Այսօրվա ասուլիսում հարց հնչեց, որ հավաքական ֆուտբոլիստների հետ լրագրողների շփումը խիստ սահմանափակ է: Հնարավոր չէ՞ այն որեւէ կերպ մի փոքր բացել, որին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Դա ճիշտ չեմ համարում: Գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները նախապատրաստվելու համար ընդամենը չորս օր են ունենում: Իսկ դուք գիտե՞ք, թե հավաքականի հանդիպումների ժամանակ քանի հայտ է ստացվում ԶԼՄ-ներից: Մոտ 300: Ինչպե՞ս եք պատկերացնում բոլորի շփումը ֆուտբոլիստների հետ»:
Երկրորդ հարցին, որ հանդիպման ժամանակ ստադիոնում լրագրողներին հատկացված տեղերը զբաղված են լինում եւ մարզական, այդ թվում՝ ֆուտբոլային թեմաներով գրողներից շատերը ստիպված են լինում ոտքի վրա հետեւել խաղին, իսկ հետխաղյա աուլիսում այդ նստածներից շատերը բացակայում են, նրանցից ոմանք էլ գործից անտեղյակ լինելով՝ ոչ տեղին հարցեր են տալիս, ինչպես, օրինակ, Արաս Օզբիլիսի հետ կապված` չիմանալով, որ նա վնասվածքի պատճառով 10 օր չի մարզվել: Հնարավոր չէ՞, պետական կառավարման մարմինների օրինակով մեկ տարով հավատարմագրել հատկապես մարզական լրագրողներին, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Հիմա դրան դեմ եմ: Դուք գիտե՞ք, թե հավաքականի խաղերի ժամանակ քանի հայտ ենք ստանում: 300-ից 400: Եվ գիտե՞ք, թե ինչի համար: Մեծամասամբ` ձրի ֆուտբոլ նայելու: Իսկ Հայաստանի առաջնություններին քանի՞ լրագրող է ստադիոն գալիս, քանի՞սն են մշտապես լուսաբանում մեր առաջնության հանդիպումները: Ամենաշատը` 30 լրագրող: Ստադիոնում լրագրողներին հատկացված տեղերն իսկապես սահմանափակ են: Եվ երբ ստիպված ես լինում ոմանց հայտերը մերժել, ասում են, թե Ռուբեն Հայրապետյանը դեմ է խոսքի ազատությանը ու էլի շատ բաներ: Այ, դեկտեմբերին, երբ մրցաշրջանը կամփոփենք, այդ ժամանակ կարելի է վերլուծել, թե ովքեր են ամբողջ տարվա ընթացքում մասնակցում ֆեդերացիայի միջոցառումներին, անմիջականորեն լուսաբանում Հայաստանի առաջնությունը, իսկապես մտահոգված են ֆուտբոլով եւ նրանց հավատարմագրել հաջորդ տարվա համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ