Համլետ Պետրոսյանը` ՀՀ մշակութային ժառանգության խնդիրների մասին
«Ալիևը իր գիտնականներին կանչում է եւ միլիոն տալով ասում, որ պետք է ապացուցեն, թե հայերը եկվորներ են: Այդ պատճառով տարիներ առաջ նախաձեռնեցինք Տիգրանակերտի պեղումները` առանց պետական աջակցության: Հետագայում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ այնպիսի գործ ենք արել, որ պեղումների ֆինանսավորումը պարտադիր է: Այդպես ամեն տարի շուրջ 20 միլիոն դրամ է հատկացվում աշխատանքներ իրականացնելու համար»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը:
Նա ներկայացրեց, որ Տիգրանակերտը հնագիտորեն բացված ամենամեծ քաղաքն է Կովկասում. «Ադրբեջանցիները քսան տարի աշխատել են այդտեղ, բայց այդպես էլ չեն հասկացել, որ ժայռափոր ճանապարհները ոչ թե ինչ-որ եկեղեցիներ տանող ուղիներ են, այլ ամրոցի պարսպի հետքերը: Տիգրանակերտը, որը նաեւ մշակութային կենտրոն է, ժայռի վրա է կառուցվել: Պեղումները աշխարհի գիտական հանրությանը հնարավորություն տվեցին ներկայացնել, որ մեր թվարկության առաջին դարում եղել է այդպիսի հզոր քաղաք, որի տարածքը մտել է Տիգրան Մեծի կայրության մեջ»: Պարոն Պետրոսյանը փաստեց, որ ամբողջ բնակավայրի ընդամենը 1,5 տոկոսն է պեղվել. «Մենք գտել ենք անհրաժեշտ բեկորներ, այդ թվում` հայերեն արձանագրություններ»:
Անդրադառնալով հայկական խաչքարերի պահպանության խնդրին` Համլետ Պետրոսյանն ասաց, որ վերջին տարիներին շատացել են կիսագրագետ «սիրահարված» երիտասարդները, որոնք խաչքարերի վրա մոմ վառելով եւ քարեր կպցնելով` փչացնում են դրանք: Բացի այդ, Համլետ Պետրոսյանի խոսքով, համայնքները համապատասխան վերաբերմունք չեն ցուցաբերում մշակութային ժառանգությանը. «Օրինակ, Առինջի խաչքարային դաշտում աղբահավաք կազմակերպեցինք: Սակայն մեկ ամիս հետո պատկերը կրկին նույնն էր»:
Կարդացեք նաև
Հնագետը կարծում է, որ Հայաստանի մշակութային քաղաքականության համար խնդիրներ է առաջացնում համապատասխան ռեսուրսների բացակայությունը. «Ամեն ամիս մի հուշարձան է փլվում կամ վնասվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ