Ամերիկաբնակ ջութակահար Մովսես Պողոսյանն արտերկրում հանդես է գալիս աշխարհահռչակ երաժիշտների հետ
Հպարտանում ենք արտերկրում ստեղծագործող հայաստանցի նախկին արվեստագետների հաջողություններով, միեւնույն ժամանակ տխրում, որ նրանք հայրենիքում չեն ու հեռացել են տարբեր պատճառներով, մասնավորաբար՝ ցուրտ ու մութ տարիներին, երբ շատերի հեռանալն իսկապես արդարացված է: Այս դեպքում խոսքը վերաբերում է ջութակահար Մովսես Պողոսյանին, երբ ժամանակին Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում սովորելիս (Լ. Զորյանի դասարան) նրա անվան դիմաց դրվում էր հրաշամանուկ բառը: Նա 1985թ. Բաքվում մասնակցելով վերջին Անդրկովկասյան մրցույթին, արժանացավ առաջին մրցանակի: Երեւանի կոնսերվատորիայում ջութակահարը ուսանեց պրոֆեսոր Վ. Մոկացյանի դասարանում, 4-րդ կուրսից տեղափոխվեց Մոսկվա՝ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ավարտեց նաեւ ասպիրանտուրան՝ Վ. Կլիմովի ղեկավարությամբ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Մովսես Պողոսյանն ասաց, որ 1990թ. Հայաստանում տիրող քաոսից հետո մշտական բնակության մեկնեց ԱՄՆ եւ դրանից հետո միայն մեկ անգամ՝ 1994թ., «Ա. Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Լ. Ճգնավորյան) հետ ելույթ ունեցավ:
Նույն համերգասրահում մարտի 29-ին ջութակահարը Ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Է. Թոփչյան) ընկերակցությամբ առաջին անգամ կհնչեցնի Վաչե Շարաֆյանի Ջութակի երկրորդ կոնցերտը: Հետաքրքրվեցինք, թե ժամանակին ինչպե՞ս Ամերիկան ընդունեց Հայաստանում հրաշամանուկ հռչակված երաժշտին: Մեր զրուցակիցն ասաց. «Նախ մանկական տարիքից դուրս եմ եկել: Եվ հետո ես այնքան տաղանդավոր երաժիշտներ եմ տեսել, որ ինձ հրաշամանուկների կամ տաղանդավորների շարքում չեմ էլ դասում, մանավանդ գիտեմ, թե ինչքան թերություններ ունեմ (ժպտում է- Ս. Դ.)»: Հետաքրքրությանը, թե ո՞րն է ամենամեծ թերությունը, ջութակահարի պատասխանը հակիրճ էր. «Սեփական անձիս հանդեպ, այդ թվում՝ նաեւ իբրեւ երաժիշտ, ունեցած ամենախիստ վերաբերմունքը»: Այնուամենայնիվ ափսոսանք չկա՞, որ երկար տարիներ Հայաստանից հեռու է ապրել:
Ավելի քան 20 տարի օտար երկրում ապրելով ու ստեղծագործելով, արվեստագետը նշեց. «Միանշանակ՝ ոչ, քանի որ առաջին հերթին ես ԱՄՆ-ում եմ ընտանիքիս հետ, մյուս կողմից՝ մենահամերգներով ու տարբեր կամերային անսամբլներով մշտապես շրջագայում եմ: Ի վերջո, իբրեւ կամերային երաժիշտ համագործակցել եմ այնպիսի քառյակների հետ, ինչպիսիք են «Տոկիոն», «Քրոնոսը» եւ աշխարհահռչակ երաժիշտներ Քիմ Քաշքաշյանի, Ռոհան դե Սարամի, Անի եւ Իդա Կադաֆյանների եւ մյուսների հետ, ելույթներ եմ ունեցել Բրանդենբուրգի ու Տորոնտոյի եւ այլ հայտնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Իսկ որ ամենակարեւորն է՝ 9-րդ տարին Լոս Անջելեսում հիմնել եմ եւ անցկացնում եմ «Դիլիջան» կամերային երաժշտության փառատոնը: Ընդ որում, այս տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում կոմպոզիտորներ Մանսուրյանի, Իսրայելյանի, Ավանեսովի եւ մյուսների՝ թվով 25 ստեղծագործողների պատվիրել ու առաջին անգամ ներկայացրել եմ նրանց ստեղծագործությունները: Նշեմ նաեւ, որ դասավանդում եմ UCLA Herb Alpert School of Music-ում ու վարում եմ վարպետության դասընթացներ տարբեր երկրներում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ