Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում, քաղաքապետը հետևել է ընթացիկ տարվա շինբարեկարգման ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին:
Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Ի մասնավորի, Նարեկացի թաղամասի բակային տարածքում մեկնարկած աշխատանքների մասով զեկուցվել է, որ այն իրականացվում է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Բնակիչներն էլ իրենց հերթին նշել են, որ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները: Բոլոր երեք բակերի բնակիչներն էլ ընդգծել են, որ ընթացող բարեկարգման այս ծրագրերն իրապես առաջնահերթ խնդիր է եղել իրենց համար և վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Արդեն ամռանը նախկին անխնամ տարածքների փոխարեն բակերը կահավորված կլինեն գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու խաղահրապարակներով:
Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ էին ընթանում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ընդլայնմանը, ինչպես նաև ծառերի և թփերի պահպանմանն ու խնամքին:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Թումանյան թաղամասում կառուցվող նոր այգու շինհրապարակ: Պատասխանատուները զեկուցել են, որ հանգստյան գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, ինչպես նաև արտաքին լուսավորության նոր ցանցով: Կկառուցվեն ճեմուղիներ, կտեղադրվեն նստարաններ ու զրուցարաններ, ինչպես նաև մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ.
Կարդացեք նաև
«Երևանցիների կողմից Ավան վարչական շրջանի հաճախ մատնացույց արվող բարեկարգ բակերի և բազմաթիվ այգի-պուրակների առատությունը, կարծիք էր ձևավորել, Ավանում էլ անելիք չկա: Բայց իրականում, ինչպես տեսնում ենք, թե բակերի բարեկարգման, և թե նոր այգիների ստեղծման մասով անելիքներ այստեղ ևս դեռ կան: Եվ ոչ միայն Ավանում, այլև բոլոր վարչական շրջաններում ենք մենք իրականացնում բակերի համալիր բարեկարգման և նոր այգի-պուրակների ստեղծման լայնածավալ աշխատանքներ, որպեսզի մի քանի տարի անց Երևանում այլևս անբարեկարգ բակ կամ պուրակ այլևս չունենանք: Եվ բոլոր նրանց, ովքեր միշտ օրինակ են բերել Ավան վարչական շրջանը, վստահեցնում եմ, որ կարճ ժամանակահատվածում ամբողջ մայրաքաղաքում կունենանք նույն պատկերը»,-նշել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Ավան վարչական շրջանում ընթացող «Վինթոն Հոթել Երևան» հյուրանոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում կարևորելով Երևանի զբոսաշրջային գրավչության ու հարմարավետության ապահովումը, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 նոր հյուրանոցային համալիրներ. «Ներկայումս տարեկան Երևան են այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ և այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երևանը հարամարվետ պետք է լինի թե մեր քաղաքացիների և թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար: Եվ այդ տեսանկյունից անշուշտ կարևոր է նաև նոր հյուրանոցների կառուցումը: Երևանում այսօր ունենք 44 հյուրանոցներ, այս տարի շահագործման կհանձնենք ևս 5-ը: Ընդ որում, այս հարցում ևս առաջնորդվել ենք Երևանի համաչափ զարգացման ապահովման դիրքերից: Արդեն հայտեր ունենք և քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն