Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ցուցակին ձայն տամ, անունը ի՞նչ դնեմ». փորձագետները` Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակների մասին

Մարտ 29,2013 14:58
gimishyan

«Ինքս երկար տարիներ տեղական ինքնակառավարմամբ զբաղվելու ընթացքում  ճանաչում եմ այնպիսի անձանց, ովքեր քիչ թե շատ տիրապետում են նյութին, բայց ցուցակներում այդպիսի մարդկանց շատ չեմ տեսնում»,-Aravot.am-ի հետ զրույցում  «Համայնքների ֆինանսիստների միավորման» անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսպիսի կարծիք հայտնեց` խոսելով տարբեր քաղաքական ուժերի` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ներկայացրած ցուցակների վերաբերյալ:

Այնուհետև հավելեց. «Տեղական ինքնակառավարման էության, դերի, նշանակության ընկալումը ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության մեջ չկա: Ինչպես բժիշկը, ինժեները, դա ևս մասնագիտություն է: Բայց բոլորին թվում է, թե ով ցանկանա, կարող է քաղաքականությամբ զբաղվել: Սա ավելի լայն շրջանակների խնդիր է: Մարդիկ պիտի երկար տարիների փորձ ունենա, որ փորձեն  քաղաքը կառավարել: Երևանը կառավարել՝ նշանակում է 1 միլիոն մարդու խնդիր լուծել: Հակառակ դեպքում նշանակում է վտանգի տակ դնել այդ անձանց:  Քաղաքականությամբ զբաղվելը այնպիսի մասնագիտություն է, որ պահանջում է փորձ, ժամանակ և ավելի մեծ իմաստնություն: Օրինակ`ես ինձ երբեք թույլ չեմ տա զբաղվել մշակույթի ոլորտի խնդիրներով, կամ լուրջ կարծիք հայտնել այդ մասին: Ինչո՞ւ են իրենք իրենց դա վերապահում քաղաքականության մեջ: Խաբեություն է, ամեն մեկը փորձոմ է ինչ- որ ձևով ժողովրդի ձայնը կորզել: Իսկ եթե քաղաքական տեսանկյունից ենք նայում հարցին, ապա ավագանու ցուցակում ընդգրկվածները պետք է լինեն բանավիճող, ընդդիմացող այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում և քաղաքում: Այդ իմաստով նախևառաջ ընդդիմությունը պետք է լինի, բայց ոչ այն ընդդիմությունը, որ հռչակել են իշխանությունները: Իսկ նրանք ընդդիմություն են հռչակել ԲՀԿ-ին, Դաշնակցությանը, ՀՀՇ-ՀԱԿ-ին և «Ժառանգությանը»: Նրանցից առնվազն երեք քաղաքական ուժ ընդդիմադիր կեցվածք չունեն: Իսկ իրական ընդդիմությունը շատ քիչ է այսօր ներգրավված պայքարի մեջ: Այս իմաստով, գուցե «Ժառանգությանն» առանձնացնենք»:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանն էլ նույն հարցի վերաբերյալ ասաց հետևյալը. «Շախմատիստը, դերասանը, հայտնի երաժիշտը, գրողը, նման մարդիկ ընդգրկված են ավագանու ցուցակում: Ւհարկե, նրանք էլ են հարկավոր, բայց որ վերցնես ամբողջ ցուցակը նրանց անուններով լցնես, դա ճիշտ չէ: Համաձայն եմ, որ ավագանին պիտի զբաղվի մշակութային հարցերով, միայն սոցիալականը չէ, բայց մեկ-երկու գործչի կարելի է վերցնել, ոչ թե ամբողջ ցուցակը լցնել նրանց անուններով:  Հաստատ գիտեմ, որ այդ մարդիկ ցուցակից կհրաժարվեն: Ավագանու անդամ պիտի դառնա այն մարդը, որն ավելի խորացած է, բազմակողմանի գիտի քաղաքականություն, մշակույթ, ունի ընդհանուր պատկերացում»:

Հետաքրքրվեցինք՝ ավագանու ցուցակներում, ասենք, 20 տարեկան երիտասարդների, վարորդների, կամ մատակարարների ընդգրկումը որքանո՞վ է արդյունավետ քաղաքային խնդիրների լուծման համար: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Երիտասարդների ներգրավմանը դեմ չեմ, բայց նրանք թող լինեն այնպիսի կադրեր, որոնք փորձ ունեն: Հիմա ես գնամ այդ ցուցակին, որտեղ ընդգրկված են, ասենք, երիտասարդ մատակարարներ , ձայն տամ, անունը ի՞նչ դնեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031