Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասեց՝ գիտեր մտքինս, բայց դրանում վատ բան չէր տեսնում». Աղջիկը վերջապես կատարեց իր ընտրությունը

Մարտ 29,2013 18:36

Արմինեն չգիտեր` ո՞ւմ ընտրեր՝ Հարությունի՞ն, թե` Նարեկին: Վերջինիս հետ ծանոթացել է համալսարանում, ավելի ճիշտ համալսարանում xerox–ի համար նախատեսված սրահում: Աղջկա խոսքով՝ տղան ուշադիր զննում է նրան և տպագրության հանձնած գրքերից գուշակում իր ով լինելը. «Հոգեբանության ֆակուլտետի՞ց եք»,-հարցնում է Նարեկը: Շփոթված աղջիկը պատասխանում է՝ այո: Հետո մի քանի խոսք են փոխանակում ընդհանուր համալսարանական գիտելիքների և ֆակուլտետների վերաբերյալ, և Արմինեն, վճարելով իր՝ տպագրության հանձնած թղթերի դիմաց, դուրս է գալիս: Ինչպես և գուշակում էր նա, հաջորդ օրերին տղային հաճախ է հանդիպում իրենց ֆակուլտետում, սկզբում փոքր-ինչ ամաչելով, ապա համարձակորեն պատասխանում է նրա բարևին: Ապա սկսում են ավելի երկար զրուցել, պարզում են նաև, որ ընդհանուր ծանոթ ունեն. «Իմ ընկերուհու թաղամասից էր, ճիշտ է՝ իրար հետ շատ մոտ չէին, բայց Նարեկը հանուն ինձ սկսում է մտերմանալ Սոֆյայի հետ, այնպես է դասավորում, որ մի օր միասին գնում ենք պիցերիա»: Այսպես էլ սկիզբ է դրվում նրանց մտերմությանը:
Իսկ ահա Հարությունի հետ ծանոթ էր արդեն 4 ամիս: Միասին անգլերեն էին պարապում միևնույն դասավանդողի մոտ: Սկսած առաջին օրվանից տղան ամեն անգամ աղջկան ուղեկցում է տուն: Չի խոստովանում զգացմունքները, բայց չի էլ թաքցնում: Եվ ահա, երբ երկու տղաներն էլ ակնարկում են իրենց զգացմունքների մասին, աղջիկը պատասխանում է՝ ինքը ուզում է ճանաչել նրանց և միայն ընկերներ լինել, իսկ հետոն ցույց կտա: Սկզբում տղաները չգիտեին, որ բացի իրենցից, կա մեկ ուրիշը, ում հետ Արմինեն հանդիպում էր, բայց հետո աջիկը գերադասեց անկեղծ լինել երկուսի հետ էլ: Տղաներին խոստովանում է իրականությունը. «Չգիտեմ` ով ոնց կընդունի, բայց սա իմ կյանքն է, հիմա ուրիշները կարող են մտածել, թե ես սխալ էի անում, բայց իրականում ես խուսափում էի ավելի մեծ սխալներ գործելուց: Ես անկեղծ եղա նրանց հետ, որպեսզի հետո ինձ չմեղադրեին ու չպիտակավորեին»,-պատմում է աղջիկը: Նարեկը չի հասկանում նրան, ասում է.«Պետք չէ, կամ ինձ հետ խոսիր կամ նրա, այսպես արդար չէ»: Արմինեն հիշում է. «Նարեկը ահավոր խանդում էր, բայց էնպես չէր, որ ես նրանց հետ ընկերություն էի անում, ոչ, պարզապես լավ ընկերներ էին, մեկ-մեկ հանդիպում էինք ու վերջ, իսկ սիրահարներին բնորոշ բաներ մենք մեզ թույլ չէինք տալիս»: Արմինեն նաև հավելում է. «Մի շաբաթ անց Նարեկը լավ մտածեց ու եկավ ասաց, որ համաձայն է՝ ավելի լավ է երկուսի հետ էլ մտերմություն անեմ, քան առհասարակ չխոսեմ իր հետ, նա խենթի պես սիրահարված էր ինձ»:
Աղջիկը փորձում է տղաների մեջ մրցակցություն ստեղծել ՝ հասկանալու համար` ո՞վ է հանուն իրեն պատրաստ անել «անհնարինը»: «Ես որոշել էի, որ կյանքում չպիտի սխալվեմ տղաների հետ կապված հարցերում, ուրիշ աղջիկներից լսել էի , որ առաջին ընկերը վերջինը չի լինում, որը միշտ վախեցնում էր, դրա համար էլ ուզեցի զերծ մնամ վշտանալուց»,-ասում է նա:
Արմինեն հետևում է նրանց յուրաքանչյուր քայլին, թե ով ինչպես է իրեն դրսևորում հանրության մեջ, ինչպես է վերաբերվում անձամբ աղջկան, ինչ հեռանկարներ ունեն, սակայն նրա հավաստմամբ՝ այնպես է անում, որ տղաներիը չկասկածեն իր «հետաքրքրությանը» . «Ես այնպիսի դրվածք էի ստեղծել, թե մենք պարզապես լավ ընկերներ ենք, չնայած նկատում էի, որ երկուսն էլ փորձում են անել ավելին ինձ նվաճելու համար»՚՚: Տղաները անընդհատ անակնկալներ էին մատուցում, նվերներ գնում: Ծննդյան տոնին Նարեկը նրան մի մեծ արջուկ է գնում, Հարությունը՝ ևս, բայց Նարեկի նվիրածից ավելի փոքր: Պատահում էր, որ մի անգամ երկու տղաներն առանձին-առանձին կինոթատրոնի տոմսեր են գնում և առաջարկում աղջկան հիանալի ժամանակ անցկացնել. «Չգիտեի` ինչ անել, չէի կարող մեկին մերժել, մյուսին ՝ոչ: Դրա համար էլ երկուսին էլ մերժեցի, անկեղծ մի քիչ էլ բարկացած էի, որ առանց տեղեկացնելու ինքնագլուխ բաներ են արել»,-ասում է նա:
Որոշ ժամանակ անց Արմինեն հասկանում է, որ չի կողմնորոշվում իր զգացմունքների մեջ. «Հարությունի հետ ես ինձ ապահով էի զգում, և դա ինձ երջանկացնում էր, սակայն մեկ-մեկ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվում ասես նա իմ հայրն է, իսկ Նարեկի հետ ես պատրաստ էի տարբեր խենթությունների, բայց երբեմն տրտնջում էի, թե նա մի քիչ ցինիկ է»: Հետագայում աղջիկը բացահայտում է իր համար շատ կարևոր հանգամանք. Նարեկը դուրս է մնում համալսարանից և չի ցանկանում շարունակել ուսումը, ոչ էլ մտածում է աշխատանքի մասին: Արմինեի հարցերին ՝ ապագայի հեռանկարների հետ կապված, տղան միշտ պատասխանում է՝ «մի բան կլինի էլի», սակայն ոչինչ էլ չի լինում:
Ի վերջո աղջիկը կատարում է իր ընտրությունը: Նա այժմ ամուսնացած է Հարությունի հետ: Տարիներ անց 25-ամյա կինը ամուսնուն խոստովանում է իր «ուսումնասիրությունը. «Նա չզարմացավ, ասեց՝ գիտեր մտքինս, բայց դրանում վատ բան չէր տեսնում այն առումով, որ ես չէի սեթևեթում, ինձ խելոք էի պահում և դա ավելի լավ է, քան այն, որ կանայք իրենց բոլոր երկրպագուներին հույսեր են տալիս, մի քանիսի հետ ընկերություն անում, հետո ասում. «Կներես, բայց ես քեզ չեմ սիրում»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031