Արարատ Մարտիրոսյանը ծնվել է Արտաշատի մարզի Դեղձուտ գյուղում:
«Գյուղում բոլորն իրեն լավ ճանաչում էին, շատ մարդամոտ էր ու շփվող»,- ասում է Արարատի մայրը՝ Գեղեցիկը,- իր տատի պես կատակ անել էր սիրում, իրար հետ էին կատակներ անում, գյուղի ժողովրդի հետ: Տատն ու պապն Արարատին շատ էին սիրում: Երկուսն էլ նրանից հետո նույն տարում մահացան»:
Հարազատները պատմում են, որ Արարատն ամենից շատ սիրում էր սպորտով զբաղվել, շատ մրցանակներ ու պատվոգրեր է ստացել: Նրա մեծ եղբայրը՝ Երվանդը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եւ կարատեի մարզիչ: Ֆիզիկական պարապմունքների համար Արարատը կտուրի վրա հարմարանքներ էր սարքում ու գրեթե ամեն օր ժամերով պարապում էր: «Մինչեւ իր նախատեսած ժամը չպարապեր, չէր իջնում: Առհասարակ շատ կարգապահ էր, չնայած ուսման հանդեպ այդքան էլ սեր չուներ, բայց չէր սիրում բացակայել, պարտաճանաչ ներկա էր լինում բոլոր դասերին»,- պատմում են ընտանիքի անդամները:
Կարդացեք նաև
«Մի օր էլ պապուն աստիճանով կտուր բարձրացրեց, թե՝ արի իրար հետ պարապենք: Հետո ինքն իջավ, աստիճանը տարավ ու խեղճ պապը վերեւում մնաց: Այ էս տեսակ կատակներ էր սիրում անել»,- ասում է Արարատի մայրը՝ կարոտով ժպտալով:
Արարատի ընտանիքն արմատներով Մուշից է: Պապն ու տատը Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել են, եկել եւ հաստատվել են Արտաշատում: Գեղեցիկը պատմում է, որ Դեղձուտ գյուղում շատ կան մշեցիներ, սասունցիներ: Արարատի բոլոր հարազատները նշում են, որ նա շատ էր սիրում իր ծննդավայրը: «Ինքը շատ էր կապված գյուղի հետ: Ասում էր՝ մամ ջան, գյուղի քարն էլ կարոտել եմ: Հարեւաններն իրան շատ էին սիրում: Բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել, բոլորի հետ կատակներ էր անում: Մի հարեւան ունեինք, ամեն մարդու չէր սիրում, բայց Արոյիս շատ էր սիրում: Արոյի մահվան մասին որ իմացավ, շատ ծանր էր տանում, տասն օրից հետո էլ ինքը մահացավ»,- պատմում է մայրը:
Զինծառայությունն ավարտելուց հետո Արարատը մտադիր էր ընդունվել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: «Ինքը շատ ուժեղ էր, հիմնականում ինքնուրույն էր պարապում, չէր գնում մարզիչների մոտ,- հիշում է մայրն ու ավելացնում,- գնում էր մի ամիս պարապում էր, հետո իրա հավեսով տանն էր պարապում: Դեռ 18 տարեկան չկար, մրցումների էր գնացել, պարսիկներ էին եկել, շատ ուժեղ մարզիկ կար նրանց մեջ: Էդ պարսիկին հաղթեց: Բոլորը զարմացել էին, որովհետեւ էդ պարսիկն էլ էր շատ ուժեղ»:
Արարատը միշտ մտահոգված էր ընտանիքի խնդիրներով: Մայրը պատմում է, որ իրեն օգնում էր թե՛ դաշտում, թե՛ տանը. «Օրինակ, որ ես գնում էի դաշտ, մեկ էլ տեսար, հետեւիցս կգար: Չէր թողում, որ մենակ գործ անեի, խաղողը քաղում էի, ասում էր՝ «մի կրի, ես կկրեմ», թեկուզ տանը, մի հատ ձեն էի տալիս, շուտ գալիս, օգնում էր: Ինձ շատ էր օգնում էրեխես: Քույրն ուսանող էր, մինչեւ գալիս էր, տներն էր հավաքում, Արարատը միանգամից շուտ-շուտ կարտոֆիլ էր տապակում, օգնում էր քրոջը»:
Գեղեցիկը ջերմությամբ հիշում է, թե ինչպես ամեն անգամ, հագուստ գնելիս, երկար շրջում էին Արարատի հետ տոնավաճառում. «Երվանդի եւ աղջկաս համար ինչ պետք էր լինում, տասը րոպեում առնում էինք: Արոյի համար երկու-երեք ժամ ման էինք գալիս, ընտրում էինք: Մինչեւ կոշիկը ոտքին չնստեր նորմալ, շորը չնստեր կոկիկ, տանջամահ էր անում ինձ, մինչեւ շոր էր առնում: Գյուղում բոլորը խոսում էին նրա կոկիկության մասին, դպրոց էր գնում՝ կոկիկ, սիրուն հագնված: Քույրն էր արդուկում, բայց ինքն այնպես էր պահում, ոնց որ հագած չլինի էդ շորը: Բանակ գնալուց հետո նայում եմ՝ էրեխուս շորերը չկան: Ման եմ գալիս, չեմ գտնում: Արոյիս հարցրեցի, ասեց՝ «մամ ջան, լրիվ տվել եմ մեր հարեւանի տղային, հանկարծ չխոսաս, թող հագնի իմ շորերը»:
«Ամեն ինչ արել եմ էրեխեքիս համար, ոչ մի բանի դեմ կանգ չեմ առել, կյանքս եմ դրել, գիշեր-ցերեկ աշխատել եմ: Էլ ինչքան եմ տանջվել, որ արդյունքի եմ հասցրել: Ըհը, էկավ հասավ էդ օրը, ու ես իմ էրեխուց այ սենց դատարկ մնացի»,- թախիծով ասում է Արարատի մայրը:
Գեղեցիկը հպարտ է իր զավակով ու հատուկ խնամքով պահում է բոլոր մեդալներն ու պատվոգրերը:
Արարատ Մարտիրոսյանը զոհվել է 2008թ. փետրվարի 20-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
շատ ցավալի բան է եղել,պատկերացնում եմ թէ ինչ դժվարությամբ է տարել տղայի մայրը,փաստորեն տատիկն ու պապիկն ել մահացել են ներշնչանքից:Ցանկանում եմ որ նման կորուստներ չլինեն առհասարակ: