Վանաձորում մեկնարկած վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոնը նպատակ ունի շտկելու այդ բացը:
Լոռու մարզում վավերագրական ֆիլմեր դիտելու մշակույթը գրեթե բացակայում է:
Այդ մասին այսօր Վանաձորում մեկնարկած վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոնի շրջանակներում Aravot.am-ին հայտնեց «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ հ/կ-ի «Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց» ծրագրի ղեկավար Սյուզան Հովսեփյանը` տեղեկացնելով, որ փառատոնը նպատակ ունի լրացնելու այդ բացը:
Կարդացեք նաև
«Շատ քչերն են վավերագրությանը տեղ տալիս եւ արժեւորում այն: Այդ նպատակով էլ եռօրյա փառատոնը հնարավորություն կտա մարզում եւ հատկապես Վանաձորում վավերագրության` որպես արվեստի ճյուղի, վավերագրական ֆիլմեր դիտելու մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը»:
Փառատոնն իրականություն է դարձել CAUCADOC ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ հ/կ-ի, չեխական «People in Need» հ/կ-ի և Հարավային Կովկասի` «Սակդոկ ֆիլմ» ու Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հ/կ գործընկեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ:
«Երեք օր շարունակ ցուցադրվելու են վեց ֆիլմեր`յուրաքանչյուր օր 2-ական ֆիլմ: Ցուցադրվելու են բնապահպանության, քաղաքացիական ակտիվության, միգրացիայի, ռասիզմի, ֆիզիկական արատներով երեխաների ինտեգրման թեմաներով ֆիլմեր, որոնց թեմատիկան քիչ թե շատ առնչվում է մեր իրականության հետ, եւ մեր մարզի հիմնախնդիրների հետ որոշակի զուգահեռներ կարելի է տանել»,-ասում է Սյուզան Հովսեփյանը` տեղեկացնելով, որ յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից հետո հաջորդելու է քննարկում` փորձագետների մասնակցությամբ, ինչի միջոցով վեր կհանվեն մարդու իրավունքների հետ կապված որոշակի հիմնախնդիրներ ու կտրվեն լուծումներ:
«Նման փառատոնները կարեւորում եմ, քանի որ նախադեպը չունեցող երեւույթ է Վանաձորում: Գուցե մեզ մոտ հաջողությամբ ավարտվելու դեպքում վավերագրական ֆիլմերի կուլտուրա կձեւավորվի, եւ մենք կկարողանանք իրական փաստերի հիման վրա ստեղծված ֆիլմեր նկարահանելով բարձրացնել հասարակության հիմնախնդիրներն ու լուծում տալ դրանց»,-ասում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Քրիստինե Հովսեփյանը:
Հետագայում նախատեսվում է ֆիլմերը ցուցադրել ավելի քիչ թվով մասնակիցների խմբերում, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ հ/կ-ի շահառու համայնքներում, ինչպես նաեւ այլ հ/կ-ների շահառուների ու անդամների համար:
Ծրագիրը միաժամանակ իրականացվում է նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ