Մարտի 30-ին եւ 31-ին Երեւանում ներկայացմամբ հանդես կգա հայտնի Բրիտանական «Candoco» պարի թատրոնը: Խումբը, որի կազմում հանդես են գալիս նաեւ հաշմանդամություն ունեցող անդամներ, կներկայացնի չորս մասից կազմված հումորային ներկայացում: Իրենց բեմադրություններում վերջիններս փորձում են մարդկանց մոտ կոտրել մարդկային հնարավորությունների եւ արվեստի մասին կարծրատիպերը:
Այս տարվա ընթացքում սա «Candoko» պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան, որի շրջանակներում, ինչպես եւ անցած տարի, կանցկացվի վարպետության դասընթաց հայ պարողների համար:
Ըստ խմբի գեղարվեստական համահեղինակ Պեդրո Մաչադոյի, սա հնարավորությունների լայն շրջանակ է հասարակության բոլոր անդամների համար. «Մենք չենք ուզում տարբերվել մյուս պարի խմբերից, չենք ուզում պարը ներկայացնել որպես բուժման միջոց, չնայած որ այն այդպիսի ունակություն ունի, չենք ուզում խղճահարություն առաջացնել մեր հանդիսատեսի մեջ. մենք նպատակ ունենք պարի միջոցով միավորել հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդկանց» :
Իսկ խոսելով խմբի առանձնահատկությունների մասին, վերջինս նշեց, որ խմբում ներառված են նաեւ այնպիսի պրոֆեսիոնալ պարողներ, որոնք ունեն ֆիզիկական խնդիրներ, սակայն շատ ստեղծագործական եւ կրեատիվ են:
Կարդացեք նաև
Պարող, պրոդյուսերի օգնական Դեն Դոուն էլ նշեց, որ հաշմանդամությունը ոչ մի կերպ չի խանգարում պարի հանդեպ իր սիրուն. «Պարն իմ առաջին սերն է, ես ամեն օր նորից ու նորից սիրահարվում եմ նրան»:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը անդրադարձավ ծրագրի նշանակությանը Հայաստանում. ««Candoco»-ն հրաշալի հնարավորություն է տալիս հասարակությանը հասցնելու այն ուղերձը, որ ցանկացած մարդ կարող է անել իր ցանկացածը՝ նույնիսկ եթե հաշմանդամություն ունի»:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ
Լուսանկարը՝ felixlammers.com-ից