Լրահոս
Օրվա լրահոսը

Դավադրությունների եւ «ականջների» տեսություն

Մարտ 29,2013 14:00

Քաղաքական եւ, հետեւաբար, լրատվական դաշտի բոլոր խարդավանքները հասկանալ չափազանց դժվար է՝ հատուկ տաղանդ է պետք, որը ես չունեմ: Բայց զանազան բանակների եւ ճամբարների մեջ իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում երկուսը: Առաջինը կենտրոնացել է «երիտօլիգարխների» վրա, որոնց նպատակն է, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը լավն է, իսկ նրա շրջապատի մի մասը՝ վատը, իսկ լավը շրջապատի հենց այն հատվածն է, որը եւ ներկայացված է «երիտօլիգարխներով»: Ըստ այդ տեսակետի՝ կան լրատվամիջոցներ, որոնք քարոզում են հենց այդ մոտեցումը, եւ ցանկացած սկզբունքային, արդար մարդու սրբազան պարտքն է այդ դավադրությունը բացահայտելը: Նրանց մատուցմամբ՝ այդ դավադրության մասն է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իրականում է «ախք» է, «հաճախորդ» է ու «դհոլ»: Այդ հարձակումների թիրախը հանդիսացող ուժերն ու լրատվամիջոցները, ի պատասխան՝ կարծիք են հայտնում, որ նման քարոզչությունը կազմակերպվում է մի կենտրոնից, եւ այդ կենտրոնի հետեւում երեւում են առաջին, երկրորդ նախագահի, ԲՀԿ-ի, ինչպես նաեւ ռուսական իմպերիալիզմի «ականջները»: Լեւոնա-քոչարյանական ուժերի նպատակն է, ըստ հակադիր ճամբարի, վարկաբեկել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «վերատիրանալ» ընդդիմադիր ընտրազանգվածին:

Որն է այստեղ սուտ, որն է ճիշտ, ինչն է չափազանցություն կամ անհարկի ընդհանրացում, իսկ ինչը՝ փաստերի արձանագրում, կրկնեմ՝ դժվարանում եմ ասել: Հավանաբար, թացն ու չորն այստեղ այնքան են խառնված՝ քարոզչական միավորներ ձեռք բերելու նպատակով, որ պետք է ամեն օր եփվես խարդավանքների այս կաթսայի մեջ՝ հասկանալու համար, թե ով ինչ մոտիվներով է ղեկավարվում: Այդքանով հանդերձ՝ ինձ համար միշտ էլ տհաճ էր, որ մարդիկ անընդհատ իրար կասկածում են, դավադրություններ են փնտրում եւ ականջներ են հայտնաբերում: Իսկ լրատվական մակարդակում այդ խոսակցությունները՝ «ես անկախ եմ, դու անկախ չես», «դու վերահսկվում ես, ես չեմ վերահսկվում»՝ բավականին զավեշտալի են:

Իրականում բոլոր ուժերը, ինչպես էլ նրանց անվանես՝ «առաջադիմական» կամ «հետադիմական» սերժականներ, «լեւոնա-քոչարյանականներ», թե «րաֆֆիականներ»՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ այդպես շարունակել (նկատի ունեմ երկրի տնտեսական եւ քաղաքական զարգացումը) այլեւս չի կարելի, դա ոչ մեկի շահերից չի բխում: Բոլոր կողմերը հասկանում են նաեւ հեղափոխական զարգացումները «արաբական սցենարով» Հայաստանում հնարավոր չեն: Կարծում եմ՝ կա նաեւ գիտակցությունը, որ միահեծան, մենաշնորհային իշխանության ժամանակն արդեն անցել է՝ այն այլեւս էֆեկտիվ չէ: Մնում է մի բան՝ ավելի քիչ իրար անիմաստ կծմծել եւ ավելի արագ իրար հետ պայմանավորվել, ցանկալի է՝ «թուղթ ու գրիչով», այսինքն՝ շարադրելով ոչ թե մեղադրանքներ եւ կասկածներ, այլ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ: Իսկ դավադրությունների եւ «ականջների» հարցը կարելի է թողնել նախադպրոցական երեխաներին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ես կարծում եմ, որ Րաֆֆին վաղուց գնացած կլիներ “թուղթ ու գրիչի” փուլին, եթե կողքից նրան “շախի գցողները” չլինեին: Երեխային էլ պարզ է, որ “բարև”-ի ճամբարից արվում են հայտարարություններ, որոնք այրում են հնարավոր կամուրջները: Երկրի նախագահին հրապարակ կամ սրճարան կանչելը` երկրի վիճակը քննարկելու, ի սկզբանե մերժման հավակնող և անիրատես քայլ է: Կասեի նույնիսկ վիրավորական` երկրի համար: Ի վերջո խնդրո առարկան բանակցության տեղը չի, այլ բուն թեման, իսկ Րաֆֆին չգիտես ինչու սևեռվել է տեղի վրա: Քանի դեռ կամուրջները լիովին այրված չեն, Րաֆֆին պետք է իր մեջ ուժ գտնի գնալ ցիվիլ բանակցությունների: Սա այն դեպքում իհարկե, եթե Րաֆֆին իրոք անկեղծորեն ձգտում է ժողովրդի սոցիալական և տնտեսական վիճակը բարելավել: Իսկ եթե իրական թիրախը ՀՀ ԱՐՏԱՔԻՆ քաղաքականության ղեկի տնօրինումն է, իսկ ժողովրդի իսկապես ծանր վիճակը` շահարկման թեմա և բուն նպատակին հասնելու առավել հարմար գործիք, ապա նա ավելի լավ է հեռանա…
    Այս առումով այնուամենայնիվ ես “ականջներ” նշմարում եմ: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է` հիմնված մինչ օրս կատարված քայլերի վերլուծությանս վրա:

  2. Հայկ says:

    Դատելով մեր երկրի վերջին 20 տարվա զարգացումներից, կարծում եմ, որ նախկին ԽՍՀՄ-ը դեռևս հոգեվարքի մեջ է: Այդ հոգեվարք ապրող հսկայի ձեռքից ազատվել է ընդամենը Մերձբալթիկան, իսկ մնացած հետխորհրդային տարածքը դեռևս չի կարողանում ազատագրվել և հնարավոր է՝ չկարողանա էլ երբևէ ազատ ապրել, որովհետև հսկան կարող է նորից կազդուրվել: Այս պարագայում երբևէ չի կարող լինել ոչ ընտրություն և ոչ էլ զարգացում: Միամիտ ենք երևի,երբ կարծում ենք, թե հնարավոր է առանց արտաքին ազդակներից ազատվելու որևէ արդյունքի հասնել: Մենք պիտի կողմնորոշում ունենանք միայն դեպի Հայրենիք և ոչ թե դեպի Ռուսաստան կամ դեպի Եվրոպա: Իսկ րաֆֆիական, լևոնական և այլ հասկացությունները չեմ ընդունում: Դժբախտ ենք մենք, եթե ինչ-որ «ական»-ներով ենք տարբերվում իրարից: Եթե իմ ձեռքին իշխանություն լիներ, ես կարգելեի բոլոր կուսակցություններն անխտիր: Երկրի բախտի վրա քար գցողները կուսակցությունների մի մասը դարձրել են ինքնանպատակ գործող կառույցներ, իսկ պետք է հասկանալ, որ կուսակցություններն ընդամենը միջոց են նպատակին հասնելու համար (նվազագույնը պետք է այնպես անել, որ ԱԺ ընտրություններում ասենք 7 տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցությունները պարտադիր կարգով լուծարվեն և այլևս իրավունք չունենան հանդես գալ հրապարակի վրա)
    Այս ամենով հանդերձ շատերը նստել և քննադատելով Րաֆֆիին ծիծաղում են մեր ձայնի և մեր բախտի վրա: Այդ քննադատողներին կարելի է հարցնել, իսկ դուք ի՞նչ կանեիք նրա փոխարեն…Մարդն այս փակուղուց փորձում է ինչ որ ձևով ելքեր որոնել, եթե ուզում եք օգնել դեմոկրատիայի գործին, ապա լավագույն դեպքում լռեք և սպասեք տեսնելու թե ինչ լուծում կտրվի այս վիճակին: Իսկ եթե քննադատում եք՝ հնարավոր է պատվեր եք կատարում…

    • Հրանտ Պապիկյան says:

      Հարգելի Հայկ, դեմոկրատիայից եք խոսում, բայց այլակարծիք մարդկանց ձգտում եք լռեցնել, կամ պատվեր կատարող եք պիտակում: Նման “դեմոկրատիայի” “գործին” ոչ թե օգնել եմ ուզում, այլ մի բան էլ խանգարել:
      Հա, հենց ե’ս, քննադատում եմ ազատության հրապարակում գնալով ավելի հաճախ տեղ գտնող անհասկանալի և ոչ տրամաբանական երևույթները: Ինչպես կասեր Րաֆֆին` իմ կարծիքը ևս գոյություն ունենալու իրավունք ունի…
      Իսկ ինչ կանեի նրա փոխարեն, դա երկար կստացվի, բայց հաստատ ես էն մարդկանցից չեմ, որ մեկին կուռք են սարքում, հետո էլ այդ կուռքի ցանկացած` նույնիսկ ծայրահեղ անտրամաբանական սխալ մեկնաբանում են “ինքը գիտի ինչ ա անում” ծիծաղելի արտահայտությամբ:

  3. Tigran says:

    Հայկին-մեր պրոբլեմները ոչ թե կուսակցութըունների առկայությունից են,այլ դրանց չկայացած լինելուց;Թե չե Աֆղանստանում և Սոմալիում կուսակցություններ չկան…Իսկ ինչ վերաբերվում է Րաֆֆուն,ապա նա ոչ թե -շախ տվողներին-է հետեվում,այլ զգուշանում է իշխանությունների իմիտացիոն քայլերից,որոնց նպատակը ոչ թե իրական փոփոխություններն են լինելու,այլ շարժումը մաշեցնելը;

  4. Հայկ says:

    Բռնակալների հին հնարներից է ժողովրդի մի մասն օգտագործել մյուս մասին հնազանդեցնելու համար: Թոմաս Ջեֆերսոն

    Հարգելի Հրանտ Պապիկյան՝ սիրելի հայրենակից, իմ եզրահանգումը միայն Ձեր քննադատության մասին չէ, այլ բոլորի: Բայց եթե Դուք Ձեր վրա եք վերցնում դրանք, որը տրամաբանական է, ապա թույլ տվեք նկատել, որ Դուք չպատասխանեցիք հարցին, թե ինչ կանեիք Դուք, եթե այս իրավիճակում լինեիք Րաֆֆիի տեղը: Իսկ դեմոկրատիայի կարևոր բաղադրիչներից է «Լռությունը ոսկի է» ժողովրդական խոսքը: Ոչ ոք Ձեզ լռեցնելու փորձ չի անում և դրա իրավունքը կամ հնարավորությունը չունի:
    Եվ՝ չսպասենք թե աշխարհը լուսավոր կերևա, եթե մենք չենք հանում մեր սև ակնոցները…

    • Հրանտ Պապիկյան says:

      Հայկ ջան, ես առաջին անգամ եմ լսում, որ լռությունը դեմոկրատիայի բաղադրիչ է: Միշտ հավատացած եմ եղել, որ ճիշտ հակառակն է: Լռության մեջ իհարկե հեշտ է հանճարեղ լինել… հակաճառող չկա, ուրեմն ճի՞շտ ես:
      Ձեր հարցին պատասխանեմ. նախ ես երբեք ինձ չեմ դնում փակուղիների մեջ և չեմ այրում ետդարձի կամուրջները, քանի որ ես ինձ երբեք ամենախելոքը և ամենաանսխալականը չեմ համարում: Սխալվելիս էլ, տղամարդկություն եմ գտնում մեջս խոստովանել այդ: Իհարկե առաջին հերթին փորձում եմ չսխալվել: Իսկ Րաֆֆին ինքն է իրեն դրել փակուղու մեջ: Նա լուրջ հնարավորություններ ուներ իր հավաքած հսկայական քվեների դիրքից իրական մասնակցություն ունենար երկրում կոնկրետ բարեփոխումների առաջարկներ անելու և դրանց իրագործմանը հետամուտ լինելու, և դա նրան առաջարկվել էր: Բայց նա ընտրեց “ամեն ինչ կամ ոչինչ” ճանապարհը, որը երբեմն հենց “ոչինչ”-ի է բերում: Քանի որ ժողովրդական ասացվածքներ եք սիրում, մի հատ էլ ես ասեմ` “մարդ որ դարդ չի ունենում, ականջը կտրում, իրա համար դարդ ա սարքում”…
      Այնպես որ ես ինձ դժվարությամբ եմ Րաֆֆիի ներկա վիճակում պատկերացնում, որ մտածեմ ինչ կանեի… ԿՍԱՓՐՎԵԻ երևի…
      Համ էլ ինքը ձևը գտել է: Այսօր նա իր հացադուլի անունը փոխեց, ասեց`”ԾՈՄ”, որը իհարկե պահքի հետ պետք է ավարտվի: Ինչ ասեմ, Ամերիկայում մեծացած մարդը կարող է և չգիտակցել Հայաստանում մարդու բերանից դուրս եկած խոսքի ԳԻՆԸ”’

  5. Galust Yenokyan says:

    Հարգելի Հրանտ Պապիկյան, Ձեր կարծիքով Երկրի Նախագահին «լայաղ» չէ «սոված» ընդդիմադիրին որից ինքը գրպանահատության միջոցով «թռցրել» է ընտէությունները հանդիպել գոնե մի սրճարանում: Շվեդիայի Պրեմիեր Մինիստր Պալմէն կնոջ հետ կինոթատրոն էր գնում սովորական քաղաքացու նման իսկ մեր «աղան» … Ինքը կարծեմ երազների աշխարհում է , դուք երեվի տեսած կլինեք նրա լուսանկարները Անգլիայի թագուհու հետ, որը կազմակերպել էր Արմեն Սարգսյանը… Ձեզ այդ նկարները ոչինչ չեն հուշում թե ում հետ գործ ունենեք… սովորական կոմսոմոլ տղեն հանկարծակի «օսօբօ պրիբլիժոննի կ իմպրատորու»… չքիտէս խնդաս թե լաս… եվ Ձեզ նման մոտեցումը հարցին դուր է գալիս…

    • Հրանտ Պապիկյան says:

      Գիտեք ինչ,Ձեր որակումներից ելնելով, չէի ուզում պատասխանել, բայց քանի որ անձամբ ինձ եք դիմում` ասեմ: ՈՉ’, “լայաղ” չի, և ոչ թե նախագահին, այլ առաջին հերթին ինձ և Ձեզ վայել չի, որ մեր երկրի նախագահին սրճարաններում “ստրելկաներ” նշանակեն կամ “բազարի” կանչեն: Չգիտեմ Պալմեն ում հետ է կինո գնում, բայց նախագահին կուլտուր-մասսայական միջոցառման չէին հրավիրում, այլ երկրի կարևորագույն խնդիրներ քննարկելու: Տարբերությունը ընկալու՞մ եք:Դրա համար համապատասխան վայր կա, և միա’յն այդպես… Սա Ճռտոյի դուքանը չի, այլ Հայաստանի Հանրապետությունը, որի կայացման համար արյուն ու քրտինք է թափվել: Ընդիմադիրին ոչ ոք չէր խնդրել “ծոմ” պահել, իր որոշումն է, իսկ ինչ վերաբերվում է “գողացված” ձայներին, ազնվորեն ասեմ` իմ ձայնը չեն գողացել, իր տեղում է: Մեր թաղի, շրջապատիս, ընկերներիս, ընտանիքիս ձայներն էլ են տեղում: Ուղղակի մարդիկ կան, որոնք կարծում են, որ եթե իրենք այս կերպ են մտածում, ուրեմն մնացած աշխարհը նույնպես այդ է ուզում: Այլ կարծիք ունեցողներն էլ “ծախվածներ” են և “պատվեր կատարողներ”: Դուք հավանաբար ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ բառը լավ չեք հասկանում: Ի դեպ շուտով ընտրություններ են, և Դուք շատ շուտով կհամոզվեք, թե ՁԵՐ ձայները որտեղից էին ծլել… շուտով նոր “գրպանահատներ” են ի հայտ գալու… մի քիչ համբերեք:

  6. Արմեն says:

    Րաֆֆին սոված չէ…. այդքան սոված մարդը հիմա պիտի անկողնում լիներ:

    Լավ էլի հերիք է…..

  7. Ruben says:

    Ռուսաստանում կա օրենք, որի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, համարվում են օտարերկրյա գործակալներ:
    Օրենքի համաձայն` ՀԿ-ները, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, և ստանում են արտաքին ֆինանսավորում, պետք է պաշտոնապես գրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ:
    ՀՀ-ում դա հնարավո՞ր է, թէ՞ բոլորն էլ օտարերկրյա գործակալներ են:

  8. Galust Yenokyan says:

    Հարգելի Հրանտ Պապիկյան, նախ շնորհակալ եմ ընտրությունների վերաբերյալ ինձ տված դասի համար, թեւ ես մի փոքր այլ կերպ եմ պատկերացնում պետության դերը ընտրություններում…
    Շատուրախ եմ որ դուք Նախագահի նվիրված «հաճախորդներից» եք եվ թերեվս օգտվում եք նրա կողմից հովանավորվող «կերակրատաշտից»… Ես իհարկե ավելի ուրախ կլինեի որ նախագահը իր նստավայրի պատիվը բարձր պահելու համար իր ժողվրդի միւոս մեծ մասին ել հնարավորություն տար ձեր նման ընտրյալների հետ «կերակրատաշտից» ոգտվել…
    Եթէ համարում եք որ Նախագահը «ստրելկաների» պիտի գնա միայն իր հարգելի « հաճախորդներ» Սամվել Ալեքսանյանների եվ նրա նման գողականների հետ դա իհարկե Ձեր ընտրությունն է… ես նման ընտրություններից փառք աստծո հեռու եմ… սակայն խորհդի կարգով կուզի ասել շտապեք նոր կերկրատշտ փնտրեք այլ երկրներում քանզի Ժամանակը Շատ Սուղ է Ձեր նմանների համար…
    Հարգանքներով, Գալուստ

    • Հրանտ Պապիկյան says:

      Գողացված ձայներ… ջեբկիրություն… նվիրված “հաճախորդ”… կերակրատաշտ… պնակալեզ… ծախվածներ… սրիկաներ… պատվեր կատարողներ… հանցագործ ռեժիմ… ավազակապետություն… կազմաքանդել… և իհարկե ամենաօգտագործվող բառը` ԺՈՂՈՎՈՒՐԴ… հա’, մեկ էլ “ազգընտիր” առաջնորդ, որը “գիտի թե ինչ է անում”…

      ԼԱՎ, ԷՍ ՊԼԱՍՏԻՆԿԱՅԻՑ ՔԱՆԻ ՀԱՏ ԵՆ COPY ԱՐԵԼ???

      Երբեմն ինձ թվում է, թե միևնույն մարդու հետ եմ բանավիճում` տարբեր անուններով…
      Միշտ նույն` ինստալյացիա արած բառապաշարը, փաստարկների բացակայությունը լրացրած անձնական վիրավորանքներով և պիտակներով… ՁԱՆՁՐԱԼԻ Է!!!!

  9. Galust Yenokyan says:

    Հարգելիս, կարծես ձեր ՀՀԾ ն բավարար աշխատանք չի տանում իր գործակալների հետ որ համբէրատար եւ նամոզիչ բանավեճի մեջ մտնեք… Շնորհակալ եմ որ չեք հայհոյել…
    Հարգանքներով, …

    • Հրանտ Պապիկյան says:

      Ոնց կարում ենք, այդպես էլ աշխատում ենք…))))))) (կատակ)
      բայց ճիշտն ասած ՀՀԾ-ն որն ա` չիմացա….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031