Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ամիս հետո կասեմ, որ սիրում եմ, միայն թե նա ինձանից առաջ չընկնի». Էմմայի գաղտնիքը բացահայտման շեմին է

Մարտ 29,2013 14:13

Երբ աղջկա աչքերը փայլում են, միշտ էլ գտնվում է մեկը, ով հարցնում է՝ սիրահարվե՞լ ես. «Այս հարցը վերջին շրջանում ամենահաճախն են ինձ տալիս, բայց ես միշտ ստում եմ, ասելով՝  չէ’», – անկեղծանում է 19-ամյա Էմման: Ստելու պատճառը մեկն է՝ դեռ չի ուզում իր գեղեցիկ գաղտնիքը բացահայտել, բայց «Առավոտ երիտասարդականին» որոշել է ամեն ինչ պատմել: «Ուղիղ մեկ ամիս առաջ էր դասի ընթացքում մի տղա շփոթված մտավ լսարան և խնդրեց, որ որևէ մեկս գրիչ տանք իրեն, հետո պարզվեց քննության է շտապում: Ձեռքիս իմ ամենասիրելի գրիչն էր (որով անգամ ինքս էի ափսոսում գրեի, որ չվերջանա միջուկը) 🙂 բայց չհասկացա թե ինչպես ասացի՝ վերցրեք ու ավելացրեցի՝ բայց այս ժամից հետո անպայման վերադարձրեք», – պատմում է Էմման: Այդ օրը գրիչը չվերադարձավ իր տիրոջ մոտ, չվերադարձավ նաև հաջորդ մի քանի օրերին. «Ամեն անգամ, երբ տեսնում էի նրան, բարևում էր, ու ներողություն խնդրում ասելով՝ էլի մոռացա գրիչդ բերեմ, իսկ ես պատասխանում էի՝ վաղը անպայման կբերես լա՞վ, այդ գրիչը նվեր եմ ստացել, շատ եմ սիրում», – պատմում է Էմման: Հենց այդ օրերից էլ սկսվեց ամեն ինչ, Էմմայի խոսքով՝ արդեն մոռացել էր գրիչը ետ վերադարձնելու մասին, գրիչն արդեն ուղղակի պատճառ էր ամեն օր բարևելու ու միմյանց ժպտալու համար: «Արդեն սկսել էի չհասկանալ ինքս ինձ, տարօրինակ բան էր կատարվում հետս, երբ նրան էի տեսնում, – ասում է Էմման, – բայց միշտ փորձում էի թաքցնել զգացմունքներս, չէի կարողանում նրան նայել»: Ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ ավելի ջերմ ու սիրառատ դարձավ, բարևին արդեն հաջորդում են երկար զրույցները: Գրիչն արդեն մոռացվել է երկուսի համար էլ, ավելի հետաքրքիր թեմաներ են առաջանում խոսելիս: «Ճիշտն ասած, ինձ թվում է նա ևս անտարբեր չէ իմ հանդեպ, ուղղակի դեռ ինձ ոչինչ չի ուզում ասել», – անկեղծանում է Էմման: Նա չի ասում ոչինչ, ուրեմն ինքը կասի… Էմման որոշել է մեկ ամիս անց, ճիշտ այս օրը բարձրաձայնել իր զգացմունքների մասին. «Մեկ ամիս հետո՝ ապրիլի 29-ին, կասեմ, որ սիրում եմ, միայն թե նա ինձանից առաջ չընկնի», – ծիծաղում է Էմման. նա վստահ է՝ սա երբևէ ունեցած իր ամենագեղեցիկ գաղտնիքն է կամ ինչպես ինքն է ասում՝ կիսագաղտնիքը, որն արդեն բացահայտման շեմին է:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031