Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարի Երեւանը նաեւ նրանցը պետք է լինի

Մարտ 29,2013 18:15

Ի՞նչ է ուզում հաշմանդամություն ունեցող կինը: Այս հաճախ հռետորական հնչող հարցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը իր հստակ պատասխանն ունի.

«Հաշմանդամություն ունեցող կինն, ինպես եւ մնացած կանայք, ուզում է երջանիկ լինել, ուզում է սիրել եւ սիրված լինել, լիարժեք եւ գեղեցիկ ապրել՝ կապ չունի՝ որտեղ՝ գյուղում, համայնքում, թե մայրաքաղաքում»:

Զարուհու խոսքով՝ շատ կարեւոր է, որ հաշմանդամություն ունեցող կինն ինքնավստահ լինի ու ինքնուրույն բարձրացնի իրեն հուզող բոլոր խնդիրները:

Ինչպես նշում է մեր զրուցակիցը, այս դեպքում շատ կարեւոր է նաեւ այն ընտանիքի դերը, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող աղջիկը կամ երիտասարդ կինը:

«Բոլոր ընտանիքները չէ, որ ուժեղ են այդ կենցաղային հոգսերը հոգալու համար: Բոլոր ընտանիքները չէ, որ այդքան ուժ ունեն շուտ չհիասթափվելու համար: Սակայն եթե ընտանիքը օգնի հաշմանդամություն ունեցող երեխային, աղջկան կամ կնոջը, ապա նույնիսկ այս պայմաններում նա կարող է հաղթահարել համատարած անմատչելիությունը, ինչ գնով էլ լինի՝ նա կարող է կրթություն ստանալ, աշխատանք գտնել, ինչպես որ ես եմ դա արել իմ ընտանիքի հետ միասին»,-ասում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար Երեւան քաղաքի՝ դեռեւս անհասանելի մնացող հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը առաջնային է համարում նաեւ Զարուհին: Նա բաց նամակով դիմել է մայիսի 5-ին ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին, որտեղ մասնավորապես հորդորում է քաղաքական գործիչներին եւ կուսակցության անդամներին չմոռանալ, որ Երեւան քաղաքում ապրում է շուրջ 60 հազար հաշմանդամություն ունեցող բնակիչ:

«Ամեն քայլափոխին մտածում եմ՝ ես այս քաղաքից չեմ, գուցե այլ մոլորակից եմ, որովհետեւ, եթե կա նույնիսկ փոքրիկ բարձրություն, դա ինձ համար արդեն անհաղթահարելի է: Երբ մարդիկ խոսում են քաղաքում շաբաթօրյակի մասին, երբ մարդիկ խոսում են տրանսպորտի գնի թանկացման, քաղաքի ձեւավորման մասին, ես դրան նայում եմ կողքից, օտարի աչքով: Բայց ես շատ կուզեմ, որ դա եւս ինձ վերաբերվի: Որովհետեւ, եթե ես ուզենամ շաբաթօրյակին մասնակցել, ես պիտի նախ կարողանամ դուրս գալ, գնալ»,-նշում է Զ. Բաթոյանը ու ընգծում, որ շատ կարեւոր է՝ ինչ թիմով է աշխատելու ապագա քաղաքապետը:

«Ապագա քաղաքապետից՝անկախ այն բանից, թե որ կուսակցությունից

կլինի, թե անկուսակցական կլինի, ակնկալում եմ հստակ գործողություններ: Ոչ թե հարմարեցված տրանսպորտ, այլ՝ քանի ավտոբուս, ոչ թե թեքահարթակների կառուցում, այլ՝ քանի հատ, որտեղ»,- ասում է մեր զրուցակիցը՝ խոստովանելով, որ,քաղաքի անմատչելիությունից դրդված,երբեւէ չի ցանկացել լքել Երեւանը, հանրապետությունը:

«Երբեք չեմ մտածել ու չեմ մտածում այդ մասին: Ցավոք, ես ունեմ ծանոթներ ու ընկերներ, որ դիմել են այդ քայլին՝ լքել են երկիրը միայն այն պատճառով, որ այստեղ նրանց համար հարմար չէ»,-նշում է Զ. Բաթոյանը ու ավելացնում, որ ԱՄՆ-ում անցկացրած մեկ ամսվա ընթացքում կյանքում առաջին անգամ զգացել է՝ ինչ է անկախությունն ու ինքնուրույնությունը:

«Դա հրաշքի նման մի բան է: Պատկերացրեք՝ ձեր ամբողջ կյանքը ապրել եք աթոռին՝ ձեռքերը, ոտքերը կապած, ու մի օր այդ կապերը արձակեն»:

Նշենք, որ մարտի 8-ին բացվել է հաշմանդամություն ունեցող կանանց համար առաջին iԿին.am կայքը, որտեղ հաշմանդամություն ունեցող կանայք հնարավորություն ունեն կիսվելու, զրուցելու եւ իրենց ձայնը ավելի լսելի դարձնելու համար:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031