Ի՞նչ նշանակություն ունի համացանցը մեր կյանքում: Ավելի շատ ո՞ր կայքերն ենք նախընտրում և ի վերջո համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է:
Համացանց կամ Ինտերնետ (անգլերեն՝ Internet)—աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում` օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը: Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է միլիոնավոր փոքր` մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր): Համացանցը իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ: Համացանցի նորամուտը Հայաստան եղավ մեծ շուքով և հրավառությամբ:
Եվ այդ ամենի ամենագլխավոր մեղավորը համադասարանցիներ կայքն էր, որը վարակի պես գրավեց և կարծես կլանեց մեր հասարակությանը: Հոգեբաններն ապացուցել են, որ վերջին ժամանակներս սոցիալական ցանցերի շնորհիվ մարդիկ ոչ թե մտերմացել, այլ ընդհակառակը, օտարացել, մեկուսացել և կարծես թե ռոբոտացել են: Մարդիկ ռեալ և իրական շփումը նախընտրում են փոխարինել ինտերնետային շփմամբ, որն էլ ավտոմատ կերպով տանում է հասարակությունից, մարդկությունից մեկուսացման, իսկ երկարատև մեկուսացումն էլ վաղ թե ուշ կատարում է «իր գործը»` տանելով դեպի սուիցիդալ վարք` ինքնասպանություն: Պրակտիկան, ինչպես նաև ամերիկյան հայտնի «Թայմս» ամսագրի կողմից անցկացված հետազոտությունները եկել են այն կարծիքին, որ ռեալ կյանքում ավելի լավ և դրական մարդիկ սոցիալական ցանցերում ավելի հաճախ են գրում բացասական ստատուսներ, որն էլ կարող է հիմք հանդիսանալ հասարակության մեջ սխալ և թյուր կարծիքի ձևավորմանը:
Եթե մի քանի տարի առաջ համացանցի ամենատարածված սոցիալական կայքը համադասարանցիներն էր, ապա այժմ մարդիկ այն փոխարինել են Ֆեյսբուք սոցիալական կայքով: Կարելի է ասել «տեղական պրոդուկտը փոխարինեցին ինպրտնիով»: Իրականում այդքան էլ էական չէ, թե որ սոցիալական ցանցում ես գրանցված, կարևորն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը գիտակցորեն թե ենթագիտակցորեն ազդում են մարդու վարքի, մտածելակերպի և կենցաղի վրա: Վերջին ժամանակներում համացանցն իր հյուսած սարդոստայնի մեջ է գցում ավելի շատ դպրոցականների և նույնիսկ նախադպրոցականների: Երեխաներից շատերը պատկերավոր հիշողության շնորհիվ ավելի լավ տիրապետում են ստեղնաշարի լատինատառ տառերին, քան իրենց մայրենի լեզվի տառերին: Դա ևս փաստում է այն, որ երեխաներն ավելի շատ ժամանակ են վատնում համակարգչի առջև, քան հարկավոր է, ինչն էլ նոր ձևավորվող ողնաշարային համակարգի համար խիստ վտանգավոր է:
Այսպիսով, ինչպե՞ս պատկերացնենք համացանցն ու սոցցանցերը:Այն դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Կշեռքի նժարի վրա դնելով նրա դրական և բացասական կողմերը միաժամանակ` գալիս ենք այն մտահանգմանը, որ գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման ժամանակաշրջանում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի, քանի որ նրա տված ինֆորմացիան և գիտելիքներն առավել են ցանկացած հարուստ գրադարանից, մյուս կոմից էլ տարվելով այդ ինֆորմացիայի մեծ հոսքով` ունենում ենք ժամանակի մեծ կորուստ և իրական շփման քաղց: Խնդրի լուծման ամենախելամիտ և ճիշտ լուծումը հետևյալն է`օգտվել համացանցից`չանտեսելով և չմոռանալով մեր հարազատների և մտերիմների հետ ռեալ շփումը, իսկ համացանցը օգտագործել որպես ինֆորմացիայի մեծ հանրագիտարան: Դարձրեք համացանցը ձեր գերին` հնարավորինս շատ «աշխատեցնելով» և ինֆորմացիա կորզելով նրանից, այլ ոչ թե դուք դարձեք նրա գերին`անմոռաց գամվելով նրա առջև:
Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ