Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռու մարզի միակ գյուղական պարբերաթերթն այսուհետ իր մասին պատմող ֆիլմ ունի

Մարտ 29,2013 19:22

Գյուղի սահմաններից դուրս ճանաչման խնդիր ունեցող պարբերաթերթը քայլեր է անում` շտկելու իրավիճակը:

Այսուհետ Լոռու մարզի միակ գյուղական` «Մարգահովիտի Զորավիգ» պարբերաթերթի ստեղծման պատմության մասին հանրապետության բնակչությունը տեղեկություններ կարող է ստանալ նաեւ համացանցից:

Hovhannes Sardaryan

Գյուղի սահմաններից դուրս ճանաչելիության խնդիր ունեցող պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Սարդարյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է, որ գործունեության հինգ տարիներից հետո թերթը հանրապետության մասշտաբով ներկայացնելն անհրաժեշտություն էր դարձել:

«Քանի որ մեր հիմնական ընթերցողները գյուղի բնակիչներն ու վանաձորցիներն են, մտածեցինք, որ անհրաժեշտ է զբաղվել թերթի հանրաճանաչության խնդրով, եւ արդյունքում ստեղծվեց թերթի ստեղծման ու հետագա գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ»,-ասում է Հովհաննես Սարդարյանը:

Նա հույս է հայտնում, որ մարգահովիտցի 6 բարերարների հովանավորությամբ ստեղծված «Մի թերթի պատմություն» ֆիլմը ճանապարհ կբացի այլ շահագրգիռ անձանց իրենց ներդրումն ունենալու թերթի հետագա զարգացման գործում:

«Հնարավոր է, որ ֆիլմը դիտելուց հետո լինեն շահագրգիռ մարդիկ, ովքեր մեզ հետ համագործակցեն, որպեսզի թերթը հանրահռչակվի, ընդլայնի իր տիրույթները, տպաքանակը ավելանա, բովանդակությունը, թեմատիկան ընդլայնվի»,-բացատրում է թերթի գլխավոր խմբագիրը` նկատելով, որ լրացուցիչ ֆինանսավորման պայմաններում հնարավոր կլինի աշխատակիցների թիվն ավելացնել ու այդկերպ խուսափել միօրինակ ոճից:

«Քանի որ մարգահովիտցիների «Զորավիգ» հայրենակցական հ/կ-ն կարողանում է թերթի տպագրման համար գումար հատկացնել տարվա մեջ ընդամենը չորս անգամ, ուստի մենք չունենք լրագրողներ, խմբագիրը միանձնյա է կատարում այդ ամենը: Սա միօրինակության է հանգեցնում. ես ինչքան էլ ձգտում եմ անաչառ լուսաբանել, այնուամենայնիվ, խուսափել միօրինակ ոճից գրեթե չի ստացվում, որովհետեւ մեկ հոգով լրատվամիջոց պահելը  դժվար է»,-եզրափակում է Հովհաննես Սարդարյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031