Հայաստանում են «The Voice» հայտնի երաժշտական ծրագրի ռուսաստանյան տարբերակի՝ «Голос»-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչատրյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը: Նրանք «Jazz Parking» ծրագրի շրջանակներում հանդես կգան համատեղ համերգով «Հայաստանի ձայնը» ծրագրի մասնակիցների հետ:
Համերգին կմասնակցեն նաեւ հայտնի հայ երգիչներ, ինչպես, օրինակ, Սոնան, Շուշան Պոտրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Նիկ Էգիբյանը եւ այլն:
«Jazz Parking» ծրագրի անցկացումը Հայաստանում նախատեսվում է դարձնել ամենամսյա:
Լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ իր կարծիքը հայտնեց «The Voice» ծրագրի հայաստանյան տարբերաի մասին «Голос»-ի ֆինալիստ Մարգարիտա Պոզոյանը. «Ծրագրին մասնակցում են նաեւ իմ ընկերները: Ես հաճախ եմ հետեւում համերգներին: Ըստ իս՝ մասնակիցները բավականին ուժեղ են եւ մրցակցության արժանի»:
«Jazz Parking» ծրագրի մասին խոսեց նաեւ նախագծի հեղինակ եւ երաժշտական պրոդյուսեր Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը. «Այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է տաղանդավոր երիտասարդների համար, քանի որ այստեղ կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ, ով տաղանդ ունի»: Վերջինս խոստացավ, որ Երեւանյան համերգը լինելու է նախատիպը չունեցող ու անմոռանակ ՝ բարձրակարգ եւ որակյալ երաժշտությանբ՝ հավելելով, որ կենդանի ձայնը իրենց այցեքարտն է:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ