Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆու փասիանսը

Մարտ 30,2013 10:36

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կիրակի օրը, այսինքն` Սուրբ Զատկի տոնին կդադարեցնի հացադուլը, որը նա ծոմ որակեց հերթական անգամ: Սակայն դա արդեն կարևոր չէ: Փաստն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե բացում է հետընտրական պայքարի նոր էջ, որի կապակցությամբ հնարավոր է անել հետևյալ ամրագրումները. Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնամուխ է լինում պայքարի ֆիզիկապես ակտիվ փուլին և հայտարարում ապրիլի 9-ին պատրաստվելու մասին, վերականգնելով նաև մարզային այցելությունները: 

Սա մարտահրավեր է իշխանությանը, որովհետև հետընտրական շարժումը կարող է իսկապես նոր թափ հավաքել: Նետելով իշխանություններին այդ մարտահրավերը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, նաև բաց է թողնում, այսպես ասած, երկխոսության ճանապարհը` այն իմաստով, որ այլևս հացադուլի մեջ չէ, և ըստ էության, Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի պատասխան քայլն անելու` ընդունելով Րաֆֆիի որոշումը որպես հացադուլը դադարեցնելու և խոսելու մասին իր հորդորին անուղղակի դրական պատասխան: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը քայլ է անում ընդառաջ, սակայն միևնույն ժամանակ պայքարի նոր ակտիվ փուլ հռչակելով` փորձում է ինքզինքն ապահովագրել Սերժ Սարգսյանի կողմից խաբվելու հեռանկարից, նաև Սարգսյանին որոշակիորեն փորձելով պարտադրել հաջորդ քայլն անելու իրավիճակ:

Այս ամենին զուգահեռ` Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ոչ այնքան ցանկալի կարող է լինել այն ուժերի համար, որոնք քաղաքապետական ընտրություններին փորձում էին համապետական աստառ հաղորդել: Խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, ոչ միայն ալեգորիկ, այլ ուղղակի իմաստով է ծավալում համապետական պայքարի նոր ալիք՝ այցելելով մարզեր, և այստեղ արդեն քաղաքապետի ընտրությունները համապետական ընտրությունների էֆեկտի տակ անցկացնելն ու այդպիսով հետընտրական պայքարի դրոշակը նախընտրական էֆեկտի միջոցով վերցնելու մարտավարությունը կարող է թողնել հեղինակներին ձեռնունայն:

Խոսքը հասկանալի է, որ առաջին հերթին ԲՀԿ-ի, իսկ հետո նաև նրա սատելիտների մասին է: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը սույնով նաև փորձում է գործնական քայլեր կատարել ներքաղաքական իրավիճակը իր ոտքերի տակից հոսելուց հետ պահելու համար: Սա նշանակում է իր հերթին, որ պատասխան հակաքայլեր պետք է սպասել այդ ուժերի կողմից, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվությունը ակնհայտորեն չի բխում նրանց շահերից: Բնականաբար, սա ենթադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվացմանը զուգահեռ նրան վարկաբեկելու պրոցեսի ակտիվացում կլինի, սակայն գրեթե կասկած չկա, որ այդ ամենից բացի` կլինեն նաև այլ քայլեր, ըստ որում` չի բացառվում նաև սադրանքի փորձեր:

 Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031