Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զուգարանային պատերազմը» շարունակվում է

Մարտ 29,2013 19:42

zugaranՄարտի 29-ին Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սամվել Գիշյանը«Առավոտի» թղթակցին  հայտնեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքային մարզադաշտին եւ իրեն պատկանող հանդիսությունների սրահին կից տարածքում նորակառույց, դեռեւս չգործարկված հասարակական զուգարանի կոյուղագիծ են կառուցում, այն միացնում  գործող սելավատարին: Այդ վայրում հանդիպեցինք Սամվել Գիշյանին եւ տեղում շինարարական աշխատանքները ղեկավարող Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին:

Նշենք,որ հասարակական զուգարանը քանդելու պահանջով Սամվել Գիշյանը հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, այս գործով վճիռը կհրապարակվի ապրիլի 4-ին:

Ս. Գիշյանը նաեւ քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով վիճարկում է հասարակական զուգարանի կառուցման համար քաղաքապետարանի կողմից շինթույլտվության հատկացման օրինականությունը:

Ս. Գիշյանն ասաց, որ նորակառույց հասարակական զուգարանի կոյուղագծի միացումը սելավատարին անօրինական է. առողջապահության նախարարի 2010թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում հասարակական զուգարաններ տեղակայվում են հասարակական եւ բնակելի շինություններից առնվազն 50 մ հեռավորության վրա, նորակառույց զուգարանը գտնվում է քաղաքի մշակույթի տան եւ հանդիսությունների սրահի կողքին:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, այդ որոշումը վերաբերում է ոչ թե հիմնական, այլ ժամանակավորապես տեղակայվող զուգարաններին: Քաղաքապետն ասաց, որ նախկինում նույն տարածքում Ա. Գիշյանը հասարակական զուգարան է աշխատեցրել, որ իրենց կողմից կառուցվող կոյուղագիծը փակ է լինելու եւ 30 մ հեռավորությունից միանալու է կոյուղագծի հորին:

Ս. Գիշյանը հայտնեց, որ Նոյեմբերյան քաղաքի 30 բնակիչներ, որոնց բակերով անցնում է կոյուղաջրերով բաց սելավատարը, տիրող հակասանիտարական վիճակի համար բողոքի նամակ են գրել հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը, որ հասարակական զուգարանի գործարկումից հետո հակասանիտարական վիճակն ավելի է վատթարանալու:

Նոյեմբերյանի քաղաքապետը ցույց տվեց մոտակայքում առկա, սակայն չգործարկվող կոյուղու հորը: Նա ասաց, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու գետնի տակ գտնվող, սակայն չգործարկվող կոյուղագիծը գտնելու եւ հասարակական զուգարանը դրան միացնելու համար:

Քաղաքապետարանի ճարտարապետ Մեխակ Ամիրաղյանն ասաց, որ 1990-ական թվականներից այդ տարածքում անօրինական կառուցապատումներ է արել Սամվել Գիշյանը, որի հետեւանքով խորհրդային տարիներին կառուցված կոյուղագիծը հայտնվել է գետնի տակ, այժմ չի գործում:

Հավելենք, որ հասարակական զուգարանը կառուցվել է «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, զուգարանի շինարարության համար ծախսվել է 6 միլիոն 172 հազար դրամ , որից համայնքի ներդրումը՝ 4 միլիոն 349 հազար դրամ:

5500 բնակիչ ունեցող Նոյեմբերյանում հասարակական զուգարան չկա, դրա կառուցումը քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի նախընտրական ծրագրերից է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Խաչատուր Մարոզյան says:

    Հասարակական զուգարանի կառուցումը չի անցել համապատասխան փորձաքննություն, կոյուղագծի բացակայության պատճառով հոսող բոլոր կեղտաջրերը միացված են սելավատարին, որին մոտ կառուցված բնակելի տների բնակիչները /մոտ 30 մարդ/ իրենց վրդովմունքն են հայտնել ու կառուցված զուգարանը քանդելու հարցում իրավական աջակցություն ստանալու նպատակով գրավոր դիմում ներկայացրել «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ:

    Ես կարծում եմ, որ քաղաքապետի նախընտրական ծրագրում այլոց իրավունքները ոտնահարելու և առողջության հաշվին, օրենքները ոտնահարելով, չեր կարող լինել նման զուգարանի կառուցումը: Ավելին՝ ըստ թերթի՝ քաղաքապետարանի պատասխանատուները կոյուղագծի բացակայությունը պատճառաբանում են նրանով, որ իբր Ս. Գիշյանի մեղքով գործող կոյուղագիծը չի գործում և հայտնվել է հողի տակ: Շատ հետաքրքիր և տարօրինակ փաստ. ուր՞ էին նայում պատասխանատուների աչքերը, երբ Ս. Գիշյանը բացահայտ ապօրինություն էր կատարում և շարքից հանում էր գործող կոյուղագիծը:

  2. Խաչատուր Մարոզյան says:

    Ձեզ հետ համաձայն եմ պարոն Մառոզյան: Հասարակական զուգարան կառուցելուց առաջ այդ նախագիծը պետք է անցներ համապատասխան փորձաքննություններր և եթե դա կատարվեր, ապա ես համոզված եմ, որ այդ զուգարանը չեր կառուցվի, քանի որ այն հակասում է ՀՀ ԳՈՐԾՈՂ օրենսդրությանը, իսկ քազաքապետը տվյալ դեպքում զոռբայությունով կառուցել է այդ կառույցը, քանի որ նա շատ լավ գիտակցում է իր անպատժելիությունը և այդպիսով աննպատակ վատնում է պետության փողերը և ոչ մի պետական մարմին դրան չի դարձնում համապատասխան ուշադրություն:
    Հասրակական զուգարանը կառուցվում է հասարակական վայրերում, այլ ոչ թե մատավորապես 100-150մ հեռավորությամբ հասարակական վայրից և այդ զուգարանը գնալու համար մարդը ոչ թե պետք է անցնի այդքան երկար ճանապարհ, այլ անցնի գլխավոր մայրուղուց: Հիմա հարց է առաջանում, թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ զուգարանի կառուցումը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031