Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությունը գործարարներին հրավիրում է երկխոսության

Մարտ 29,2013 16:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու տնտեսության զարգացման առկա իրավիճակը, խնդիրները և անելիքները: «Երկու տարի առաջ Դիլիջանում կառավարությունը հանրապետության նախագահի գլխավորությամբ առաջին անգամ կազմակերպված քննարկման շրջանակում, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն մասնագետները, տարբեր երկրներից հրավիրված փորձառու գործիչներ և փորձագետներ, առաջ քաշեց այն գաղափարը, որ այսուհետև իշխանությունները պարտավոր են ակտիվ մասնակցություն ունենալ տնտեսության կառուցվածքի ձևավորման գործին: Մենք հանրությանը ներկայացրինք նոր տնտեսական քաղաքականություն, որն արժանացավ նաև ձեր հավանությանը և որն արդեն երկրորդ տարին է` հետևողականորեն իրականացնում ենք: Փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրված եղանակով իրականացնում է այս կամ այն ոլորտի զարգացման համալիր ծրագիր, արձանագրվում է առաջընթաց և զարգացում: Երկու տարի առաջ  ձեռնամուխ ենք եղել իրական հատվածում այդպիսի ազգային ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում կունենանք տնտեսության հստակ կառուցվածք, հստակ առաջնահերթություններ, պատշաճ պետական վերահսկողություն և թափանցիկություն, արդյունավետ աշխատող ձեռնարկություններ»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի տեսական հիմքերի ձևավորումն էր և ձեռնարկություններին օժանդակություն տրամադրող հանրապետական ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Երկրորդ քայլով պետությունը պատրաստակամություն է հայտնել` բիզնեսը զարգացնելու առաջարկությունների հիման վրա ձեռնարկատերերի հետ հանդիպումների ընթացքում քննարկել հեռանկարային ներդրումային տարբեր ծրագրերը, որոնցում անհրաժեշտ է պետության միջամտությունը: Ընդ որում, պետությունը պատրաստ է երկխոսության` ինչպես մեծածավալ վարկեր վերցրած, բայց դրանք մարել չկարողացող ձեռնարկությունների, այնպես էլ հաջողության հասած և շուկայում որոշակի դիրք զբաղեցնող, բայց որակական փոփոխության խնդրի առջև կանգնած ձեռնարկությունների բիզնես-առաջարկները և տրամադրել առկա բոլոր հնարավորությունները:

Ամփոփելով խոսքը` վարչապետ Սարգսյանն ընդգծել է. «Արդյունաբերական ռազմավարության իրականացման առաջին քայլերը լինելու են ամենադժվարինը, բայց հաջողության են հասնելու նրանք, ովքեր հավատալու են այս ծրագրին և ում հետ համաձայնության ենք գալու ռազմավարական համագործակցության շուրջ: Օգտվելով առիթից` կոչ եմ անում ձեզ լինել ակտիվ և ներկայացնել ձեր բիզնես-ծրագրերը: Մեր ռազմավարությունը լինելու է առավելագույնս օբյեկտիվ. հրապարակավ ներկայացնելու ենք այս կամ այն բիզնեսին օժանդակելու չափանիշները: Առաջին հերթին, մեզ հետաքրքրում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ, ձեռնարկությունները, որոնք ցույց են տալիս, որ պետական օժանդակության շնորհիվ ստեղծվում են բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղեր, ձեռնարկությունները,  որոնք ակնհայտորեն ունեն մենեջմենթի բարձր մակարդակ, ինչն ապացուցվում է իրենց կենսագրությամբ և վերջին հինգ տարվա ընթացքում տնտեսություն վարելու փորձով: Առաջնահերթ են լինելու նաև այն ծրագրերը, որոնց շուրջ գործարարները կարող են միավորվել և իրականացնել համատեղ»:

Այնուհետև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը զեկուցել է արդյունաբերության ոլորտի ընթացիկ իրավիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող հիմնական միջոցառումների մասին: Ելույթով են հանդես եկել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրանք անդրադարձել են ոլորտում առկա խնդիրներին և կարևորել պետության օժանդակությունն այդ խնդիրների լուծման գործում: Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հանդիպմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, արծարծվել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակահարմարության հարցը և այլն:

Նեղ կազմով հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ  քննարկել  է ներդրումային նոր ծրագրերը` ուղղված արտահանման աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը կամ ավելացմանը, արտադրության ընդլայնմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակության հարցը:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031