Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում կարևորելով Երևանի զբոսաշրջային գրավչության ու հարմարավետության ապահովումը, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 նոր հյուրանոցային համալիրներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ավան վարչական շրջանում ընթացող «Վինթոն Հոթել Երևան» հյուրանոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում նախագծի վրա պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել ապագա հյուրանոցի հետ կապված մանրամասներ. «Ներկայումս տարեկան Երևան են այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ և այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երևանը հարմարավետ պետք է լինի թե մեր քաղաքացիների և թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար: Եվ այդ տեսանկյունից անշուշտ կարևոր է նաև նոր հյուրանոցների կառուցումը: Երևանում այսօր ունենք 44 հյուրանոցներ, այս տարի շահագործման կհանձնենք ևս 5-ը: Ընդ որում, այս հարցում ևս առաջնորդվել ենք Երևանի համաչափ զարգացման ապահովման դիրքերից: Արդեն հայտեր ունենք և քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն