Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆեդերիկո Մոնդելչի. «Սաքսոֆոնն ինձ համար «կին» չէ» (Տեսանյութ)

Մարտ 29,2013 15:28

Աշխարհահռչակ երաժիշտը` Երևանում կայանալիք համերգի մասին

Հայաստանի պետական կամրային նվագախմբի հոբելյանական համերգաշրջանի կապակացությամբ մարտի 30-ին  «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի մասնակցությամբ: Այս մասին այսօր` «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ներկայացնելով համերգային ծրագիրը` Ֆեդերիկո Մոնդելչին նշեց, որ երեկոն կբացվի Ալեքսանդր Գլազունովի ստեղծագործությամբ, կհնչի Նիկոլա Պիովանի, Աստոր Պիացոլա, ինչպես նաեւ` իր կողմից մշակված հայկական երաժշտություն:

Մոնդելչին նաեւ ասաց, որ ՀՊԿՆ-ի հետ նախկինում երկու անգամ համերգ է ունեցել, որից մեկը` բացօթյա: Իմպրովիզացիաներով հայտնի սաքսոֆոնահարը տեղեկացրեց, որ առաջիկա համերգի ընթացքում հավանաբար մեկ հատված կհատկացնի իմպրովիզացիային:

Ֆեդերիկո Մոնդելչին ասաց, որ Երևանում առաջին անգամ եղել է 8-9 տարի առաջ` Կոնստանտին Օրբելյանի հետ. «Մասնակցեցի փոքրիկ համերգի, որի ժամանակ ելույթ ունեցավ դուդուկահարների խումբ: Ես զարմացած էի, հաճելի էր լսել դուդուկի ձայնը: Նկատեցի, որ հանդիսատեսը լուռ լսում է, մինչդեռ Իտալիայում նման հավաքների ժամանակ մարդիկ խոսում են եւ քաոսային իրավիճակ ստեղծում: Այդտեղ հասկացա, որ հայերը լսելու մեծ ունակությամբ են օժտված»: Երաժիշտը հավելեց, որ հնարավորություն է ունեցել շրջագայել Հայաստանով. «Տեսել եմ լեռների վրայի վանքերը եւ հիացել Սևանով»:

Լրագրողի դիտարկման շուրջ, թե երբեմն երաժիշտի գործիքը փոխարինում է կնոջը, Ֆեդերիկո Մոնդելչին ասաց. «Հաճախ երաժիշտները հասնում են մի մակարդակի, երբ չեն  զանազանում գործիքը մարդուց: Բայց ինձ համար իմ գործիքը կին չէ, այլ արտահայտվելու միջոց»:

Հարցին, թե ինչ ձեռագիր է թողել Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, վերջինս կես-կատակ կես-լուրջ պատասխանեց. «Թողեք մահանամ, հետո կիմանաք: Յուրաքանչյուր մարդու ձեռագիր իր գնալուց հետո է երևում: Կարեւորը` ՀՊԿՆ-ն հպարտորեն ելույթ ունենա աշխարհի լավագույն նվագախմբերի կողքին: Մենք գնալով մոտենում ենք դրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031