Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետի գոտու զարգացման ծրագիրը Սերյոժայի կողքով է անցել

Մարտ 29,2013 14:31

Սպիտակի բնակիչ 73-ամյա Սերյոժա Պողոսյանը 1992թ.-ից մինչ օրս ապրում է վագոն տնակում՝ չնայած որ օրենքով՝ որպես 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած, պիտի տուն ստացած լիներ դեռեւս շատ տարիներ առաջ: Նշենք, որ նա ընդգրկված է եղել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների բնակհերթի ցուցակում, որում եղել է 20-րդ տեղում, հետո հայտնի չէ, թե ինչպես՝ 164-րդ տեղում է հայտնվել, այժմ էլ 38-րդ տեղում է: Սերյոժա Պողոսյանի Սպիտակի տունը եղել է Ա. Մանուկյան 1 նրբանցքում, այժմ այդ նույն տարածքում «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարաններից նրա բոլոր՝ 9 հարեւաններն իրենց տները ստացել են, իսկ Ս. Պողոսյանին ոչինչ չի հասել՝ չնայած նրա տարիքին եւ երկրորդ կարգի հաշմանդամ լինելու հանգամանքին: Մինչդեռ քաղաքացի Պողոսյանի կարգավիճակը միանգամայն համապատասխանել է «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման մասին» կառավարության թիվ 432 որոշման պահանջներին: Ըստ այդմ, արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բնակարանը, տան մի մասը) երկրաշարժի հետեւանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի: Սերյոժա Պողոսյանն այս որոշումը ձեռքին դեռ 10-15 տարի առաջվանից սկսել է պետական դռներ թակել, բայց մինչ օրս ոչ մի արդյունքի չի հասել: Աղետի գոտին զարգացման գոտու վերածվելու՝ իշխանությունների ծրագրերն էլ Պողոսյանի կողքով են անցել: Ս. Պողոսյանի պատմելով՝ 1999 թ. Սպիտակի քաղաքապետ Սուրիկ Ավետիսյանը վստահեցրել է, որ ինքն ընդգրկված է առաջնահերթ կարգով բնակարան ստացողների ցուցակում: Սակայն այդ քաղաքապետի՝ ավտովթարի պատճառով զոհվելուց հետո ամեն ինչ իրար է խառնվել: Նման խոստում է Ս. Պողոսյանին տվել նաեւ հաջորդ քաղաքապետը՝ Համլետ Սարդարյանը, սակայն խոսքն այդպես էլ գործ չի դարձել: Սերյոժա Պողոսյանը դիմել է հաջորդ քաղաքապետին՝ Վանիկ Ասատրյանին, եւ մինչ օրս դիմում է ու դիմում: Ինչպես ինքն է պատմում, տարիներ ի վեր անչափահաս երեխան ձեռքին ապրել է վագոն տնակում, անմարդկային պայմաններում: Տնակը, որում այժմ էլ ապրում է Ս. Պողոսյանը, գտնվում է կիսաքանդ վիճակում, տանիքը փլված է, պատերը՝ փտած:

«Առողջությունս քայքայված է, աչքերս վիրահատել են, բայց սխալ, հիմա լավ չի տեսնում: Հիմա էլ ուզում են ձեռքիցս վերցնել տնակի հողատարածքը, ասում են՝ ապօրինաբար եմ զբաղեցրել: 1992 թվականին Լվովից եկել եմ Սպիտակ, ընդունվել եմ աշխատանքի, մնացել եմ Սպիտակի վերականգնման համար աշխատելու, մի ամսվա ընթացքում իմ հիմնարկը, որտեղ աշխատում եմ, տվել է ինձ էս վագոն-տնակը, որ մի չորս ամիս հետո ինձ տա երեք սենյականոց բնակարան»,- մեզ հետ զրույցում պատմեց Ս. Պողոսյանը: Հողատարածքի համար նա արդեն 9 տարի է՝ պարտաճանաչ վճարում է հարկերը: Պարոն Պողոսյանը ցույց տվեց մուծման փաստաթղթերը. «Այդ հողատարածքն էլ ասում են, թե արտադրամասի տարածք է, պիտի կառուցապատեն: Բայց արդեն 10 տարուց ավելի, եթե մի տարածքում ապրում ես ու հարկերն էլ պարտաճանաչ վճարում ես, արդեն օրենքով այդ տարածքը քեզ է պատկանում»:

Ս. Պողոսյանը պատմեց նաեւ, որ Լվովում որպես առեւտրի բազայի տնօրեն է աշխատել, պաշտպանության նախարարության համակարգում էլ ավագ տնտեսագետ է եղել ու պարգեւատրվել «Աշխատանքի վետերան» շքանշանով: Սերյոժա Պողոսյանը հայրենիքում նույնիսկ սեփական տանիք չի կարողանում ունենալ՝ չնայած որ ծնունդով սպիտակցի է: Երկրաշարժից հետո Ս. Պողոսյանի կինը երկու երեխաներին վերցնելով՝ ամուսնուց բաժանվել է: Հոր մոտ մնացել է երեխաներից մեկը՝ որդին, որին, սակայն, տարել են մանկատուն եւ այժմ չգիտի, թե ինչպես նրան գտնի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031