Ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան եւ գործարար միջավայրի և ազատ մրցակցության խնդիրները» թեմայով քննարկմանը այսօր Ֆրանսիայից skype-ով միացած ֆրանսահայ գործարար Վալերի Գործունյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց. «Ուզում եմ այդ պարոնից իմանալ, օրինակ, «Կարֆուրը» կարող է շաքար բերել Հայաստան, ինչպե՞ս պետք է բերի, եթե շաքարի ներկրումը Հայստանում մենաշնորհային է»:
Ի պատասխան պարոն Այվազյանը վստահեցրեց. «Հիմա կարող եք մտածել ներկրման մասին: Կարող եմ պնդել, որ արդեն չկա մենաշնորհ»:
Իսկ թե երբվանից կարելի է ներկրել, ասաց՝ արդեն չեմ կարող ասել:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ «Կարֆուրի» գործունեության դեպքում երկու վտանգ է տեսնում. «Երկու հարթության վրա եմ տեսնում վտանգը: Բուն խնդիրը , որ առաջացավ՝ ինչու «Կարֆուրը» խնդիր ունի մտնել շուկա: Հերթական անգամ ցույց է տալիս, որ օլիգարխիկ- մոնոպոլիզացված տնտեսությունը շատ վախկոտ է, վախենում է ցանկացած արտաքին մրցակցությունից, որովհետեւ գործ է ունեցել չինովնիկների հետ… Քանի որ ոչ թե շուկայական մեխանիզմներով է վերցնում շուկան, նա շուկայական իմաստով մրցունակ չի կարող լինել: Եկեք պատկերացնենք, որ մեր շուկան մոնոպլիզացված չէ, եւ մտնում է «Կարֆուրը»: Այստեղ ուրիշ վտանգ կա, որ պետությունը պետք է իր ներքին տնտեսվարող սուբյեկտին պաշտպանի»:
Կարդացեք նաև
Պարոն Այվազյանն էլ հարցրեց պարոն Մեսրոպյանին՝ դուք որեւիցե անգամ տնտեսվարությամբ զբաղվել եք, որ տնտեսությունից եք խոսում. «Երբեւէ դու ուզեցե՞լ ես շաքար ներկրել, եւ չե՞ն թողել, կներեք՝ դուք»:
Պարոն Այվազյանը նաեւ շարունակեց. «Ես չեմ հասկանում, ինչո՞ւ է «Կարֆուրի» շուկա մտնելը մեծ իրադարձություն համարվում: Իհարկե ուրախալի է, որ նման մեծության ընկերությունը գալիս է Հայաստան, բայց ես ուզում եմ հասկանամ՝ ո՞վ է խանգարում գալ ու գրանցել ընկերությունը: Ես խնդրում եմ՝ ասեք, ո՞նց են խանգարելու, եթե «Կարֆուրը» գա ու ուզենա տարածք վարձակալի, վարձակալություն չտա՞ն, ո՞նց, ասեք եղանակը: Գալիս ֆիրման գրանցում է, գնում շենքը վարձակալում է, ինձ ասեք՝ ո՞նց են խանգարելու: Ցավում եմ, որ սա դարձել է համազգային քննարկման ատարկա»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքերով, ավելի ճիշտ կլինի հարցադրում անել՝ որքանո՞վ է պաշտպանված տեղական արտադրողը եւ ո՞րն է այն հնարավոր տարբերակը, որ տեղական արտադրողի համար լավագույն պայմանները կստեղծի:
Skype-ով զրույցին միացած Վ. Գործունյանն էլ հավելեց, որ գործարարը Հայաստանում չի կարող պաշտպանված լինել, որովետեւ Հայաստանում օրենքը չի աշխատում:
Հարցին, թե ինչու Կարֆուրը, չնայած նախնական պայմանավորվածությունների, այդպես էլ Դալմայում չբացվեց, պարոն Այվազյանն ասաց. «Կարող է իր ակնկալվող շահույթը ուրիշից է ցանկանում ստանալ, ինչի Դալման չի տալիս վարձակալության, ուրեմն շահույթն է քիչ, իրար տեսել են, իրար դուր չեն եկել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ