2013 թվականի մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը դատարանի որոշմամբ մարտի 29-ին տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց` ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նա պարզաբանեց, որ քննիչը նրան հոգեբուժարան տեղափոխելու մասին գրավոր միջնորդության է ներկայացրել դատարան, որը բավարարվել է:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ Վրեժ Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում` «շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ: «Նկատի ունենալով, որ Վրեժ Գալստյանի մոտ հոգեկան հիվանդության առկայությունն ու բնույթը, ինչպես նաեւ գործի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն, որի կատարում հանձնվել է Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին: Քանի որ հետազոտությունը պետք էր կատարվեր ստացիոնար պայմաններում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա գտնվի հիվանդանոցում, ուստի քննիչը դիմել է դատարան` նրան տեղավորելու հոգեբուժական կլինիկայում»,- նշեց Սոնա Տռուզյանը:
Սա նշանակում է, որ գործի նախաքննությունը շարունակվում է, եւ երբ ստացվի փորձաքննության եզրակացությունը, վերջնական ապացույցների արդյունքում կորոշվի, թե որտեղ նա կկրի պատիժը: Չի բացառվում, որ Վրեժ Գալստյանին ուղարկեն հարկադիր բուժման: