Երեկ Aravot.am-ը հրապարակել էր գյումրեցի մի քանի հայտնի մտավորականների կարծիքները «Գյումրու տարվա մարդ» տիտղոսին արժանացած 22-ամյա Պետրոս Պետրոսյանի մասին, ով « Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ժողովրդական երգիչ» նախագծի անցած տարվա հաղթողն է: Մտավորականները փաստել էին, որ իրենք չեն ճանաչում այս երիտասարդին, իսկ տիտղոսը շնորհող հանձնաժողովի որոշ անդամներ մեզ հետ զրույցում դժգոհել էին , որ երիտասարդը Գյումրու մեծահարուստներից մեկի` «Վանատուր» ռեստորանային համալիրի ու Գյումրու օդակայանի գործադիր տնօրեն Սեյրան Չուխաջյանի փեսան է, և այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել վերջինս:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրու տարվա մարդ» ծրագրի հեղինակ , դրամատուրգ Արթուր Էդարը, անդրադառնալով այս հարցին, տեղեկացրեց, որ ընտրությունը կատարում են հանձնաժողովականները, իսկ հանձնաժողովը ներկայացուցչական է. կան ներկայացուցիչներ մարզպետարանից, քաղաքապետարանից,Առաքելական եկեղեցուց, տարբեր ԶԼՄ-ներից, բուհերից, առողջապահական հիմնարկներից: Հանձնաժողովի մեջ ընդգրկված են Գյումրիում մեծ ճանաչում, հարգանք վայելող մարդիկ, օրինակ` գլխավոր գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, 1-ին «Գյումրու տարվա մարդ» Մարտին Թադևոսյանը, բանաստեղծ Ղևոնդը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Վահան Շահբազյանը և այլք, որոնք անչափ սկզբունքային են: Այնպես որ, ըստ դրամատուրգի, նրանց կարծիքի վրա ազդելը ու ծանոթով գործ հոգալը հազիվ թե հնարավոր լինի, եթե չասենք բացառված:
Բացի այդ, ըստ Արթուր Էդարի, 15 հոգանոց հանձնաժողովից թող 2-3 ծանոթ լինեին Պետրոս Պետրոսյանի աներոջ հետ, բա մնացա՞ծը:
Արթուր Էդարի տեղեկացմամբ, 12 հոգուց 10-ը հօգուտ Պետրոս Պետրոսյանի են քվեարկել: Ըստ նրա, իրենց մոտ քվեարկությունը փակ է, այնպես որ չհամաձայնելու դեպքում կարող էին իրենց ձայն չտալ հօգուտ Պետրոսի: «Սա ընդամենը խրախուսական տիտղոս է, շնորհակալություն հայտնելու մի ձև, նյութական ոչ մի պարգև չկա, ոչ մի արտոնություն չի տալիս, ոչ հարկերն են զեղչվում, ոչ էլ ավտոբուսի տոմսն է ձրի դառնում»,- ասում է «Գյումրու տարվա մարդ» ծրագրի հեղինակը :
22-ամյա երիտասարդի տարիքի հետ կապված էլ վերջինս տեղեկացրեց, որ հանձնաժողովում իրոք բանավեճի թեմա է դարձել տարիքը, սակայն, ըստ նրա, պետք է վերջ դնել խորհրդային կարծրատիպին, որ խրախուսվողը պարտադիր պետք է լինի կուսակցական, 50 տարեկանից ոչ պակաս և պարտադիր փողկապով:
Արթուր Էդարի մեկնաբանմամբ, խրախուսելով 22-ամյա Պետրոս Պետրոսյանին, իրենք խրախուսել են Գյումրու ողջ երիտասարդությանը: «Խրախուսել ենք Գյումրու ողջ երիտասարդությանը` հանուն իրենց քաղաքի նորանոր հաղթանակներ տանելու միտումով»,-ասաց Արթուր Էդարը:
Նա խոստացավ այս հարցին տալ սպառիչ մեկնաբանություններ բաց նամակով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ