Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահա՝ բերեցին Ռամիլ Սաֆարովին, հետո ի՞նչ…»

Մարտ 29,2013 14:25

Ըստ «Զերկալո»-ի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովի՝ «դա ոչինչ չի տալիս՝ բացի ցուցադրականից եւ ուռա-հայրենասերների բացականչություններից»:

– Պարոն Միրգադիրով, Ստեփանակերտի օդանավակայանի հարցում Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը բավական սուր է՝ այն դեպքում, երբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ գոյություն ունի, բացի այդ՝ այս հարցը կարծես նոր առիթ է դարձել ղարաբաղյան բանակցային գործընթացը փակուղի մտցնելու: Ինչո՞ւ է այդպիսի արձագանքի արժանանում այդ հարցը:

– Կարծում եմ՝ խնդիրը մի քանի կողմեր ունի։ Նախեւառաջ դիտարկենք այն իրավունքի տեսանկյունից, եւ այս առումով Ադրբեջանի դիրքերը շատ ամուր են։ Շատերը հաշվի չեն առնում այն, որ օդային հաղորդակցությունը կարգավորվում է միջազգային համաձայնագրերով, եւ յուրաքանչյուր միջազգային թռիչք պետք է ստանա համապատասխան միջազգային հաստատում: Այսինքն՝ խնդիրը տեսականորեն կարելի էր լուծել, եթե Ադրբեջանի ու Հայաստանի համապատասխան կառույցները կարողանային պայմանավորվել, սակայն այդ դեպքում դա Հայաստանը չի ցանկանում, քանի որ նա ԼՂ-ն համարում է անկախ պետություն, եւ համարում է, որ այդ հարցը բացառապես Հայաստանի եւ Ղարաբաղի խնդիրն է: Բայց ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը միջազգային համաձայնագրերի մասնակից են, իսկ այդ հարցը այդ դաշտում է կարգավորվում։ Իրավական դաշտում Ադրբեջանն օգտվում է դրանից, եւ կարծում եմ, որ ճիշտ է վարվում:

Հարցի մյուս կողմն այն է, թե ինչո՞ւ է նման խնդիր ծագում՝ այն դեպքում, երբ կողմերը հայտարարում են, թե շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ։ Ավելին՝ կողմերը քայլեր են իրականացնում, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը, օրինակ՝ Սաֆարովի արտահանձնումը, օդանավակայանի հարցը: Եթե Սաֆարովի դեպքը առավել ցայտուն է, եւ կարճաժամկետ կտրվածքով յուրաքանչյուր կողմ ստանում է գովազդի հնարավորություն այդ իրադարձության շուրջ, ապա օդանավակայանի խնդիրը հնարավոր է՝ առավել երկարաժամկետ կտրվածքով իրավիճակը սրի. օրինակ՝ որեւէ թռիչք կանխելու համար, ինչպես դոմինոյի սկզբունքով, կարող են ռազմական գործողություններ վերսկսվել՝ անկանխատեսելի հետեւանքներով:

Հակամարտության երկու կողմերի իշխանությունները գիտակցում են, որ իշխանությունները հոգնել են այս հակամարտությունից: Ուստի անհրաժեշտ է ցուցադրական ինչ-որ քայլեր, թե՝ «մենք կարող ենք այս քայլն անել», «կարող ենք նաեւ այսպես վարվել»… Ահա՝ բերեցին Ռամիլ Սաֆարովին, հետո ի՞նչ… Ի՞նչ է դա տալիս Ադրբեջանին… Ոչինչ չի տալիս՝ բացի ցուցադրականից եւ ուռա-հայրենասերների աջակցությունից եւ բացականչություններից:

Նույնը օդանավակայանի հարցն է. ի՞նչ է դա տալու Հայաստանին… Կարծում եմ՝ որքան գումար դրա համար ծախսվել է, այն տնտեսապես այդքան շահույթ չի էլ ապահովի՝ մինչեւ հակամարտությունը չկարգավորվի: Ենթադրենք՝ Հայաստանից շաբաթը երկու թռիչք լինի, որեւէ լուրջ, իրեն հարգող ավիաընկերություն թռիչքներ չի իրականացնի Ղարաբաղ, որովհետեւ խոշոր ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում Բաքու եւ ադրբեջանական շուկան չեն կորցնի՝ Ղարաբաղ թռիչքներ իրականացնելու պատճառով, ընդ որում՝ Ադրբեջանում միայն Բաքու չեն թռիչքներ իրականացվում, այլեւ ադրբեջանական այլ քաղաքներ եւս։ Այսինքն՝ այն դեպքում, երբ Հայաստանում ներքին թռիչքներ չկան, ասել, թե դա հումանիտար նշանակություն ունի, կարծում եմ՝ այդպես չէ, պարզապես սա էլ ցուցադրական քայլ է, որպեսզի հասարակությանը ցույց տան, թե ինչ-որ քայլ արվում է ԼՂ-ի անկախության գաղափարի իրականացման համար: Սրանք ընդամենը ցուցադրական քայլեր են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից:

– Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպի՝ ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում լույս տեսնելուց հետո լայնածավալ ճնշումների ենթարկվեց Ադրբեջանում՝ թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցների կողմից: Ադրբեջանական հասարակության կողմից այսպիսի ոչ տոլերանտ վերաբերմունքը ինչո՞վ եք բացատրում, պարոն Միրգադիրով:

– Հարցով պատասխանեմ՝ ինչպե՞ս ձեզ կընդունեն, եթե դուք հիմա հայտարարեք, թե ճանաչում եք «Խոջալուի ցեղասպանությունը»… Ի՞նչ արձագանք կլինի… Այս հարցը նույնպես տարբեր կողմեր ունի: Այդ վեպը քաղաքական ստեղծագործություն է, դա հեղինակի կողմից ուղերձ էր՝ ուղղված հայ եւ ադրբեջանցի հասարակություններին։ Բայց այդ ուղերձին ականջալուր չեղավ ոչ հայ, ոչ ադրբեջանցի հասարակությունը, ավելի ճիշտ՝ մտավորականները։

Այստեղ գալիս ենք ամենակարեւոր հարցին՝ իսկ պատրա՞ստ են լսել հասարակությունները այս կամ այն ուղերձները, կոչերը… Սա է կարեւորը: Աքրամ Այլիսլին այդ ուղերձի իրավունքը ուներ, եւ ես պաշտպանել եմ նրան, գրել եմ, որ աբսուրդ է այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական հասարակությունում՝ գրքերը այրելը եւ այլն: Բայց ակնհայտ է, որ լուրջ բանավեճ չծավալվեց այդ վեպի նպատակի շուրջ, եւ ուղերձները տեղ չհասան, հայկական կողմից արձագանք չեղավ, ադրբեջանական հասարակությունն էլ համապատասխան ձեւով դրան արձագանքեց:

– Ի՞նչ իրավիճակ է Ադրբեջանում։ Տեղյակ ենք, որ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, դժգոհություններ կան: Դրանք միայն սոցիալակա՞ն դժգոհություններ են, թե՞ նաեւ քաղաքական: Ադրբեջանում իշխանության կորստի վտանգ կա՞։

– Եթե Հայաստանում, լավ, թե վատ, գոյություն ունի քաղաքական համակարգ՝ իր խաղի կանոններով, Ադրբեջանում այդ քաղաքական համակարգը ոչնչացված է: Ֆորմալ կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են, բայց նրանք հետաքրքրասերների ակումբի մակարդակի վրա են՝ հավաքվում են, խոսում, գնում են: Իրականում նրանք քաղաքական համակարգի վրա որեւէ ազդեցություն չեն ունենում, իշխանությունը դա ոչնչացրել է, իսկ սա ամենավատ տարբերակն է, որովհետեւ նման իրավիճակում ինչ-որ բան կանխատեսել հնարավոր չէ: Կան բողոքի դրսեւորումներ, դժգոհություններ: Բայց ե՞րբ պոտենցիալ էներգիան գործողությունների կվերածվի… Դա ամբոխի ինքնակազմակերպման էներգիա է, բողոքավոր խմբեր են, որոնք դուրս են քաղաքական համակարգից: Ինչպես արաբական աշխարհում էր, դա ամբոխի հեղափոխություն էր, այլ ոչ թե քաղաքական համակարգի, պարզապես դժգոհությունը հասունացել էր, եւ հանկարծ պայթյուն տեղի ունեցավ տարբեր առիթներից: Ադրբեջանում որտե՞ղ դա տեղի կունենա եւ ինչի՞ց կսկսվի՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Պայթյուն կարող է տեղի ունենալ եւ հինգ տարի հետո, երկու ամիս անց եւ երկու օր անց:

Ադրբեջանում հասարակությունն արթնացել է, հասարակությունը հոգնել է այդպիսի կայունությունից: Դա կայունություն է նրանց համար, իրենց ստեղծած կայունությունն է՝ իրենց համար (նկատի ունի իշխանություններին): Որքան կարո՞ղ է այդպես շարունակվել… Ընդհանրապես, թե մեզ մոտ, թե ձեզ մոտ, երբ լուրջ խնդիրներ են ծագում՝ իշխանությունները սկսում են խոսել կայունությունից ու ԼՂ-ի խնդրից: Դե ինչ, դիահերձարանում եւ գերեզմանոցում ամենակայուն վիճակն է, եկեք երկիրը վերածենք գերեզմանոցի, եւ ամեն ինչ շատ կայուն կլինի… Բայց այդպես չի լինում, մարդիկ հոգնում են, որքա՞ն կարող են նույն մարդիկ իշխանության գլուխ լինել: Բոլորը ցանկանում են նորմալ ապրել: Ադրբեջանում դժգոհությունները, այո, սոցիալական բնույթ ունեն, բայց Բաքվում, օրինակ, դժգոհություններ են ծավալվում խաղաղ պայմաններում մահացած զինվորների համար: Երիտասարդությունը դուրս է գալիս փողոց. սա արդեն քաղաքական խնդիր է՝ ուղղված երկրի գլխավոր հրամանատարին, նախագահին։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031