Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի օգնականը ուզում տեղափոխվել Գյումրի

Մարտ 29,2013 20:14

Aravot.am –ի աղբյուրների հաղորդմամբ, ԱԺ-ում որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնական աշխատող վանաձորցի Նարեկ Վանեսյանը հավակնում է դառնալ Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի կամ էլ նույն քաղաքի ծննդատան տնօրեն: Նա իր թեկնածությունն է առաջադրել երկու առողջապահական հիմնարկների գործադիր տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին:

Մեր այն հարցին, թե բժշկական համալսարանը վերջերս`2010 թվականին ավարտած երիտասարդը ունի ՞ արդյոք բուժհիմնարկի զարգացման ծրագիր ու նաև կառավարման փորձ, որպեսզի կարողանա ղեկավարել 500 հոգանոց բարդ, տարբեր հիվանդանոցներից հավաքված կոլեկտիվը, արդյոք նրա փաստաթղթերը բավարարո՞ւմ են օրենքի այդ պահանջը, համաձայն որի թեկնածուն պարտադիր պիտի ունենա 2 տարվա կառավարման կամ 3 տարվա ձեռնարկատիրական փորձ, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պոողոսյանը պատասխանեց, որ ըստ օրենքի, արգելված է հրապարկել մրցույթին մասնակցողների անունները, հետևաբար և չի կարող պատասխանել մեր հարցերին:

Նշենք, որ Գյումրու նորաբաց առողջապահական կենտրոնի տնօրենի համար իր թեկնածությունն է առաջադրել նաև այդ հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Իսահակյանը, որը հայտնի է կառավարման հետաքրքիր մեթոդներով ու մեծ փորձով: Նա մինչև այդ ղեկավարում էր Գյումրու ծննդատունը: Այժմ մրցույթ է հայտարարված նաև Գյումրու ծննդատան գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Այստեղ, մեր տեղեկություններով, 6 հոգի հավակնում են այդ պաշտոնին: Նրանցից 3-ը հենց ծննդատան աշխատակիցներ են, որոնց թվում է նախկին տնօրեններից մեկը` Վարդան Սարգսյանը, ով ևս ուզում է վերականգնվել իր հին պաշտոնում: Թեկնածու կա Արթիկից, սակայն գյումրեցի բուժաշխատողներին ոչ այդքան զարմացնում է տեղի թեկնածուների տնօրենների պաշտոնին հավակնելը, որքան դրսի, առավել ևս պարոն Ծառուկյանի երիտասարդ օգնականի: Նրա Գյումրի տեղափոխվելու ցանկությունը իրոք հարցեր է առաջացնում գյումրեցիների մոտ, ինչո՞ւ է ուզում պաշտոնավարել մի քաղաքում, որտեղ դրսից եկած կադրերին դժվարությամբ են ընդունում, ինչո՞ւ է երիտասարդը որոշել լքել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ո՞վ կա նրա թիկունքին: Այս հարցերը մենք փորձեցինք ճշտել Նարեկ Վանեսյանից, որի հեռախոսահամարը սակայն անհասնելի էր, իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Այդուհանդերձ, պատրաստ ենք լսել Նարեկ Վանեսյանին, որը, կարծում ենք, կպատասխանի գյումրեցի բուժաշխատողներին հուզող հարցերին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031