22-ամյա Արեւ Դանիելյանը ծնունդով արցախցի է: Մանկուց նկարչության հանդեպ սեր է ունեցել: Շուշիում բնակվելու տարիներին փորձել է այդ տաղանդն ավելի խորացնել ու հաճախ մատիտով նկարել է տեսածը: Անցել է ժամանակ ու նա հասկացել է` գեղանկարչությունն իր մոտ չի ստացվում: Որոշ ժամանակ անց վրձինին փոխարինել է ֆոտոխցիկը: Արեւը հիշում է` դեռ 18 տարեկան էր, երբ ծանոթացավ Արեգ Բալյանի հետ, ով էլ օգնել է իրեն լուսանկարչության ասպարեզում. «Մի քանի ամիս հաճախեցի կուրսերի իր մոտ: Նա իմ սենսեյն էր, այսպես ասած»:
Սակայն լուսանկարչությունը Արեւի հիմնական մասնագիտությունը չէ: Ավարտել է Արցախի պետական համալսարանը: Դրանից հետո մոտ մեկ տարի աշխատել է որպես իրավաբան, բայց այդպես էլ չի սիրել մասնագիտությունը եւ դուրս եկել աշխատանքից: Ասում է` դա իր կյանքի ամենասխալ ընտրությունն էր. «Ավարտելուցս մի քանի ամիս անց աշխտանքի հրավիրեցին Արցախի «Նարեկացի» արվեստի միություն եւ մինչեւ հիմա աշխատում եմ այնտեղ որպես լուսանկարիչ: Ինձ լիովին նվիրել եմ արվեստին»:
Արեւը նկարում է այն ամենը, ինչն իր կարծիքով գեղեցիկ է: Արցախի հրաշք բնությունը եւս ֆոտոխցիկի օբյեկտիվի կենտրոնում է: Իր խոսքով` անհնար է այդ բնությունը չնկարելը: Պորտրետներ անել ամենաշատն է սիրում:
Այս չորս տարիների ընթացքում Արեւի ամենամեծ ձեռքբերումը ստացված կադրերն են եղել, իսկ դրանք շատ չեն:
«Առանց լուսանկարչության իմ կյանքը չեմ պատկերացնում: Իմ ապրելակերպն է այն»,-ասում է նա:
Լուսնկարչուհին մանկուց դաշնամուր է նվագում: Սիրում է նաեւ կարուձեւը, սակայն ասում է` ֆոտոխցիկը իր վերջնական ընտրությունն է: Իսկ լավ լուսանկարիչ դառնալու համար, ըստ Արեւի, պետք է ցանկություն, նպատակ, շրջապատող աշխարհը գնահատելու ունակություն:
Լուսնակարների հեղինակ` Արեւ Դանիելյան
Արամ Արարատյան