մտադիր է «վերցնել» Երեւանի քաղաքապետարանը։ Ճիշտ է, ԲՀԿ-ն դա կարծեք մտադիր է անել ոչ այնպես, ինչպես մեծ կոմբինատորն էր օդանավ ձեռք բերում՝ «փաթաթեք սավառնակը, ես այն գնում եմ»։ Բայց որոշ նմանություն կա։
Հետաքրքիր է, օրինակ, հենց միայն այն, որ ԲՀԿ-ն մտադիր է Երեւանում ավելի քան 160 նախընտրական շտաբ բացել։ Եթե նկատի առնենք, որ մայրաքաղաքում ընտրողների թիվը մոտավորապես 770 հազար է (2009թ. պաշտոնական տվյալների համաձայն), ապա «Բարգավաճ Հայաստանի» ամեն մի շտաբին բաժին է ընկնում միջինը 4800 ընտրող։ Սա այն դեպքում, եթե մայիսի 5-ին անխտիր բոլոր ընտրողները գնան քվեարկության, այսինքն՝ 100% մասնակցություն լինի, ինչն, իհարկե, իրատեսական չէ։
Երեկ իր ֆեյսբուքյան էջում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ առաջադրած թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գրել է. «Ասեմ, որ կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները եւ կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին եւ գնում ենք հաղթելու»:
Դա, իհարկե, հասկանալի է։ Եթե որեւէ ուժ մտել է պայքարի մեջ, առավել եւս, եթե այդ ուժը թե՛ երկրի խորհրդարանում, թե՛ հենց Երեւանի ներկայիս ավագանու կազմում ունի մեծությամբ երկրորդ խմբակցությունը, բնական է, որ ձգտի լինել առաջինը, այսինքն՝ հաղթի։ Սակայն ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը հետագա շարադրանքում շատ ավելի ուշագրավ հայտարարություններ է արել։
Մասնավորապես. «Այս ընտրությունները խիստ կարեւոր են: Ֆորմալ իմաստով՝ այո, սա քաղաքային ընտրություններ են, բայց, ըստ էության, համապետական՝ հաշվի առնելով Երեւանի կշիռը հանրապետությունում: Երեւանն իր ներուժով եւ կարողություններով պետություն է պետության մեջ»։
Նման խոսք կա, թե քաղաքական գործիչներին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար։ Բայց երբեմն թաքուն մտքերն էլ են բարձրաձայնվում՝ ակամա կամ մտածված եւ քողարկված, ինչպես, կարծում ենք, այս դեպքում է։ Փաստորեն Վարդան Օսկանյանի պատկերացմամբ Երեւանը «պետություն է պետության մեջ»։
Այն, որ Երեւանի ու Հայաստանի մյուս քաղաքների միջեւ մի շարք առումներով մեծ տարբերություններ կան, անվիճելի է։ Ավելին՝ դա Հայաստանի ցավոտ խնդիրներից մեկն է։ Բայց ասել, թե Երեւանը պետություն է պետության մեջ, արդեն չափազանցություն է։ Եթե, իհարկե, «Բարգավաճի» նպատակադրումը հենց դա չէ, որ եթե, ասենք, հաղթեն ավագանու ընտրություններում, մայրաքաղաքը դարձնեն իսկապես «պետություն՝ պետության մեջ», դրանից բխող անախորժ հետեւանքներով։
Դատելով Վարդան Օսկանյանի գրառման տրամաբանական ընթացքից, նա կարծես հենց դա էլ նկատի ունի։ Ներկայացնելով առաջիկա ընտրությունների վերաբերյալ դիտարկումները «քաղաքական ու քաղաքային» հարթություններում, ԲՀԿ ցուցակի թիվ 1 թեկնածուն մասնավորապես ասում է. «Սա քաղաքական ընտրություն է։ Նախ, որովհետեւ քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարեւորագույն դերակատարը:
Երկրորդ, որովհետեւ ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ միասին քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից միանշանակորեն կշահի երկիրը, ժողովրդավարությունը եւ քաղաքացին»:
Վարդան Օսկանյանի պես փորձառու քաղաքական գործչին, որ նաեւ երկար տարիներ ԱԳ նախարար է եղել, այնուամենայնիվ արժե թերեւս որոշ բաներ հիշեցնել։ Նախ՝ որքան էլ որ Երեւանը բնակչության առումով Հայաստանի մոտ 1/3-ն է, դրանից դեռ չի հետեւում, որ Երեւանի քաղաքապետը «երկրորդ կարեւորագույն դերակատարն» է։ Չպետք է մոռանալ նաեւ, որ քաղաքապետը միանձնյա չի ղեկավարում Երեւանը, այլ ընտրվում է ավագանու կողմից, որին էլ, ի դեպ, հաշվետու է։ Դասական իմաստով, մենք ոչ թե քաղաքապետ ենք ընտրելու, այլ քաղաքային խորհուրդ (ավագանի), որի կազմն այս անգամ կարող է բավական խայտաբղետ լինել։
Երկրորդ. ինչո՞վ է Երեւանի քաղաքապետը դառնալու «հանրապետության երկրորդ կարեւորագույն դերակատարը», եթե անգամ երիցս «ոչ իշխանական կուսակցության» ներկայացուցիչ լինի։ Հապա ի՞նչ ասի երկրի ԱԺ նախագահը։ Իսկ վարչապե՞տը։ Ինչացո՞ւ են մյուս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաները։ Այդ ի՞նչ համապետական խնդիրներ է լուծելու Երեւանի քաղաքապետը, որ երկրի երկրորդ կարեւոր դերակատարը համարվի։ Թե՞ դա ասվում է արդեն «պետություն՝ պետության մեջ»-ի տրամաբանությամբ։
Ոչ պակաս էական է եւ այն, թե այդ ինչո՞վ է «ոչ իշխանական ուժի» ներկայացուցիչ քաղաքապետը հակակշիռ ստեղծելու իշխող կուսակցությանը։ Մեծ հարց է նաեւ, թե «ոչ իշխանական» կամ ընդդիմադիր քաղաքապետ ունենալուց ի՞նչ են շահելու երկիրն ու քաղաքացին։ Ենթադրելի է, որ այդ պարագայում ցանկացած հարցի շուրջ հակասություններ ու որոշակի առճակատում կարող է առաջանալ պետության գործադիր իշխանության, այսպես ասենք՝ ֆեդերալ կառավարության եւ մայրաքաղաքի (մունիցիպալ) իշխանության միջեւ։ Իսկ դա, ըստ էության, կարող է հանգեցնել նրան, որ այս կամ այն, նույնիսկ փոքր թվացող հարցը տեղապտույտի մեջ ընկնի։
Չէ, իսկապես, երեւանցիներն ի՞նչ են ակնկալում Երեւանի քաղաքապետից։ Շատ ավելի «հողեղեն» բաներ. աղբահանություն, քաղաքի մաքրություն, տրանսպորտի եւ առհասարակ քաղաքային տնտեսության աշխատանքի նորմալ, արդյունավետ կազմակերպում, կանաչապատում, քաղաքաշինական բազմաթիվ հարցերի լուծում եւ այլն, եւ այլն։ Ու այդ ակնկալիքների շարքում, հաստատ, վերջին տեղերում է այն, թե այսօր ի՞նչ «սուր քաղաքական բան» կասի Երեւանի քաղաքապետը, օրինակ, վարչապետի կամ պետության նախագահի հասցեին։
Ինչ վերաբերում է «ոչ իշխանական ուժերի համագործակցության» ակնարկին, ապա, կներեք, այդ ուժերը, ներառյալ հենց ԲՀԿ-ն, անգամ ի վիճակի չեղան ամենանպաստավոր պահին միասնական ցուցակով հանդես գալ Երեւանի ավագանու ընտրություններում, դարձան միմյանց մրցակիցներ, ինչի՞ մասին է խոսքը։
Մի բանում, սակայն, Վարդան Օսկանյանը իրավացի է. Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են։ Ինչո՞ւ։ Դե, որովհետեւ, նախ, տեղական ինքնակառավարման մարմինների, առավել եւս՝ մայրաքաղաքի ղեկավարության ընտրությունները չեն կարող քաղաքական չլինել։ Եվ հետո, Երեւանի ավագանին միակ մարմինն է, որը ձեւավորվում է 100% համամասնական ընտրակարգով։
Ի դեպ, «քաղաքային հարթության» վերաբերյալ Վարդան Օսկանյանի դիտարկումները շատ ավելի ընդհանրական են։ Բայց «այդ մասին՝ հաջորդ դասին»։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031