«Ես մտածում եմ, որ Պարույր Հայրիկյանին բարոյական փոխհատուցում պիտի տրվեր, քանի որ իշխանությունն իր մեղքն ունի կատարվածի առիթով, եթե կարողացան կրակել նախագահի թեկնածուի վրա, ուրեմն՝ նա պաշտպանված չէր, դա իշխանության մեղքով էր: Այս իմաստով պետությունը պիտի իր մեղքն ընդունի, թե դա դրամական ձեւով կարտահայտվի, թե այլ կերպ՝ չգիտեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին մահափորձի հետեւանքով արտասահմանում բուժվելու համար տրամադրված 20 մլն 500 դրամի առիթով խոսակցություններին, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ «Հայաստանի պայմաններում, որ բյուջեն լափում են, եւ ժողովուրդն այս վիճակում է, գուցե դա մեծ գումար է, բայց եթե արտասահմանում բուժման համար է՝ շատ չէ: Հայաստանում եթե մարդը 100 դրամ չունի, հացի խնդիր ունի, մեծ գումար է: Բայց, եթե 100 մլն դրամ տալիս են բիոզուգարան առնում, սրա ֆոնի վրա դա նպատակային ծախս է. ժողովուրդն այն վիճակում է, որ ամեն մի նմանատիպ հատկացում, կարող է ընդվզում, բողոք առաջացնել, բայց մարդու առողջությունը ամենաթանկ բանն է»,- ասաց Հարությունյանը շարունակելով, որ Հայրիկյանն այն քաղաքական գործիչն էր, որ ժամանակին պետությունը պիտի որ ավելի ուշադիր լիներ նրա նկատմամբ:
«Նախագահը միլիոնավոր դոլարներ է ծախսում իր անվտանգության համար:
Հիմա Սերժ Սարգսյանի անվտանգությունը շատ ավելի մեծ թվով մարդիկ են հսկում նախորդ երկու նախագահների համեմատ: Հիմա, եթե նա մի անգամ գնում է այստեղից Հարսնաքար, ամբողջ Սեւանի ճանապարհին ոստիկաններ են կանգնում..»,- հավելեց Հարությունյանը, ասելով, թե չի ցանկանա, որ այս թեման շահարկվեր, քանի որ առողջության հետ է կապված:
Կարդացեք նաև
«Անկախ նրանից, թե Հայրիկյանն ընտրարշավի ընթացքում, կամ հետո ինչպես պահեց իրեն, արժե, որ պետությունը մտահոգվի նրա առողջությամբ»,- նշեց Հարությունյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ